Հայաստան – Էստոնիա. նույն մեկնակետը, տարբեր ճանապարհներ - Mediamax.am

Հայաստան – Էստոնիա. նույն մեկնակետը, տարբեր ճանապարհներ
14481 դիտում

Հայաստան – Էստոնիա. նույն մեկնակետը, տարբեր ճանապարհներ


Զարմանալի զուգադիպությամբ հայ լրագրողների խումբը Տալլինում հայտնվեց հենց այն պատմական օրերին, երբ Էստոնիայում փոխվում էր իշխանությունը: Անձամբ ես այդ մասին իմացա մեր այցելության միայն երկրորդ օրը, այն էլ պատահաբար. հանդիպումներից մեկի ժամանակ մեր զրուցակիցը ներողություն խնդրեց, որ ստիպված է շուտ հեռանալ, քանի որ երկրում վարչապետ է փոխվում: Ի դեպ, Էստոնիայի նոր վարչապետն ընդամենը 34 տարեկան է, նախարարների զգալի մասը հազիվ բոլորել է 40 տարեկանը, 13 նախարարներից 5-ը կին են: Նորանշանակ վարչապետին մենք չհասցրինք հանդիպել, բայց համոզված եմ, որ եթե 2-3 օր ավել մնայինք Տալլինում, հաստատ կհանդիպեինք. այդ երկրում վարչապետը եւ նախարարները լրագրողներին հանդիպում են առնվազն շաբաթը մեկ, երեքշաբթի օրերին՝ կառավարության նիստի ավարտին: Ի դեպ, հավատարմագրում չկա. երկիրը փոքր է, բոլորը իրար ճանաչում են :):

Էստոնիան այսօր Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է, միջին ամսական աշխատավարձն երկրում 1000 եվրո է, միջին կենսաթոշակը՝ 400 եվրո, գործազրկությունը՝ 5%: Այսքանով հանդերձ մի շարք էստոնացիներ նախընտրում են բախտ որոնել այլ երկրներում, հատկապես հարեւան Ֆինլանդիայում, որտեղ աշխատավարձն ավելի բարձր է, իսկ լեզուն՝ շատ նման էստոնականին: Արդյունքում երկրի բնակչությունը վերջին 20 տարում նվազել է 200 հազարով եւ այժմ մոտ 1 միլիոն 300 հազար է: Եթե հաշվի առնենք, որ Էստոնիայի տարածքը շուրջ 45 հազար քառակուսի կիլոմետր է, ապա հասկանալի է դառնում, որ այն, մեղմ ասած, այնքան էլ խիտ չի բնակեցված: Դա ունի նաեւ իր առավելությունները. մայրաքաղաքում երբեք չեն լինում խցանումներ, իսկ մեկ ծայրից մյուս ծայր կարելի է հասնել տրանսպորտով առավելագույնը կես ժամում:

Ասեմ, ինչը հավանեցի Էստոնիայում ամենաշատը՝ համեստությունն ու ինտերնետը: Նախ համեստության մասին. Էստոնիայի նախագահի նստավայրը թե արտաքուստ, թե ներքուստ համեստագույն մի շինություն է, որի կարեւորության մասին վկայում է միմիայն շքամուտքի մոտ հերթապահող պատվո պահակը: Եթե նրանք չլինեին, որեւէ բան չէր կարող հուշել մեզ, որ այդ շենքում է ապրում եւ գործում պետության առաջին դեմքը (նոմինալ): Ներսում էլ շեշտը դրված էր անտիկվար գույքի վրա. նախախորհրդային շրջանի սեղաններ, պահարաններ, աթոռներ, որոնք մեզ մոտ պատահմամբ դուրս կշպրտեին որպես անպետք հնություն: Հետագայում ոչ կառավարությունում, ոչ խորհրդարանում, ոչ էլ արտգործնախարարությունում մենք չենք տեսել ցուցադրական ճոխության նշույլ անգամ, ամեն ինչ համեստ, ճաշակով, ցանկալի է՝ հնաոճ: Ինչպես եւ աշխարհի հին քաղաքների բացարձակ մեծամասնությունը (բացառությամբ Երեւանի), Տալլինն ունի Old Town. Երկրորդ համաշխարհայինից հետո այն վերականգնվել է ավերակներից քար առ քար. այն, ինչ չէին հասցրել անել ֆաշիստական զորքերը, 1944-ին ավարտին էին հասցրել սովետական օդաչուները: Քաղաքի այդ հատվածը, ուր, ի դեպ, տեղակայված են նաեւ կառավորությունն ու խորհրդարանը, քաղաքային իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում է. թող որեւէ մեկը՝ լինի դա օլիգարխ կամ քաղաքական գործիչ, փորձի փոխել այդ շենքերից մեկի արտաքին տեսքը կամ ներքին հարդարանքը եւ կծանոթանա պետական պատժամեքենայի բոլոր հնարավորություններին: Իսկ հարկ կամ արտաքին պատշգամբ ավելացնելու մասին ավելի լավ է նույնիսկ չմտածել. ամեն ինչ պետք է մնա այնպիսին, ինչպիսին միջնադարում էր:

Այս բառերից կարող է թվալ, թե էստոնացիք խիստ ավանդապաշտ են: Ամենեւին. ինչպե՞ս կարող է ավանդապաշտ լինել մի ազգ, որ ստեղծել է հանրահայտ եւ մեզ՝ հայերիս այդքան հարազատ “Սկայպը”: Եվ այստեղ մենք մոտեցանք կապի թեմային, ավելի շուտ՝ ինտերնետի: Երբ դեռեւս Երեւանում ուսումնասիրում էի այն հյուրանոցը, որտեղ պետք է մնայի Տալլինում, զարմանքով հայտնաբերեցի, որ որեւէ հիշատակում չկա սենյակներում WiFi կապի առկայության մասին: Քանի որ ես ինտերնետագոլիկ եմ (ի՞նչ մեղքս թաքցնեմ, խոստովանում եմ:)), այդ հանգամանքը ինձ շատ մտահոգեց: Եվ ահա, այցի հենց առաջին օրը հայտնաբերեցի, որ Տալլինում ավելի դժվար է գտնել մի տեղ, որտեղ չկա WiFi, քան կա: Ինտերնետն ամենուրեք է՝ փողոցում, տրանսպորտում, խանութներում: Գուցե դա է պատճառը, որ հասարակ էստոնացիները չէին շտապում ինձ պես կլանել ավելորդ մեգաբայթերը, այլ օգտվում էին ինտերնետից ըստ անհրաժեշտության: Ասեմ նաեւ, որ էստոնացիների կարծիքով, ինտերնետը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, դրանով է նաեւ պայմանավորված այն հանգամանքը, որ այդ երկրի բնակիչները նախընտրում են ամեն ինչ անել առցանց, նույնիսկ քվեարկել. նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկողների 27%-ը քվեարկել են համացանցի միջոցով, զգալի մասը՝ արտասահմանից: Էստոնիայում համացանցն ամենուրեք է, այնպես որ զարմանալի չէ, որ էլեկտրոնային կառավարման ցուցանիշով երկիրը Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղը: Բոլոր ծառայությունները արագ թվայնացվում են. պատկերացրեք, որ երբ ձեր երեխան դպրոցում գնահատական է ստանում, դուք այդ մասին SMS եք ստանում, իսկ վարորդական իրավունքի վկայական եւ մեքենայի տեխանձնագիր չի տրվում, քանզի այդ տվյալները պարզապես ավելացվում են քաղաքացու էլեկտրոնային անձնագրին կամ պարզապես ID-ին: Կարող եմ ասել, որ Տալլինում ես վերջապես տեսա եւ հասկացա, թե ինչ է իրականում նշանակում էլ. կառավարում:):

Մի քանի բառով էլ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարի մասին: Այն չկա: Արդեն որերորդ անգամ համոզվեցի, որ եվրոպական երկրները, այդ թվում Էստոնիան, մեզ հետ ոչ մի հույս չի կապում: Փոխարենը էստոնացի պաշտոնյաների եւ սովորական քաղաքացիների շրջանում մոդայիկ է Վրաստան մեկնելը՝ հանգստանալու, հաղորդակցվելու, համեղ կերակուր փորձելու: Էստոնիան առայժմ որեւէ մտադրություն չունի Հայաստանում դեսպանատուն կամ ներկայացուցչություն բացելու, առեւտրային կապերն էլ երկու երկրների միջեւ չնչին են: Բալթյան այդ երկրում 1402 հայ է ապրում, սակայն համայնքային կյանքին մասնակցում են միայն 200-ը: Նրանց հաջողվել է 90 տարով քաղաքի կենտրոնում վարձակալել փոքրիկ բողոքական եկեղեցի եւ վերածել այն հայկականի, որտեղ էլ պարբերաբար հավաքվում են:

Ի՞նչ դուրս չեկավ: Երեւի սառնությունը. էստոնացիք սովոր չեն էմոցիոնալ բռնկումների, իսկ մենք՝ կովկասցիք, սիրում ենք ջերմ շփում:

Ամփոփեմ. ունենալով միեւնույն մեկնակետը 1991-ին՝ Էստոնիան եւ Հայաստանն ընտրեցին զարգացման տարբեր ուղիներ, մոդելներ, ինչը պայմանավորված էր զանազան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով: Հայաստանում դրանց թվում պատերազմն ու շրջափակումն էր, Էստոնիայում՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքը եւ մոտ 40% կազմող ռուս համայնքը: Այժմ՝ 23 տարի անց, ինձ հանդիպած բազմաթիվ էստոնացի երիտասարդներ տեղյակ էլ չէին, որ տարիներ առաջ իրենց երկիրն ու Հայաստանը միեւնույն պետության կազմում էին: Այսօր էստոնացի երիտասարդներին բոլորովին այլ հարցեր են հուզում, եւ որեւէ իմպերիայի քաղաքացի դառնալու մտադրություն եւ մտավախություն նրանց օրակարգում, բարեբախտաբար, չկա…

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

P.S. Շնորհակալություն եմ հայտնում Երեւանում ԵՄ Կենտրոնին ուղեւորությունը փայլուն կազմակերպելու եւ անցկացնելու համար: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին