Անվտանգություն vs ապագա՞ - Mediamax.am

Անվտանգություն vs ապագա՞
22722 դիտում

Անվտանգություն vs ապագա՞


Մենք ավելի ու ավելի հաճախ ենք հարցնում մեզ. ի՞նչ է սպասում Հայաստանին: Մենք ապրում ենք մշտական տագնապի վիճակում, որն ուժգնանում կամ մեղմանում է, սակայն երբեք ամբողջությամբ չի անհետանում:

Մի քանի ամսից կնշենք հրադադարի ստորագրման 20-ամյակը: Երկու տասնամյակ է, ինչ փակ է Թուրքիայի հետ սահմանը: 20 տարի մենք ապրում ենք Պաշարված ամրոցում, եւ ակնհայտ է, որ մոտ ապագայում մեծ փոփոխություններ չեն լինելու:

Եկեք անկեղծ խոստովանենք. ղարաբաղյան խնդրի` մեզ համար ընդունելի լուծումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանում իշխանության գան մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն խոստովանել, որ Արցախը հայկական հող է, որը երբեք չի վերադառնա Բաքվի վերահսկողության տակ: Այդպիսի մարդիկ Ադրբեջանում իշխանության երբեք չեն գա: Դե, գոնե առաջիկա 100 տարում: Հուսով եմ, բացարձակ աքսիոմ է նաեւ այն, որ Հայաստանում երբեք իշխանության չեն գա մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն Արցախը սակարկման առարկա դարձնել:   

Հասարակության գիտակցության մեջ Թուրքիայի հետ կապված իրավիճակը պակաս վտանգավոր է թվում, սակայն չարժե մոռանալ, որ 1993 թվականին Թուրքիայի 3-րդ Դաշտային բանակի զորքերը ընդհուպ մոտեցել էին Հայաստանի սահմաններին: Եվ կրկին անկեղծ լինենք` ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինեին այդ զորքերի հետագա քայլերը, եթե սահմանի մյուս կողմում տեղակայված չլինեին ռուսական ռազմաբազան եւ ռուսական կործանիչները:   

Անկախ մեր արտաքին քաղաքական համակրանքներից ու նախասիրություններից, պետք է խոստովանել, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը լուրջ գործոն է, որն ապահովում է Պաշարված ամրոցի որոշակի հանգստությունը:  

Այո, այն Ռուսաստանի, որտեղ խախտվում են մարդկանց իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները: Այո, այն Ռուսաստանի, որի մարզերում մարդիկ ապրում են տարրական կենսապայմաններից զուրկ տներում: Այո, այն Ռուսաստանի, որի ոստիկանական բաժանմունքներում խոշտանգում են անմեղ մարդկանց` պահանջելով իրենց վրա վերցնել չկատարած հանցագործության մեղքը:   

Այդ ամենը դուր գալ չի կարող: Բայց, մյուս կողմից, բոլորս հրճվում ենք (բարձրաձայն, կամ էլ հոգու խորքում), երբ լսում ենք, որ Հայաստան են բերվել С-300 կամ С-400 նոր զենիթահրթիռային համալիրներ: Ընդ որում, համաձայնենք, որ մեզ համար մեծ հաշվով կարեւոր չէ`այդ հրթիռները գտնվում են ՀՀ զինված ուժերի զորամասերի տնօրինության ներքո, թե պատկանում են ռուսական ռազմական բազային: Մեզ համար կարեւորն այն է, որ նրանք գտնվում են Հայաստանում` երաշխավորելով, որ Պաշարված ամրոցը կարող է շարունակել ապրել հարաբերական անվտանգության պայմաններում: 

Խնդիրն այն չէ` լավ է դա, թե վատ: Դա փաստ է, որը հարկավոր է ընդունել: Դա այն գինն է, որը մենք վճարում ենք Հայաստանի եւ Արցախի խաղաղության համար:

Ակնհայտ է, որ այն Հայաստանը, որում այսօր ապրում ենք, չի կարող պահպանել ուժերի հավասարակշռությունն առանց ռուսական սպառազինության, որի մի մասը տրամադրվում է անվճար, մյուս մասը` արտոնյալ գներով: 

Մյուս կողմից, պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսական ներուժը տարեցտարի շարունակելու է աճել, եւ վաղ թե ուշ կհասունանա պահը, երբ ուժերի հավասարակշռությունը կխախտվի` ոչ մեր օգտին: 2013 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը կազմել է $ 28 մլրդ, իսկ ռազմավարական արժութային պահուստները հասել են $ 50 մլրդ-ի: Նույնիսկ եթե այս թվերն ուռճացված են, հասկանալի է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Հայաստանի տնտեսությունն այդպիսի ծավալների չի կարող հասնել: 

Անհույս նկար եմ պատկերում, կասեն ձեզանից շատերը: Բայց մի՞թե այդպիսին չէ այսօրվա իրականությունը: Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշումը միանշանակ ապացուցեց այն հանգամանքը, որ իշխանությունը բացառում է այդ իրականության փոփոխման հնարավորությունը: Այդ որոշումը դարձավ այն փաստի խոստովանությունը, որ Հայաստանն ունակ չէ ապահովել իր անվտանգությունն առանց Ռուսաստանի եւ չի կարող ձեռնարկել քայլեր, որոնք դուր չեն գալիս Մոսկվային: Եվ ոչինչ, որ Շտեֆան Ֆյուլեն, Երեւան ժամանելով սեպտեմբերի սկզբին, ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ իրեն ոչինչ չէին ասել մեկ ամիս առաջ, երբ նա այցելել էր Երեւան եւ լսել էր Վիլնյուսի գագաթնաժողովում Ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու մտադրության մասին ավանդական հայտարարությունները:

Իշխանությունը փորձեց ամեն ինչ իջեցնել գռեհիկ պարզունակության մակարդակի` ասելով, թե «Եվրոպան մեզ առաջարկում է միայն արժեքներ», իսկ Ռուսաստանը` զենք: Եվ օդում կախված մնաց այն հարցը, թե այդ դեպքում ինչո՞ւ ավելի քան երեք տարի բանակցություններ էին վարվում եւ համաձայնեցվում տեքստի հազարավոր (!) էջեր: 

Այսօր,կամ գոնե վաղը, հնարավո՞ր է հրաժարվել գոյատեւման մոդելից: Առհասարակ, տեղի՞ն է արդյոք խոսել բարգավաճման մասին այն դեպքում, երբ երկիրն ապրում է «ոչ խաղաղության, ոչ պատերազմի» պայմաններում: Ինչպե՞ս հավասարակշռություն գտնել ֆիզիկական անվտանգության մասին բնական մտահոգության եւ ապագայի միջեւ: Սրանք բարդ հարցեր են, որոնք միանշանակ պատասխաններ չունեն:   

Պատասխաններից մեկը կարող է դառնալ Ռուսաստանի հետ ինտեգրման այնպիսի ձեւը, որի արդյունքում Հայաստանն ու Արցախը կընկալվեն որպես այդ երկրի բաղադրիչ մասեր, ինչը Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկացած ռազմական ոտնձգություն շատ քիչ հավանական կդարձնի: Այդ պարագայում մենք կապահովենք մեր ֆիզիկական անվտանգությունը: Բայց արդյո՞ք մենք դրանից ավելի երջանիկ կդառնանք: Տագնապի զգացումը կլքի՞ մեզ, թե՞ կուժեղանա նույնականացման մասնակի կամ ամբողջական կորստի լույսի ներքո:     

Այլընտրանք կարող է լինել Պաշարված ամրոցը պարզապես Ամրոցի փոխակերպելու փորձը: Այնպիսի Ամրոցի, որը թեկուզ եւ բացարձակ անխոցելի չի լինի (այդպիսիք ժամանակակից աշխարհում պարզապես գոյություն չունեն), բայց այնքան ուժեղ կլինի, որ այն պաշարելու գայթակղությունը տեղը կզիջի առողջ բանականությանը:

Դրա համար հարկավոր է հնարավորինս արագ սկսել փոխել Պաշարված ամրոցի միկրոկլիման` նախեւառաջ, արդարությունն ու պատժի անխուսափելիությունը բացարձակ հրամայականներ դարձնելով: Մականունով պատգամավորը, որը բարձրաձայն հայտարարում է, որ «բոլորին փաթթած ունի», պետք է հրապարակային օբստրուկցիայի ենթարկվի իր կուսակցության եւ նրա առաջնորդի (երկրի ղեկավարի) կողմից եւ զրկվի երբեւէ խորհրդարան վերադառնալու հնարավորությունից:

Երիտասարդ տղաները, որոնք «հսկում էին» թեկնածուական ատենախոսություն պաշտպանող քաղաքապետի «անդորրը»` տեսախցիկների առջեւ հայհոյելով լրագրող աղջիկներին, պետք է վտարվեն բուհից` առանց վերականգնվելու իրավունքի:

Հարկավոր է հրապարակայնորեն պոկել այն ոստիկանների ուսադիրները, ովքեր լուռ հետեւում էին այդ իրադարձություններին, եւ անհնարին դարձնել նրանց հետագա աշխատանքը իրավապահ մարմիններում:

Միայն այդպիսի միջոցառումները կարող են վերադարձնել Պաշարված ամրոցի պաշտպանների հոգու հանգստությունը:

Բայց թվում է, թե իշխանությունը մտահոգված է միայն մեկ բանով. Պաշարված ամրոցը անհրաժեշտ քանակությամբ վառոդով եւ զենքով ապահովելով: Այն մասին, որ զենք կրողները հետզհետե պակասում են, իշխանությունը, կարծես, չի մտածում:    

Երբեք չեմ սիրել համեմատականները Իսրայելի հետ` բազմաթիվ օբյեկտիվ տարբերությունների պատճառով: Բայց Իսրայելը վարվել է հենց այդպես` Պաշարված ամրոցը փոխակերպել է պարզապես Ամրոցի: Եվ հաջողության հիմնական գրավականն այն է, որ նա հարգում է իր քաղաքացիներին, այլ ոչ թե նսեմացնում է նրանց, համախմբում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող տաղանդավոր հայրենակիցներին եւ պայմաններ է ստեղծում, որպեսզի այլ երկրներում ապրող հրեաները ներդրումներ կատարեն Իսրայելում:

«Հայկական աշխարհի» հայեցակարգը, որը Հայաստանի իշխանություններն առաջ քաշեցին մի քանի տարի առաջ, չգործեց ու մոռացվեց: Ինչպե՞ս կարելի է «Հայկական աշխարհ» կառուցել, երբ հայրենիքում իշխանությունն ի զորու չէ պատժել կոռումպացված դատավորներին, խարդախ պաշտոնյաներին եւ ժողովրդի ամբարտավան «ընտրյալներին»: 

Անվտանգություն vs ապագա: Ո՞րն է ավելի կարեւոր: Հավասարակշռությունը, որքան էլ տարօրինակ է, կայանում է այդ երկու հասկացությունների ներդաշնակման մեջ: Անվտանգությունն առանց ապագայի պարզապես անհեթեթություն է: Ապագան էլ անհնար է առանց անվտանգության:

Եկեք մտածենք պրոֆեսոր Իցհակ Ադիզեսի այս խոսքերի շուրջ.

«Ինչո՞ւ է Ճապոնիան հաջողակ: Ի՞նչ կա այնտեղ: Ոչ ադամանդներ, ոչ նավթ, ոչ ոսկի` ոչինչ: Սակայն նրանք հանդիսանում են մեծ յոթնյակի անդամ: Եվ նայեք Հարավային Աֆրիկային. ոսկի, նավթ, ադամանդներ, պլատին, սակայն ի՞նչ դիրք է նա զբաղեցնում աշխարհում: Դուք գիտե՞ք, թե որքան հարուստ է Անգոլան: Նրանք զարմանահրաշ հող ունեն, ադամանդները դուրս են գալիս նրանց ականջներից, նավթ… Բայց ո՞վ է լսել Անգոլայի մասին: Ի՞նչ կա Շվեյցարիայում: Ըստ բոլոր օրենքների, Շվեյցարիան պետք է աղետի ենթարկվեր: Դուք կարո՞ղ եք պատկերացնել ֆրանսիացիներին, գերմանացիներին եւ իտալացիներին միասին մեկ երկրում: Ավելի սարսափելի բան դժվար է պատկերացնել: Բայց դա տեղի չունեցավ, քանի որ նրանք ունեն փոխօգնության եւ միմյանց տարբերությունների նկատմամբ փոխադարձ հարգանքի մշակույթ: Հենց այդ մշակույթն է նրանց հաջողության հասցրել»:    

Այո, մենք Ճապոնիան կամ Շվեյցարիան չենք: Բայց մենք դեռեւս կարող ենք համատեղել անվտանգությունն ու ապագան: Եթե դա չանենք առաջիկա 5-6 տարիների ընթացքում, ֆիզիկական անվտանգությունը կդադարի օրհասական խնդիր լինել. Պաշարված ամրոցում չափազանց քիչ մարդ կմնա` նրանց մասին հոգ տանելու համար: 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին