Նախորդ սյունակում մենք խոսեցինք իր երկիրը լքած մարդու դժվարին ճակատագրի մասին: Ես խոստացել էի անդրադառնալ այն պատճառներին, որոնք հայերին դրդում են զանգվածաբար լքել հայրենիքը:
Եկեք սկսենք այն պատճառներից, որոնք գտնվում են մակերեսին: Դա մեզ թույլ կտա մոտենալ ավելի խորքային խնդիրների քննարկմանը:
Ամենից հաճախ որպես երեք հիմնական պատճառներ մատնանշվում են մարդկանց տնտեսական վատ վիճակը, պետական կառավարման անկատարությունը եւ, որպես հետեւանք, կոռուպցիան, անօրինությունն ու տնտեսական ազատությունների սահմանափակումը, ինչպես նաեւ անձնական զարգացման համար հեռանկարների անբավարարությունը:
Թվում է, ամեն ինչ հասկանալի է: Թերեւս ոչ ամեն ինչ: Հիմնական հարցը, որ ծագում է դրա հետ կապված, հետեւյալն է. իսկ նախկինում, երբ մարդկանց արտահոսքն այնքան էլ զգալի չէր, վերոնշյալ բոլոր հանգամանքներն ավելի լա՞վն էին: Իհարկե` ոչ: Ավելին, Հայաստանում քաղաքացիական հասարակությունը վերջին տարիներին զգալի զարգացում է ապրել: Հետզհետե ամրապնդվում են պետական ինստիտուտները: Որոշ մասնագիտությունների գծով արդեն զգացվում է կադրերի անբավարարություն, այդ թվում նաեւ հեռանկարային ստարտափների միջավայրում: Ուրեմն ի՞նչ է տեղի ունենում: Ինչո՞ւ է բնակչության արտահոսքը հենց այժմ այդչափ մեծածավալ բնույթ ստացել:
Պետք է խոստովանել, որ ամեն ինչ միայն ներքին տնտեսական կամ քաղաքական պատճառներով բացատրելն այնքան էլ ճիշտ չէ: Հաճախ Հայաստանից մեկնողները նոր վայրում ավելի վատ են ապրում, քան Հայաստանում: Ինչ վերաբերում է քաղաքական պատճառներին, ապա Ռուսաստանը, ուր ուղղված է միգրանտների հիմնական հոսքը, քաղաքական ազատությունների, արդարության, կոռուպցիայի եւ օրենքի գերակայության իմաստով ոչ մի առավելություն չունի:
Հնարավոր է, իրավիճակը մի փոքր ավելի հասկանալի դառնա, եթե հաշվի առնենք, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ոչ այնքան Հայաստանում, որքան աշխարհում:
2008 թվականի ճգնաժամից հետո դրամական միջոցների հոսքը դեպի Հայաստան դադարեց (հիմնականում այն գալիս էր Ռուսաստանից): Երկրի սահմաններից դուրս աշխատողներն արդեն չէին կարող նախկինի պես շռայլորեն գումարներ ուղարկել, իսկ Հայաստանում կյանքը շարունակում էր թանկանալ: Բազմաթիվ բիզնեսներ, որոնք ավանդաբար տնօրինում էին հայերը, դադարեցին գերշահույթ ապահովել, դա հատկապես վերաբերում է շինարարությանն ու ճանապարհաշինական աշխատանքներին: Հետեւաբար, զգալիորեն ավելացավ այն մարդկանց թիվը, ովքեր ստիպված էին գոյատեւման միջոցներ որոնել:
Մյուս կողմից, Հայաստանի սահմաններից դուրս, նախեւառաջ Ռուսաստանում, ավելացավ էժան եւ որակյալ կադրերի պահանջարկը: Տեղի գործարարները պարզեցին, որ ներգաղթող աշխատուժի բոլոր հնարավոր տարբերակներից ամենալավը հայերն են` ուկրաինացիներից եւ բելառուսներից հետո, քանի որ նրանք հեշտ են ադապտացվում, անկլավներով չեն ապրում, բացասական տրամադրվածություն չեն առաջացնում տեղի բնակչության մոտ, հիմնականում վատ չեն խոսում ռուսերեն, լավ են աշխատում եւ չեն խմում:
Հայ երիտասարդների համար էլ ավելի հեշտ է դարձել կարիերային նոր հնարավորություններ գտնել արտասահմանում. նրանք պատրաստ են նույն աշխատանքը կատարել քիչ գումարի դիմաց, իսկ աշխատավարձերի տնտեսումը շատ ավելի կարեւոր է դարձել ճգնաժամի լույսի ներքո:
Այդ երկու գործոններն աշխատում են որպես լրացուցիչ «փոշեկուլ», որը մարդկանց դուրս է քաշում Հայաստանից: Բայց դրանք նույնպես ստեղծված իրավիճակի լիարժեք բացատրությունը չեն տալիս: Արտագաղթի ներկայիս ծավալը ստիպում է որոնել նաեւ այլ, ավելի հիմնավոր պատճառներ:
Հայաստանի նախագահն իր ելույթներից մեկում ասաց, որ երկրում «գաղջ մթնոլորտ» է տիրում: Նրա հետ ոչ ոք չի վիճում, բայց ո՞րն է դրա պատճառը:
Ի՞նչը կարող է ստիպել մարդուն հեռանալ իր բնականոն կենսակերպից, շրջապատից, լքել իր քաղաքը, որտեղ ծնվել ու մեծացել է, եւ մեկնել օտար երկիր: Սովորաբար այդպիսի որոշումը հանկարծակի չի ծնվում, մարդու մոտ այդ քայլը երկար է հասունանում: Մենք ունենք բազմաթիվ զգացումներ, բայց դրանցից միայն մեկն ունի ժամանակի ընթացքում կուտակվելու եւ նույնիսկ ամենապասիվ մարդկանց գործողություների դրդելու հատկություն: Դա տագնապի զգացումն է: Մարդիկ մեկնում են ոչ թե ինչ-որ բանի հետեւից, այլ` հեռանում են ինչ-որ բանից:
Ապատիան մշտապես արձագանք է վախին: Դա միակ դեղամիջոցն է տագնապից: Դա ակնհայտ է ցանկացած հոգեբանի համար: Մենք ընկնում ենք ապատիայի մեջ, երբ չենք ցանկանում զգալ, քանի որ այդ զգացումները մեզ համար կործանարար են:
Որտեղի՞ց է գալիս այդ վախը: Թերեւս, հասկանալի է` որտեղից:
Նախ, իշխանությունը կամա թե ակամա մարդկանց վախ է ներարկում գոյատեւման մարտավարությանը հետեւելով: Հայաստանը մշտապես գտնվում է գոյատեւման ռեժիմում: Գոյատեւումը նաեւ հանդիսանում է իշխանության ռազմավարությունը` այդ իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակով: Իշխանությունը պահպանելու լավագույն մեթոդը վախեցնելն է:
Երկրորդ, մեր ժողովուրդը չունի վերնախավ, չունի «ազգի հայրեր»` մարդիկ, որոնց վստահում են, որոնց հետեւից պատրաստ են գնալ: Նրանք, ում հետեւից ժողովուրդը գնացել է, բազմիցս հուսախաբ են արել նրան: Դա նույնպես խռովություն է առաջացնում հոգիներում: Մեր ազգը նման է հոտի, որը մնացել է առանց հովվի:
Երրորդ, մեր գոյությունը բավականին աննպատակ է: Մինչ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը թվում էր, թե մենք կարող ենք որոշակի բարօրության հասնել, ապրել, «ինչպես Եվրոպայում»: Բայց ճգնաժամն ամեն ինչ իր տեղը գցեց. մարդիկ դադարեցին հավատալ ապագա բարեկեցությանը: Երբ այդ նպատակը դադարեց իրատեսական թվալ, պարզվեց, որ մենք ոչ մի ուրիշ գերագույն նպատակ չունենք: Գերնպատակների բացակայությունը ազգին զրկում է կամքից, տարաձայնություններ ու օտարացում է սերմանում մարդկանց մեջ: Ամեն ինչ տանում է դեպի պայքարը նյութական հարստության համար, դեպի սնափառության տոնավաճառ, սեփական հարստության, ազդեցիկության եւ ուժի ցուցադրություն:
Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան փոքր երկրի աննպատակ գոյատեւումը մեծ եւ բարդ աշխարհում` շրջապատված թշնամիներով: Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան կյանքն առանց հույսի:
Հենց դա է հայերի զանգվածային արտագաղթի հիմնական պատճառը: Հայերը վաղուց ի վեր սովոր են ապրել օտար երկրներներում: Ավելին, նրանք պետք է սովորեն ապրել իրենց սեփական երկրում: Ինչպես պարզվել է, դա այնքան էլ հեշտ չէ: Հատկապես, երբ հույս չկա:
Ի՞նչ կարելի է անել: Բացարձակ արագ բաղադրատոմսեր չկան, թեեւ հարկավոր է գործել վճռական, քանի որ արտագաղթի ներկայիս տեմպը թույլ չի տալիս հապաղել: Հարկավոր է ստեղծել հույսի կղզյակներ, հարկավոր է ամրապնդել պետական ինստիտուտները, պայքարել քաղաքական եւ իրավական արդար համակարգի համար, ստեղծել տնտեսական ուժի այլընտրանքային կենտրոններ, օժանդակել ներգաղթին, հայերի վերադարձին: Բոլոր նրանք, ովքեր կարող են, պետք է իրենց ջանքերն ուղղեն դրան: Ես պատրաստվում եմ առաջիկայում դրան առանձին սյունակ նվիրել:
Որպեսզի համընդհանուր աղետի տպավորություն չստեղծվի եւ որպեսզի հասկանալի լինի, թե որն է մեր հույսը, պետք է նկատել, որ կա մարդկանց զգալի մի շերտ, որը չի պատրաստվում հեռանալ երկրից: Ավելին, կան մարդիկ, ովքեր ապրել են երկրում, մեկնել են, իսկ հիմա վերադառնում են: Ընդ որում` հենց հիմա, երբ գիտակցում են, որ երկիրը կանգնած է ճակատագրական խնդիրների առջեւ: Ովքե՞ր են նրանք: Ինչո՞ւ չեն վախենում: Ինչո՞ւ անտարբեր չեն եւ Հայաստանը չեն ընկալում որպես հետնապահ, որի հետ անիմաստ է կապել ապագան: Չնայած այդ մարդիկ շատ տարբեր են, եւ տարբեր են նրանց ճակատագրերը, նրանց բոլորին միավորում է այն, որ նրանք իրենց ճակատագիրը չեն տարանջատում իրենց երկրի եւ իրենց ժողովրդի ճակատագրից:
Նրանք կարեւոր ճշմարտություն են բացահայտել. մարդուն երջանիկ է դարձնում միայն ինչ-որ բանին պատկանելը, ինչը բարձր եւ կարեւոր է սեփական անձից:
Մենք բոլորս պետք է հիշենք, որ Հայաստանը բացառիկ երկիր է, որը ժառանգել է հնագույն հարուստ եւ վառ մշակույթ, որը կարող է իր վրա հենվելու ունակ ազգին տալ աճի եւ զարգացման անհավանական ներուժ եւ պարզապես երջանիկ դարձնել մարդկանց: Մենք բոլորս պետք է շատ մեծ պատասխանատվություն զգանք այդ մշակույթի պահպանման եւ զարգացման համար մեր սերունդների, ամբողջ աշխարհի առջեւ: Մենք պետք է պահպանենք մեր երկիրը, քանի որ առանց նրա մենք դատապարտված ենք: Մեզանից յուրաքանչյուրը ամեն օր պետք է մտածի այն մասին, թե այսօր ինչ քայլ է կատարել այդ ուղղությամբ:
Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: