Քաղաքական պայքարի իմաստը - Mediamax.am

Քաղաքական պայքարի իմաստը
6981 դիտում

Քաղաքական պայքարի իմաստը


Նախորդ սյունակում անդրադարձել էինք Հայաստանի քաղաքական կառուցվածքի խնդրին: Եթե դուք կարդացել եք այն, ապա, հավանաբար, ձեզ մոտ հարց առաջացավ, թե ի՞նչ կապ ունի ֆեոդալիզմը եւ առհասարակ` ինչո՞ւ որոշեցի շոշափել այդ թեման:

Բանն այն է, որ չհասկանալով երկրի քաղաքական կառուցվածքը՝ դժվար է զբաղվել քաղաքական պայքարով, այսինքն` սեփական շահերի պաշտպանությամբ քաղաքական մեխանիզմների միջոցով: Եթե հակիրճ ամփոփենք նախորդ սյունակը, ապա մեր երկրում տիրում է ֆեոդալիզմ, որին բնորոշ է ռեսուրսային տնտեսությունը, այսինքն` տնտեսական հարաբերությունների այն մոդելը, որի դեպքում հարստանում են այս կամ այն ռեսուրսները վերահսկող մարդիկ:

Ինչպես արդեն պարզեցինք, ժամանակակից ֆեոդալիզմը մարդկանց կարիքը չունի: Իսկ դա նշանակում է, որ տնտեսության զարգացումն այդպիսի երկրում անպայման տեղի կունենա առանց մարդկանց շահերը հաշվի առնելու: Կմեծանա հասարակության բեւեռացումը, հարուստների ու աղքատների տարանջատումը: Հարուստները աղքատներից կմեկուսանան բարձր պարիսպներով, ավտոմատների շաչյուններով, սպառնալիքներով եւ կամայականություններով: Մեզ՝ շարքային քաղաքացիներիս, դա, իհարկե, ձեռնտու չէ, եւ մենք ցանկանում ենք պայքարել դրա դեմ: Ինչպե՞ս: Առաջինը մտքում ծագում է ակնհայտ մի միտք՝ քաղաքական պայքարի մեթոդներով: Բայց դա անջահող գաղափար է:     

Ո՞րն է այդ պայքարի մեծ նպատակը: Փոխե՞լ իշխանությունը: Չի օգնի: Նոր իշխանությունը կծառայի նույն ճնշող տնտեսական ուժին: Իշխանությունը չի կարող իրեն հակադրել տնտեսությանը, դա նման է քամուն հակառակ թքելուն: Սալվադոր Ալյենդեի օրինակը դասական ապացույց է: Իշխանությունը, հակադրվելով տնտեսությանը, միայն կքանդի այն՝ առաջացնելով քաոս, սրելով խնդիրներն ու վտանգելով քաղաքական կայունությունը: Այդպիսի իշխանությունն անխուսափելիորեն տապալման կդատապարտվի:    

Փոխել ռեսուրսների տերերի՞ն: Կգան նոր տերեր եւ իրենց կպահեն նույն կերպ: Նրանց վարքը որոշվում է առաջին հերթին ոչ թե մարդկանց անձնական որակներով, այլ նրանց շահով՝ անձնական ու կորպորատիվ: Բացի դրանից, նրանք իրենց դիրքերը հեշտությամբ չեն զիջի: Կծավալվի դաժան պայքար, եւ հազիվ թե հնարավոր լինի խուսափել մեծաքանակ զոհերից: 

Այսպիսով, կարելի է հերթական եզրահանգման գալ. քաղաքական պայքարն իշխանափոխության համար մի երկրում, որտեղ գերիշխում է լավ կազմակերպված ու համախմբված տնտեսական ուժը, անիմաստ է: Այն ոչնչի չի հանգեցնի: Պատմության մեջ դրա օրինակները բազմաթիվ են:

Կա միայն մեկ ելք: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի տնտեսական ուժ, որը այլընտրանք կդառնա ռեսուրսային տնտեսությանը եւ կհենվի մարդկային ռեսուրսների վրա: Այդպիսի տնտեսությունը կարիք կունենա որակյալ ռեսուրսների, նրան կհետաքրքրեն մարդկանց շահերը, եւ այն կձգտի այդ շահերը ներկայացնել իշխանություններին:  

Ասեմ ավելին. ծառայելով ներկայիս տնտեսությանը՝ իշխանությունը ցանկանում է այլընտրանք ունենալ: Իշխանությունն այնպես է կառուցված, որ ցանկանում է բարձր լինել տնտեսական ուժերից, որպեսզի խաղա հակասությունների վրա եւ մանեւրելու հնարավորություն ունենա: Բացի այդ, ռեսուրսային տնտեսությունը թույլ է արտաքին սպառնալիքի առջեւ, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձություններն արաբական երկրներում. բավական է պատերազմ սանձազերծել ռեսուրսների համար եւ երկիրը կվերածվի դժոխքի:  

Երբ մեզ մոտ ի հայտ գա այլընտրանքային տնտեսություն, իմաստավորված կդառնա նաեւ քաղաքական պայքարը, քանի որ կհայտնվեն այլընտրանքային առաջնորդներ, որոնք կներկայացնեն տնտեսական նոր ուժի շահերը, եւ երկրում առաջ կգա քաղաքական ուժերի իրական հավասարակշռություն, որը կարտացոլի տնտեսական իրողությունները: Ներկայիս ընդդիմությունը հենց այն պատճառով համոզիչ չէ, որ, մեծ հաշվով, չունի ոչ մի հետաքրքրություն, բացի տվյալ ռեսուրսներին հասնելու մարդկանց անձնական ձգտումից:

Ինչպե՞ս ստեղծել նոր տնտեսություն: Ես պատրաստի բաղադրատոմսեր չունեմ, բայց ունեմ որոշ գաղափարներ: Մի շատ ճիշտ եւ կարեւոր գաղափար վերջերս արտահայտեց Արա Թադեւոսյանն իր սյունակում. «փոքր գործերի» մարտավարությունը, որը համապատասխանում է մեզանից շատերին: Պարզապես կատարել հասարակությանն անհրաժեշտ ճիշտ գործեր, այլ ոչ թե անգործ նստել: Բացի դրանից, հարկավոր է ստեղծել տնտեսության նոր մոդելում աշխատող ձեռնարկություններ, մարդկանց ըստ հետաքրքրությունների համախմբող հասարակական կազմակերպություններ, որոնել ու գտնել տեխնոլոգիապես բարդ ապրանքների արտադրության եւ արտահանման նոր հնարավորություններ: Եվ, իհարկե, ոչ ոք չի բացառում կառուցողական քաղաքական պայքարը՝ ուղղված կոնկրետ խնդիրների լուծմանը, պետական կառավարման գործընթացի կատարելագործմանը, մարդկանց կենսապայմանների բարելավմանը:

Սա դանդաղ գործընթաց է, բայց՝ անդարձելի: Այն առանց կորուստների չի լինի. շատերը կգնան՝ դադարելով հավատալ մեր երկրին: Շատերը կկոտրվեն՝ չդիմանալով միջավայրի դիմադրությանը: Շատերը մրցակցության մեջ կպարտվեն ավելի ուժեղ արտաքին դերակատարներին: Բայց, դրսեւորելով հաստատակամություն, գիտակցաբար շարժվելով առաջ, մենք կհասնենք մեր ուզածին: Մեր ազգի պատմությունը ծանոթ լինելով՝ վստահ եմ, որ դա անխուսափելի է: Կհաղթեն նրանք, ովքեր հավատում են հաղթանակին:

Արամ Փախչանյանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին