«Մե՞նք» ենք Հայաստանի ապագան - Mediamax.am

«Մե՞նք» ենք Հայաստանի ապագան
7868 դիտում

«Մե՞նք» ենք Հայաստանի ապագան


2012 թվականի ապրիլին գրել էի «Կորուսյալ սերունդ ենք, թե՞ դեռ շանս ունենք» սյունակը, իսկ նույն թվականի սեպտեմբերին`«Ուղղությունը դեպի 2018 թվական»-ը:

Ժամանակը առաջ է գնում, շատ բաներ սկսում ես նորովի ընկալել ու մեկնաբանել: Այն, ինչ 1 կամ 1,5 տարի առաջ խոստումնալից էր թվում, այսօր անիրական է դառնում: Այնպես որ, այսօրվա սյունակը երեւի կլինի այդ երկուսի միգուցե ոչ տրամաբանական, բայց շարունակությունը:

Տեղին կլինի այսօր եւս օգտագործել առաջին սյունակում օգտագործված «մենք» ընդհանրացումը` դրա ներքո միավորելով պայմանական «միջին խավը» ներկայացնող, 30-ից 40 տարեկան, ստեղծագործական կամ ոչ այնքան մասնագիտությունների տեր մարդկանց: Ռուսաստանում նրանց անվանում են «բարկացած քաղաքացիներ»:

Իրականում «մենք» շատ չենք: Կարծում եմ, մի քանի հարյուր մարդ ենք: Իսկ եթե խոսենք առավել ակտիվ զանգվածի մասին, ապա խոսքը, երեւի, 200-ից 300 մարդու մասին է: Բայց հենց այս մի քանի հարյուր մարդկանց ձեռքում է Հայաստանի ճակատագիրը:

Ի նկատի ունեմ այն մարդկանց, որոնք Հայաստանից հեռանալու մտադրություն չունեն: Հեռացողներին չեմ մեղադրում` թեեւ «բարկացած քաղաքացիներ»-ի արտագաղթը առանձին, մեծ ու ցավալի թեմա է: Պարզապես ընդունենք, որ հեռացողները այլեւս Հայաստանի հետ հույսեր չեն կապում:

Ցավոք, արդեն ակնհայտ է, որ խզումը իշխանությունների եւ հասարակության, իշխանությունների եւ «մեր» միջեւ անդառնալի է դառնում: Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, դավանում ենք տարբեր արժեքներ: Կրկնակի ցավալի է, երբ այդ խզումը վերաբերում է նաեւ իշխանության մեջի «ինտելեկտուալ թեւի» սակավաթիվ ներկայացուցիչներին: Նրանք մեզ ասում են, որ իրական փոփոխությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ երկրում ձեւավորվի դասական միջին խավ: Բայց հոգու խորքում նրանք, իհարկե, շատ լավ հասկանում են, որ միջին խավ չի կարող ձեւավորվել երկրում, որտեղ կան անձեռնմխելի մարդիկ, որոնք օրենքից վեր են: Իսկ ամենացավալին ու վտանգավորն այն է, որ հրապարակման համար չնախատեսված զրույցներում իշխանության անդամներն անկեղծորեն ընդունում են իշխանության թուլությունը: Բնական է, որ սեփական թուլությունն ընդունող (թեկուզ` ոչ հրապարակային կերպով) իշխանությունը չի կարող արդյունավետ լինել:

Նույնքան ակնհայտ է, որ ընդդիմությունը եւս «մեզ» չի գոհացնում: Որքան էլ փաստարկներ բերեն ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն (վերջինիս ընդդիմություն անվանելն, իհարկե, խիստ պայմանական է), կա մեկ պարզ ճշմարտություն` մեկ տարի առաջ նրանք հրաժարվեցին պայքարից: Իշխանությունների հետ գործարքի, թե սեփական ուժերը սթափ գնահատելու հետեւանք էր դա` այլեւս կարեւոր չէ: Րաֆֆի Հովհաննիսյանն արագորեն կորցրեց այն ռեսուրսը, որը ձեռք էր բերել այս տարվա ընտրություններում ու եւս պարզ է, որ ապագայի առաջնորդ չի դառնա:

Միակ քաղաքական գործիչը, ով գոնե ինձ մոտ հարգանք է առաջացնում, Նիկոլ Փաշինյանն է: Խնդիրը, սակայն, այն է, որ փոփոխությունների համար մեզ պետք է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի «Նիկոլ Փաշինյաններ»` մարդիկ, որոնք ունեն խելք ու  գաղափարներ, դրանք հրապարակային կերպով արտահայտելու կարողություն ու խիզախություն: Այդ դեպքում մեր ընտրությունը ավելի իրատեսական կլինի: Երբ «մենք» ընտրությունը կատարում ենք Հովիկ Աբրահամյանի կամ Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, բնական է, որ ընտրում ենք Նիկոլին` անկախ նրանից, թե ինչպես ենք գնահատում նրա նախկին ու ներկայիս գործունեությունը: Պարզապես այդ ընտրության մեջ այլընտրանք չկա: Խնդիրն այն է, որ «մենք» պետք է ընտրելու հնարավորություն ունենանք գոնե մի քանի «Նիկոլ Փաշինյանների» միջեւ: Միայն նման ընտրության դեպքում կարող է ի հայտ գալ ապագայի այդ բաղձալի առաջնորդը կամ առաջնորդների խումբը:

Ինչպե՞ս անել, որ ունենանք ոչ թե մեկ, այլ գոնե մի քանի «Նիկոլ Փաշինյաններ»: Ինչպես հասնել դրան այն պայմաններում, երբ «մենք» այլեւս ի զորու չենք հասկանալ իշխանություններին, չենք վստահում ընդդիմությանը եւ ինքներս քաղաքականությամբ զբաղվել չենք ցանկանում: Թվում է, որ այս վակուումի պայմաններում որեւէ բան անել հնարավոր չէ:

Պատրաստի բաղադրատոմսեր չունեմ եւ չեմ էլ հավակնում, որ իմ մտքերը ընդունելի կլինեն շատերի համար: Կարծում եմ, որ այս փուլում «մեր» հնարավոր քաղաքական հավակնությունների մասին չպետք է խոսենք: Չէ՞ որ իր ներքին թուլությամբ հանդերձ իշխանությունը միանգամից մոբիլիզացվում է արտաքին վտանգների առկայության դեպքում: Բնական է, որպես այլընտրանք չեմ առաջարկում ընդհատակ անցնել ու հավաքվել գաղտնի խմբակներում:

Ելքը կարող է լինել պայմանական «փոքր գործերի» քաղաքականությունը: «Մեզանից» յուրաքանչյուրը, իր հիմնական աշխատանքից բացի, կարող է նաեւ որեւէ բան անել հասարակության համար: Պետք չէ վախենալ «հասարակության համար» ամպագորգոռ թվացող արտահայտությունից: «Մեզանից» շատերը հաճախ մասնակցում են տարբեր դրամահավաքներին` օգնելով հիվանդ երեխաներին, կարիքավոր մարդկանց: Խոսքը գնում է նրա մասին, որ դա պետք է դառնա մեր կյանքի անբաժան մասը, դրանով պետք է վարակենք մեր ընկերներին` ընդլայնելով «մերոնց» շրջանակը ու դրա միջից «Նիկոլ Փաշինյաններ» զտելու գործընթացը:

Գրում եմ այս տողերը` հասկանալով, որ շատերը դրանք «զուգահեռ իշխանություն» ձեւավորելու ուտոպիստական կոչ կորակեն: Միգուցե: Բայց այս պահին ես այլ տարբերակ պարզապես չեմ տեսնում:

Նաեւ ցանկանում եմ, որ ակտիվիզմը մեզանում իրական խնդիրներ լուծելու եւ կյանքը դեպի լավը փոխելու, այլ ոչ թե միայն սեփական էգոն բավարարելու միջոց դառնա: Ցանկացած բարի գործի տարրերից մեկը դրանց հեղինակների ակնհայտ կամ թաքնված փառասիրությունն է` դա ժխտելն անիմաստ է: Խոսքն այն մասին է, որ այն մնա զուտ որպես բաղադրիչ, այլ ոչ թե հիմնական շարժիչ ուժ: Խոստովանենք, որ այս կամ այն սուր թեմայի մասին ստատուս գրելով, «մենք» նախապես վայելում ենք մեկնաբանությունների այն տարափը, որը կթափվի մեր վրա րոպեներ անց` ըստ էության մեզ հեռու տանելով բուն սուր թեմայից…

Իրականում «մենք» շատ բան ունենք անելու, սովորելու, փոխվելու: «Մենք» պետք է իրատես լինենք ու սովորենք կարեւորը երկրորդականից տարանջատել: «Մենք» միատարր չենք, ունենք տարբեր հայացքներ, նույն ֆեյսբուքյան ստատուսները գրում ենք կամ մեսրոպատառ կամ` լատինատառ: Բայց եթե «մենք» իրական հարցերը թողած կարող ենք ժամեր շարունակ վիրտուալ վեճեր ծավալել լատինատառ ստատուսի վերաբերյալ` դա նշանակում է, որ «մենք» նույնքան թույլ ենք, որքան իշխանությունները: Եթե «մենք», մեզ ինտելեկտուալ ու զարգացած մարդիկ համարելով, բացեիբաց կամ «գաղտագողի» այցելում ենք ցածրորակ լրատվական կայքեր ու ծաղրում ենք այնտեղ տեղադրված Մհեր Սեդրակյանի կամ Սեյրան Սարոյանի հերթական հարցազրույցը, «մենք» ոչ միայն նրանց որեւէ վնաս չենք պատճառում, այլեւ պարարտ հող ենք ստեղծում այդ տեսակի վերարտադրման համար:

Ոչ, ջայլամի քաղաքականություն վարելու կոչ չեմ անում: Առաջարկում եմ սթափ գնահատել իրավիճակը. ապրում ենք մի իրավիճակում, երբ սպասելիքներ չունենք ոչ իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից: Եթե այդ պայմաններում Հայաստանից չենք հեռանում, ուրեմն պետք է ինչ-որ բան անենք: Ես առաջարկում եմ զբաղվել «փոքր գործերով», կամաց-կամաց իրավիճակ փոխել:

Սյունակների այս շարքի երկրորդի անունն էր «Ուղղությունը դեպի 2018 թվական»: Հիմա կարծում եմ, որ որեւէ արհեստական ժամկետներ սահմանել պետք չէ: Արդեն իրատեսական չեմ համարում 2018-ին ունենալ նոր քաղաքական իրավիճակ ու նոր առաջնորդ: Բայց իրատեսական եմ համարում մի քանի տարի անց արձանագրել ոչ թե «մերոնց» թվի կրճատումը, այլ ընդլայնումը եւս մի քանի հարյուր մարդով: Թվում է, մեծ բան չէ: Բայց այլընտրանքը արտագաղթն է:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին