Եվրոպական Միությունը պատրաստ չէ եւ չի էլ ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ Հայաստանին եվրոպական ուղի վերադարձնելու համար:
Այս մասին մեզ՝ հայաստանյան լրագրողներիս, բացեիբաց ասացին Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաները Վիլնյուսում օրերս կայացած հանդիպումների ընթացքում: Հիշեցնեմ, որ հենց Լիտվայում է նոյեմբերի վերջին կայանալու Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում սպասվում էր, որ ՀՀ-ն եւ ԵՄ-ն կստորագրեն Ասոցացման պայմանագիրը: Եթե ինչ-որ մեկը դեռ տեղյակ չէ, սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը միանձնյա որոշեց, որ մեր երկիրն այլ ուղով պետք է ընթանա, որից հետո ԵՄ-ի հետ բանակցություններն ընդհատվեցին:
Լիտվացի պաշտոնյաների հետ մեր հանդիպումները “off record” էին, այդ իսկ պատճառով, պահպանելով մասնագիտական էթիկայի պահանջները, ես չեմ կարող հրապարակել զրուցակիցներիս անունները: Փոխարենը ներկայացնեմ այն հիմնական թեզերը, որոնք վերաբերում են ԵՄ-ի եւ այդ միության անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ապագային:
• Ասոցացման պայմանագրի փոխարեն որեւէ փաստաթուղթ Հայաստանի հետ չի ստորագրվելու, այն պարզ պատճառով, որ նոր փաստաթղթի պատրասման եւ ստորագրման համար նախ անհրաժեշտ է ԵՄ անդամ 26 երկրների համաձայնությունը, իսկ դա երկարատեւ գործընթաց է: Հիշեցնեմ, որ Ասոցացման պայմանագրի շուրջ բուն բանակցությունները մեր պարագայում տեւեցին 3.5 տարի, ինչին նախորդեց բանակցող բոլոր կողմերի համաձայնությունը: Բացի այդ, ԵՄ-ն իր անդամներից ստացել էր հենց Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցելու մանդատ, Հայաստանի հետ այլ փաստաթուղթ քննարկելու եւ ստորագրելու լիազորություն Եվրոպական հանձնաժողովը չունի:
• Հայաստանի բոլոր նկրտումները՝ ստորագրելու Ասոցացման պայմանագրի միայն քաղաքական մասը դատապարտված են անհաջողության. ԵՄ-ն չի գնա այդ քայլին մի քանի պատճառներով, որոնցից մեկն այն է, որ ազատ տնտեսական գոտու մասին պայմանագիրը մեծ համաձայնագրի անբաժան մասն է կազմում, իսկ մյուսը՝ այն, որ այդպես է ցանկանում Ռուսաստանը, եւ ուրեմն այդ մասին երազելն անգամ անիմաստ է:
• ԵՄ-ն պատրաստ չէ եւ չի էլ ցանկանում “պատերազմ” հայտարարել Ռուսաստանին Հայաստանին եվրոպական ուղի վերադարձնելու համար: Եվրոպայում ափսոսում են, որ ՀՀ-ն հրաժարվեց հետագա ինտեգրումից, բայց շեշտում են, որ դա միայն ու միայն մեր ընտրությունն է, եւ որեւէ մեկին մեղադրելն անիմաստ է: Որպես ապացույց նրանք մատնանշում են Մոլդովայի եւ Ուկրաինայի օրինակները, որոնց նկատմամբ Ռուսաստանը արդեն մի քանի ամիս է աննախադեպ ճնշում է գործադրում (շատ ավելի ուժգին, քան Հայաստանի նկատմամբ), սակայն այդ երկրները դեռեւս լի են վճռականությամբ ստորագրել Ասոցացման պայմանագիրը եւ միանալ եվրոպական ընտանիքին:
• Իրենց գործունեության ընթացքում Ռուսաստանը եւ ԵՄ-ն բոլորովին տարբեր գործիքներ են օգտագործում գործընկերների հետ հարաբերություններում: Օրինակ, ԵՄ-ն չի կարող առանց որեւէ բացատրության փակել սահմանները սննդամթերքի ինչ-որ տեսակի համար կամ արգելել գազի տարանցումը, մինչդեռ ՌԴ-ի համար դա սովորական երեւույթ է. նույն ռուս-լիտվական սահմանին մեր այցելության օրերին կուտակվել էին կաթնամթերքով բեռնված հարյուրավոր բեռնատարներ, որոնց մուտքն Ռուսաստան առանց որեւէ բացատրության արգելվել էր:
• Ասոցացման պայմանագիր ստորագրած երկրներին ԵՄ-ն պատրաստ է այլ գործիքներ տրամադրել՝ Ռուսաստանի ճնշումներին դիմակայելու համար: Մոլդովային նրանք մտադիր են առաջարկել մոլդովական գինու` եվրոպական շուկաներ անարգել մուտք գործելու հնարավորություն, Ուկրաինային՝ էներգետիկ նախագծեր եւ մի շարք այլ առավելություններ: Առայժմ անհայտ է, թե այդ գործիքները որքանով արդյունավետ կլինեն, սակայն եվրոպաշտոնյաները պնդում են, որ այդ ճանապարհով տարիներ առաջ անցել են ռուսաստանյան տնտեսական օրիենտացիա ունեցած ԵՄ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ նույն Լիտվան: Ազատ տնտեսական գոտու մասին պայմանագիրը ինքնին հզոր գործիք է, պարզապես անհրաժեշտ է այն արդյունավետ օգտագործել:
• Այն, ինչ պատահեց Հայաստանի հետ, վատ է առաջին հերթին հենց Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, քանզի Եվրամիությունը թե ՀՀ-ի հետ, թե առանց ՀՀ-ի միեւնույն է առաջ է շարժվելու, իսկ ահա Հայաստանը, ընտրելով Մաքսային եւ Եվրասիական միությունները, պետք է իր տնտեսության օրիենտացիան փոխի դեպի Ռուսաստանի շուկան: Միաժամանակ, պետք է փոխվի նաեւ ՀՀ տնտեսական օրենսդրության դաշտը, որը շատ ավելի առաջադեմ է եւ ազատականացված, քան Ռուսաստանինը: Զգալիորեն աճելու են ԵՄ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եւ Եվրոպայի հետ առեւտուրը ոչ շահավետ է դառնալու:
Նշեմ, որ, չնայած այս ամենին, նոյեմբերի վերջին Վիլնյուսում Հայաստանի նախագահին, այնուամենայնիվ, սպասում են: Նախատեսվում է ստորագրել վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր, մի քանի այլ փաստաթուղթ: Եվրոպացիք հույս ունեն, որ ՀՀ-ն չի դադարի իր մասնակցությունն Արեւելյան գործընկերության ծրագրին, եւ հնարավոր կլինի գտնել համագործակցության այլընտրանքային տարբերակ: Նրանք նաեւ համոզմունք հայտնեցին, որ ՀՀ պատվիրակությանը սառը ընդունելություն չի սպասում, ի տարբերություն Բելառուսի պատվիրակության, որի մասնակցությունը գագաթաժողովին դեռեւս կասկածի տակ է:
Ի դեպ, Վիլնյուս մեկնում էինք Մոսկվայով: Օդանավակայանում պարզվեց, որ ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի այն քաղաքացիները, ովքեր որպես տրանզիտային ուղեւորներ մեկնում էին այլ երկրներ, պարտավոր են Մոսկվայում ստանալ ուղեբեռը, անցնել մաքսային եւ անձնագրային ստուգում եւ միայն դրանից հետո վերադառնալ սպասասրահ: Փաստորեն, շուտով նրանց կմիանան նաեւ Հայաստանի քաղաքացիները…
Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: