«Գրանատուսը», «Նապոլեոնը» եւ 90-ականները - Mediamax.am

«Գրանատուսը», «Նապոլեոնը» եւ 90-ականները
14285 դիտում

«Գրանատուսը», «Նապոլեոնը» եւ 90-ականները


Հաճախ թվում է, որ 90-ականները դեռ «երեկ» էին: Իրականում, չնայած անցել է ավելի քան երկու տասնամյակ, կան բաներ, որոնք հիշողության մեջ կմնան ողջ կյանքի ընթացքում:

Այսօր կպատմեմ թխվածքի «Գրանատուս» խանութի մասին, որից, կարծում եմ, երբեւէ օգտվել եք: Այն գտնվում է Մատենադարանի մոտ եւ մեր քաղաքի առաջին մասնագիտացված խանութներից մեկն էր:

1992 թվականին ընդունվեցի համալսարան ու լավ եմ հիշում հորս զուսպ ուրախությունը, երբ փողոցի տաքսոֆոնից զանգեցի տուն եւ ասացի, որ անվճար բաժին եմ ընդունվել: Հայրս եւ մայրս ճարտարագետներ էին, եւ ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր նախագծային ինստիտուտները հայտնվել էին փակման եզրին: Հայրս երբեմն մասնավոր պատվերներ էր ստանում, բայց դրանք քիչ էին եւ անկանոն:

Մի օր հայրս տուն եկավ եւ մամային ասաց. «Ռուբիկը եւ Գայան խմորեղենի խանութ են բացել, շատ ճարտարապետների ու ինժեներների կանայք թխում են այնտեղի համար, միգուցե՞ մենք էլ փորձենք»: Խոսքը ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի եւ նրա տիկնոջ մասին էր՝ իրենց շենքի նկուղում փոքրիկ խանութ էին բացել:

Որոշվեց, որ մայրս «Նապոլեոն» խմորեղեն է թխելու: Մաման շատ տարբեր խմորեղենն էր պատրաստում, եւ ենթադրում եմ, որ ընտրությունը «Նապոլեոն»-ի վրա կանգ առավ միայն այն պատճառով, որ այդ «նիշան» խանութում դեռեւս զբաղեցված չէր:

Առավոտյան «Գրանատուս» գնալիս կարելի էր ճանապարհին տեսնել «Հայպետնախագիծ» ինստիտուտի շատ նախկին եւ ներկա աշխատակիցների, որոնք տարբեր տուփերով բերում էին իրենց կանանց պատրաստած խմորեղենը: Հայրս խմորեղենի տեղափոխման համար տուփ էր պատրաստել նավթի համար նախատեսված ամերիկյան սեւ պլաստիկ «կանիստրայից»:

Խանութ պետք էր գնալ օրական երկու անգամ՝ առավոտյան «ապրանքը» հանձնել, իսկ երեկոյան ստանալ գումարը կամ ետ բերել խմորեղենը: Տիկին Գայանեն շատ ուշադիր էր հետեւում որակին եւ չէր թույլատրում չվաճառված խմորեղենը հաջորդ օրը կրկին վաճառքի դնել:

Հիմնականում հայրս էր խանութ գնում, ավելի քիչ՝ ես: Հետո այդ պարտականությունը լիովին ինձ փոխանցվեց: Այդ պատճառով մի քանի տարի շարունակ երեկոները չէի կարող ուզածիս պես ծրագրել՝ նախ պետք էր խանութ գնալ:

Հիմա դժվարանում եմ հիշել, թե որքան էր կազմում օրական հասույթը այն դեպքում, եթե ամեն ինչ վաճառված էր լինում: Կարծում եմ, «այսօրվա փողով» 5-6 հազար դրամ էր, ոչ ավելին: Սակայն պատահում էր, որ մեկ կամ երկու օր խմորեղենը չէր վաճառվում…

Այդ օրերը, սակայն, «տոն» էին դառնում ընկերներիս համար՝ վերադարձի դեպքում իրենք են խմորեղենի «հարցերը լուծում»:

1993 թվականին, երբ դրամը նոր էր շրջանառության մեջ մտել, մոտ երկու օր խանութը դոլարով առեւտուր արեց՝ մարդկանց ձեռքին դեռ հայկական դրամ չկար, ռուբլին արդեն շրջանառությունից դուրս էր եկել ու միակ տարբերակը դոլարն էր: Բավական անսովոր էր օրական հասույթը ստանալ դոլարով՝ իրականում նույն գումարն էր, բայց թվում էր, որ ավելի շատ ենք վաստակել:

Խանութ մտնելիս կարելի էր հայացք չնետել այն վաճառասեղանի վրա, որտեղ պետք է լինեին կամ չլինեին մեր «Նապոլեոնները»՝ երբ վաճառողուհին նկատում էր ինձ, նրա դեմքից միանգամից կռահում էի՝ այսօր տուն դրամով եմ վերադառնալու, թե՝ ոչ: Միշտ մեղքի որոշակի զգացում էի ունենում այն օրերին, երբ ես ստանում էի դրամը, իսկ ուրիշ մարդիկ՝ իրենց չվաճառված խմորեղենը:

«Գրանատուս»-ում իսկական իրարանցում էր սկսվում Ամանորի շեմին: Պատվերների թիվը կարող էր հասնել մի քանի հարյուր «Նապոլեոնի», ինչը նշանակում էր, որ պետք էր տանից խանութ օրական 5-6 անգամ գնալ՝ պատվերները մաս-մաս տանելու համար:

Բայց, իհարկե, դա ոչինչ էր՝ համեմատած մայրիկիս ամենօրյա չարչարանքի հետ: Շերտավոր խմորի պատրաստումը ֆիզիկական մեծ ջանքեր է պահանջում, եւ մաման լուռ, առանց բողոքելու, 6-7 տարի իր օրը սկսում եւ ավարտում էր «նապոլեոններով»: Մի օր էլ եկա տուն եւ ասացի. «Վերջ, մամ, էլ չես թխելու»:

Յուրահատուկ տեղ էր «Գրանատուս»-ը: Իհարկե, ճարտարապետներից ու ճարտարագետներից ոչ մեկը ուրախ չէր, որ ստիպված է խմորեղեն թխել՝ շենքեր նախագծելու փոխարեն: Բայց երբ գնում էի խանութ եւ հանդիպում էի «կոլեգաներին», զգացվում էր, որ այդ մարդիկ ներքին հպարտություն են զգում իրենց արածից՝ արդար քրտինքով ընտանիքները պահելու տարբերակ էին գտել:

Այսօր էլ, երբ պետք է խմորեղեն գնել, միշտ գնում եմ «Գրանատուս»՝ որոշակի պարտքի զգացում ունեմ այն մարդկանց հանդեպ, որոնք մինչ օրս թխում են խանութի համար:

Կուզեի, արդյո՞ք, որ այդ տարիները իմ կյանքում եղած չլինեին: Իհարկե, կուզեի, որ ծնողներս դրամ վաստակեին իրենց մասնագիտությամբ եւ մայրս իր կյանքի ծաղկուն տարիները խոհանոցում չանցկանցեր: Բայց «Գրանատուս»-ը նաեւ լավ կյանքի դպրոց էր՝ այն սովորեցրեց, թե ինչ է դրամը եւ ինչ դժվար է երբեմն այն վաստակել: Սովորեցրեց, որ պետք չէ հուսահատվել ու նվնվալ անգամ այն դեպքում, երբ թվում է, որ ամեն ինչ կորած է: Ու դրա համար շնորհակալ եմ «Գրանատուս»-ին եւ բոլոր այն մարդկանց, որոնք այնտեղ աշխատում էին եւ աշխատում են: Բայց «Նապոլեոն» այլեւս չեմ սիրում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին