Ղրիմը եւ Ղարաբաղը - Mediamax.am

Ղրիմը եւ Ղարաբաղը
10603 դիտում

Ղրիմը եւ Ղարաբաղը


Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման ազդեցությունը շարունակում է թեւածել հետխորհրդային տարածքում:  

Նախագահ Վլադիմիր Պուտինի այդ քայլը բացեց տարածքային վեճերի Պանդորայի արկղը: Կովկասում գլխավոր խաղացողներն այժմ վերագնահատում են` ի՞նչ է սա նշանակում չլուծված հակամարտությունների համար:  

Աբխազիայի նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարց իրենց օրակարգում չկա: Ոմանք Աբխազիայում, մասնավորապես ռուսներն ու հայերը, կարող են չհամաձայնել սրա հետ:

Այժմ հարմար պահ չէ «արթնացնել» Լեռնային Ղարաբաղի` տարածաշրջանի ամենահին եւ ամենախոշոր հակամարտության խնդիրը: Գարնան հալոցքը լեռներում հաճախ զինադադարի խախտման պատճառ է դառնում, եւ ցավով պետք է նշել, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղեկություններ են ստացվեցին երկու հայ զինվորների մահվան մասին:

Տարիների ընթացքում Ռուսաստանը տարբեր օրակարգեր եւ փոփոխվող դերակատարություն է ունեցել Ղարաբաղի հարցում` հակամարտության ընթացքում ակտիվ միջամտությունից եւ 1994 թ. զինադադարի շուրջ բանակցություններից մինչ երկարատեւ եւ բավական ներդաշնակ համագործակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու այլ միջնորդների` Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ:         

Փոխվել է արդյո՞ք դա: Մինսկի խումբն, ամենայն հավանականությամբ, կգոյատեւի` ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները վերջերս Մոսկվայում էին: Սակայն խաղաղ կարգավորում ապահովելու ԵԱՀԿ ՄԽ-ի կարողություններն այժմ առավել թուլացած են երեւում, եւ Վլադիմիր Պուտինի հաշվարկները Ղարաբաղի հարցում այժմ, հավանաբար, կտարբերվեն նրանցից, որոնք կային մի քանի ամիս առաջ, ճիշտ այնպես, ինչպես դա արվում է իր «մերձակա հարեւանության» հետ:

Ղրիմի ճգնաժամի բռնկումից հետո թե' Հայաստանը, թե' Ադրբեջանն անմիջապես կոշտացրեցին իրենց դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարեց Պուտինին` նրան ոչ լիարժեք աջակցություն ցուցաբերելով:
Չնայած դա էլ բավարար էր, որպեսզի Ուկրաինան ետ կանչեր իր դեսպանին Երեւանից: Սարգսյանն աջակցություն հայտնեց Պուտինի քայլի առաջին կեսին` Ղրիմի հանրաքվեին, բայց ոչինչ չասաց Ռուսաստանի` Ղրիմը բռնակցելու իրավունքի մասին:

Դա անելով` նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի հայերն ունեն հանրաքվեի միջոցով անջատվելու իրավունք:

Գաղտնիք չէ, որ այս ճգնաժամում Ադրբեջանը նախապատվությունը տալիս է Ուկրաինային, սակայն Բաքուն մեծամասամբ լռություն էր պահպանում` չցանկանալով առանց հիմնավոր պատճառի վիրավորել Ռուսաստանին: Նախագահ Իլհամ Ալիեւը, այնուամենայնիվ, Նովրուզի տոնակատարության ժամանակ անսովոր ագրեսիվ ելույթ ունեցավ Ղարաբաղի հարցով` ասելով, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանի այլ տարածքները «Ադրբեջանի պատմական հողերն են»:    
  
Երկու երկրների նախագահներն այս շաբաթ մասնակցեցին Հաագայում կայացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Նրանք հանդիպեցին միջնորդների, բայց ոչ միմյանց հետ: Եթե նրանք ռազմավարական հեռատեսություն ունենային, ապա կդիտարկեին Ղրիմի ճգնաժամը որպես միմյանց մոտենալու եւ Ղարաբաղի շուրջ տարաձայնությունները հարթելու հնարավորություն, այլ ոչ թե թույլ կտային, որպեսզի արտաքին ուժերի կողմից հաստատված նոր օրակարգը շահարկումների ենթարկեր իրենց:

Բայց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահությունը եւ այն կառուցելու կամքի դրսեւորումն այնքան փոքր են, որ առավել հավանական է, որ Ղրիմն ավելի շուտ  խաղաղության հասնելու եւս մեկ խոչընդոտ կդառնա:

Թոմաս դե Վաալը Կարնեգիի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին