Ի՞նչ են առաջարկում միջնորդները: Ոչ մի նոր բան - Mediamax.am

Ի՞նչ են առաջարկում միջնորդները: Ոչ մի նոր բան
9736 դիտում

Ի՞նչ են առաջարկում միջնորդները: Ոչ մի նոր բան


Վերջերս ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը կրկին առաջ քաշեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները

Սկսենք նրանից, որ մեզ ներկայացված են այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները, որոնք մոտավորապես այդ տեսքով ի հայտ են եկել 2007 թվականին, իսկ հանրությանը հասանելի են դարձել 2008-ին: Իրականում այդ սկզբունքներն ավելի հին են: Դեռեւս 2005 թվականին դրանք «միաձուլվեցին» Միջազգային ճգնաժամային խմբի ջանքերով` իբրեւ թե որպես ՄՃԽ-ի մտավոր ակտերի արդյունք. այդ ժամանակ հանրային կարծիքը նախապես ուսումնասիրվում էր: Եվ դեռ այն ժամանակ այդ սկզբունքները հայտնվեցին ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի քննադատության տարափի տակ: 

Ի՞նչն է մեզ համար անընդունելի այդ սկզբունքներում: Մեծ հաշվով դրանք վտանգավոր են այն պատճառով, որ հող են նախապատրաստում նոր պատերազմի համար: Անդրադառնանք դրույթներին, եւ դա ակնհայտ կդառնա:

Առաջին եւ երկրորդ կետերով առաջարկվում է համաձայնեցված եւ իրավական ուժ ունեցող կամարտահայտում ԼՂԻՄ-ի սահմաններում միջանկյալ կարգավիճակի սահմանմամբ: Մի խոսքով՝ խոսքը հանրաքվեի եւ Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման մասին է (մինչ այդ այն կունենա որոշակի միջանկյալ կարգավիճակ միջազգային երաշխիքների ներքո): Հանրաքվեի հետ կապված՝ իրավիճակը բավականին բարդ է: Հասկանալի է, որ խոսքը չի կարող լինել Ադրբեջանի ողջ տարածքում հանրաքվեի մասին (հակառակ դեպքում այդ դրույթն առհասարակ անիմաստ կլիներ): Սակայն միայն Ղարաբաղի տարածքում հանրաքվեի անցկացումը (այստեղ եւս անորոշություն կա` Ղարաբաղի ո՞ր մասը պետք է նկատի ունենալ` ԼՂԻ՞Մ-ը, ժամանակակի՞ց տարածքը: Ո՞վ պետք է քվեարկի` նրանք, ովքեր ապրել են 88-ի՞ն, թե՞ նաեւ փախստականների երեխաները) մեկ շատ մեծ խնդիր ունի: Այդ խնդրի անունն է Ադրբեջանի Սահմանադրություն: Այն արգելում է անցկացնել այդ հանրաքվեն:

Հոդված 3. Համաժողովրդական քվեարկության՝ հանրաքվեի միջոցով լուծվող հարցերը:
I. Ադրբեջանի ժողովուրդը հանրաքվեի միջոցով կարող է լուծել ցանկացած հարց, որը վերաբերում է իր իրավունքներին եւ շահերին,
II. Ներքոնշյալ հարցերը կարող են լուծվել միայն հանրաքվեի միջոցով.
1. Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրության ընդունումը եւ դրանում փոփոխությունների կատարումը;
2. Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանների փոփոխությունը:

Այսինքն՝ նախ եւ առաջ պետք է փոխել սահմանադրությունը: Իսկ դա պետք է անել հանրաքվեի միջոցով: Ադրբեջանական հանրությունը պատրա՞ստ է արդյոք իր ձեռքով փոխել  սահմանադրությունը` Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ամրագրելու համար (քանի որ ակնհայտ է՝ եթե նույնիսկ փախստականները վերադառնան, ադրբեջանցիները փոքրամասնություն կկազմեն, եթե խոսքը միայն ԼՂԻՄ-ի բնակիչների մասին է):

Դժվար թե: Իսկ Ադրբեջանի ներկայիս սահմանադրության պայմաններում փաստաթուղթ ստորագրելը բացարձակ անհեռանկարային է: Պատկերացրեք հետեւյալ իրավիճակը. հայերը դուրս են բերում զորքերը, փախստականները վերադառնում են, իսկ Ադրբեջանն ի վիճակի չի լինում լեգիտիմ հանրաքվե անցկացնել: Կամ անցկացնում է սահմանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվե, եւ դա ծայրահեղ ազգայնականների համար առիթ է դառնում տապալելու երկրի իշխանությունը. սա շատ հավանական սցենար է, որին անխուսափելիորեն կհետեւի նոր պատերազմ` մեզ համար վատթարագույն պայմաններով, ինչի մասին կխոսենք հաջորդիվ:

3-րդ եւ 4-րդ կետերը տարածքների վերադարձման (կարեւոր չէ՝ դրանք ինչպես են հիմա կոչվում` գրավված, ազատագրված , թե բուֆերային գոտի) եւ միջանցքի ձեւավորման մասին են: Նախ նշենք, որ միջնորդները միշտ «մոռանում» են, որ ԼՂԻՄ-ի տարածքի շուրջ 20%-ը գրավված է Ադրբեջանի կողմից: Տարածքների խնդիրը, անկախ պատմական համատեքստից, այն է, որ հենց այդ տարածքները են բանակի հետ միասին Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը:

Աղդամի եւ հարակից տարածքների հանձնումը միանգամից երկու լուրջ հետեւանքի կհանգեցնի.

ա. Ղարաբաղի շրջանների միջեւ կխախտվի հյուսիս-հարավ կապը,
բ. Ստեփանակերտը «կմերկանա» եւ չափազանց խոցելի կդառնա ոչ միայն ռմբակոծությունների, այլեւ հակառակորդի սրընթաց տանկային հարձակումների նկատմամբ:

Հարավային շրջանների հանձնումը.

ա. կզրկի մեզ Իրանի հետ հարթավայրային սահմանից,
բ. ամբողջությամբ «կմերկանա» Սյունիքը, որը երկու կողմերից` Նախիջեւանից ու Ադրբեջանից կհայտնվի հարվածի վտանգի տակ
գ. կտրուկ կավելանա պաշտպանության գծի երկարությունը: 

Քարվաճառի (Քելբաջար) հանձնումը Ղարաբաղին կզրկի իր ջրային ռեսուրսներից (հենց այստեղից են սկիզբ առնում ինչպես Արցախի, այնպես էլ մասամբ Հայաստանի ջրային ռեսուրսները): Բացի այդ՝ Քարվաճառը ռազմավարական տեսանկյունից այնքան շահավետ է, որ հայկական կողմին թույլ է տալիս նվազագույն ուժերով անառիկ պահելբարձունքները: Շրջանի կորուստը շատ լուրջ ճեղք կդառնա Արցախի անվտանգության համար: Սկզբունքորեն, Քարվաճառը բազմաթիվ չափանիշներով կարելի է համեմատել Հոլանի բարձունքների հետ, որոնք Իսրայելը ոչ մի պայմանով պատրաստ չէ վերադարձնել Սիրիային: Չմոռանանք, որ Քելբաջարում երկու կողմերից էլ ավելի շատ զինծառայող է զոհվել, քան բոլոր մյուս շրջաններում միասին վերցված:

Մի խոսքով՝ շրջանները հանձնելով` ստիպված կլինենք զգալիորեն ավելի շատ զորք ունենալ դրանց պաշտպանության համար եւ անցնել շրջանաձեւ պաշտպանության:

Իմ այս փաստարկներին կարող է հակադրվել այն, որ 6-րդ կետում միջնորդներն առաջարկում են անվտանգության միջազգային երաշխիքներ եւ խաղաղապահ գործողություններ:

Սկսենք նրանից, որ Ուկրաինայի, ավելի ճիշտ` Ղրիմի օրինակով մենք կարող ենք ուղիղ եթերով հետեւել, թե ինչպես են գործում անվտանգության միջազգային երաշխիքները: Ղրիմում ռուսական զորքերի առաջխաղացման վրա հակազդեցության առավել հզոր մեթոդները մինչ օրս եղել են Թվիթերում Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարների զայրացած հաղորդագրությունները: Կարծում եմ՝ հայերը պատրաստ չեն իրենց գլուխները դնել Թվիթերի հաշիվների (account) պաշտպանության տակ, նույնիսկ եթե դրանք ուժեղացվեն միջազգային կազմակերպությունների ֆեյսբուքյան էջերով:

Ինչ վերաբերում է խաղաղապահ գործողություններին, ապա միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրանք գործուն են միայն սառեցված հակամարտությունների փուլերում, ինչպես, օրինակ, Կիպրոսի դեպքում: Լուրջ հակամարտությունները գրեթե միշտ ավարտվում են խաղաղապահների ամբողջական ու աղետալի տապալմամբ, ինչը հաճախ բերում է ցեղասպանության: Կան տասնյակ օրինակներ` Սերբական Կրաինա, Դարֆուր, Կոնգո եւ այլն: Իսկ այն, որ Ադրբեջանի ներկայի իշխանությունները պատրաստ են առնվազն էթնիկական զտումների, կասկած չի հարուցում միայն միամիտների մոտ: 

Խաղաղապահների հետ կապված  եւս մեկ խնդիր կա. դժվար թե միջնորդները կարողանան պայմանավորվածություն ձեռք բերել խաղաղապահների կազմի վերաբերյալ: Անհրաժեշտ են խաղաղապահներ, որոնք կգոհացնեն թե՛ Ռուսաստանին, թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Եվրոպային: Բացի այդ՝ չպետք է մոռանալ Իրանի մասին. Իրանի համար Հայաստանի ու Ղարաբաղի հետ սահմանները միակն են, որտեղ չկա արտաքին ռազմական գործողությունների սպառնալիք: 2006 թվականին Թեհրանը հայկական թերթերից մեկի միջոցով սպառնալիք հնչեցրեց, թե սահմանում խաղաղապահներ տեղակայելու դեպքում Իրանը կվարարեցնի Արաքս գետը: Բացի դրանից՝ այդ խաղաղապահները պետք է որեւէ շարժառիթ ունենան հակամարտության թեժացման դեպքում պաշտպանելու ոչ թե իրենց, այլ խաղաղ բնակչությանը:

Եվ վերջապես փախստականների մասին: Առաջին հայացքից դրույթը միանգամայն հասկանալի է: Սակայն այլ հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ երկարատեւ հակամարտությունների դեպքում գործը գրեթե երբեք չի հասնում փախստականների վերադարձին: Բացի այդ՝ մի հետաքրքիր խնդիր էլ կա, որի մասին քիչ է խոսվում: 2010 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կիպրոսի հարցի վերաբերյալ նախադեպային որոշում կայացրեց: Կիպրոսահույներն իրենց ունեցվածքն էին պահանջում Հյուսիսային Կիպրոսից: ՄԻԵԴ-ը որոշեց, որ 35 տարվա ընթացքում սերունդը փոխվել է, կորսված սեփականությունը այս կամ այն եղանակով առնվազն մեկ անգամ անցել է ուրիշին: Եվ արդյունքում որոշեց, որ՝ «Անարդարության վերացումը չպետք է լինի նոր անարդարության գնով»:

Մի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքներն իրենցից միայն բարի մտադրություններ են ներկայացնում, որոնք չունեն իրավական լուրջ հիմք: Իսկ դրանց ուժային կիրառման դեպքում իրավիճակը շատ արագ դուրս կգա վերահսկողությունից, եւ մենք կհայտնվենք ավելի վատ իրավիճակում, քան այսօր ենք:

Սամվել Մարտիրոսյանը մեդիա փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին