Լիսաբոն, 1996 - Mediamax.am

Լիսաբոն, 1996
5708 դիտում

Լիսաբոն, 1996


Բուդապեշտի գագաթաժողովից ընդամենը երկու տարի անց՝ 1996թ., Լիսաբոնից Երեւան ճանապարհին նախագահի օդանավում տրամադրությունները բոլորովին այլ էին, քան 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովից վերադառնալիս:

Լիսաբոնի գագաթաժողովի եզրափակիչ մասում հնչել էր ԵԱՀԿ գործող նախագահի՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ֆլավիո Կոտիի հայտարարությունը, որում ուրվագծվում էին ԼՂ հարցի կարգավորման որոշակի սկզբունքներ, որոնք միանշանակորեն համընկնում էին Ադրբեջանի մոտեցումներին եւ բացարձակապես անընդունելի էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Դրանք ենթադրում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավարության բարձր մակարդակ Ադրբեջանի կազմում, անվտանգության երաշխիքներ եւ կապ Հայաստանի հետ: 

Այս հայտարարության ակունքները, կարելի է ասել, գնում էին 1995թ. դեկտեմբեր՝ Բոնն, այդ օրերին՝ Գերմանիայի մայրաքաղաք: Այնտեղ ԼՂ բանակցություններում Մինսկի խմբի հերթական հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանի եւ Վաֆա Գուլուզադեի միջեւ բանակցություններ սկսվեն՝ հստակեցնելու Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի քաղաքական չափորոշիչները: Այդ օրերին հսկայական ճնշում կար Հայաստանի վրա՝ համաձայնելու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ամենաբարձր ինքնավարության, որը համազոր պետք է լիներ դե ֆակտո անկախ, բայց դե յուրե Ադրբեջանի կազմում տարբերակին: 1996թ. ամբողջ ընթացքում Լիպարիտյանն ու Գուլուզադեն հանդիպեցին մոտ տասն անգամ, հիմնականում՝ Փարիզում: Այդ հանդիպումների արդյունքները մեծամասամբ գաղտնի էին պահվում: Տեղյակ էր լինում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նախարարների խորհրդի կամ նախագահների գագաթաժողովի ԵԱՀԿ-ի յուրաքանչյուր տարեվերջյան հանդիպման արդյունքում որոշումների կողքին միշտ ընդունվում է նաեւ քաղաքական դեկլարացիա, որտեղ անդրադարձ է արվում ԵԱՀԿ տարբեր մարմինների գործունեությանը եւ քաղաքական գնահատականներ են տրվում տարբեր զարգացումների եւ իրադարձությունների: 1992-ից, երբ ԼՂ հարցը արդեն մտավ ԵԱՀԿ օրակարգ, յուրաքանչյուր տարի այդ քաղաքական դեկլարացիայում տեղ է գտել նաեւ ԼՂ հարցը, որտեղ մեկ կամ երկու պարբերությամբ ներկայացվել է հարցի շուրջ արվածը, այդ պահի իրավիճակը եւ դրա քաղաքական գնահատականը: ԵԱՀԿ կանոնադրության համաձայն՝ այդ փաստաթուղթը եւս ընդունվում է կոնսենսուսով: Այնտեղ կողմերի համար երբեք անակնկալներ չեն եղել, որովհետեւ միջնորդների օգնությամբ նախօրոք բանակցվում եւ համաձայնեցվում է դրա բովանդակությունը:

Լիսաբոնում ակնկալվում էր նույնը, բայց այդպես չեղավ հիմնականում Ադրբեջանի խաբեության, նենգության եւ համառության, բայց նաեւ, իհարկե, հայկական կողմի միամտության, ինքնավստահության եւ անփութության պատճառով:

Քանի որ ԼՂ հարցի շուրջ տարվա գլխավոր իրադարձությունը Լիպարիտյան-Գուլուզադե բովանդակությամբ գաղտնի բանակցություններն էին, բնական էր (եւ բանակցողներն այդպես էլ պայմանավորվել էին), որ հենց իրենք Լիսաբոնում նախագահների քաղաքական դեկլարացիայում ներառվելիք ԼՂ հատվածի նախագիծը ներկայացնեին արդեն ընդհանուր գծերով համաձայնեցված:

Գագաթաժողովին ընդառաջ եւ դրանից ընդամենը երկու օր առաջ Մինսկի խմբի հերթական հանդիպումն էր Հելսինկիում, որտեղ ներկա էր Հայաստանի պատվիրակությունը՝ իմ գլխավորությամբ, Ադրբեջանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի գլխավորությամբ: Լեռնային Ղարաբաղը ներկայացնում էր ԼՂ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը:

Հանդիպումներն  արդեն մոտենում էին ավարտին, եւ ես պատվիրակության հետ պատրաստվում էի Հելիսինկիից մեկնել Լիսաբոն, երբ մենք լուր ստացանք, որ Լիպարիտյանը գալիս է Հելսինկի՝ հանդիպելու Մինսկի խմբի համանախագահների եւ, բնականաբար, Ղուկասյանի ու ինձ հետ: Պարզվեց, որ Գուլուզադեն վերջին պահին զանգել է Լիպարիտյանին եւ հայտնել, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է շարունակել երկկողմ բանակցությունները, չեղյալ է համարում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ հայկական կողմի հետ պատրաստ չէ համաձայնեցնել Լիսաբոնի քաղաքական դեկլարացիայում տեղ գտնելիք տեքստը: Լիպարիտյանի այս անակնկալ այցի նպատակն էր հայկական կողմի բողոքը ներկայացնել համանախագահներին, համապատասխան արձագանք ակնկալել, ինչպես նաեւ արդեն այս նոր ստեղծված իրավիճակում մեզ հետ քննարկել մեր անելիքները Լիսաբոնում:

Այս լուրը, բնականաբար, մեզ անակնկալի բերեց, ինչպես նաեւ մտահոգեց այն առումով, որ եթե այս բոլորը Ադրբեջանը նախօրոք էր ծրագրել՝ վերջին պահին անակնկալի բերելով հայկական կողմին, բնականաբար, նա էական առավելություն էր ունենալու Լիսաբոնում ընթանալիք բանակցություններում:

Իսկապես, երբ ես հաջորդ օրը ժամանեցի Լիսաբոն, արդեն իմացա, որ մեր քննարկմանը ներկայացվելիք քաղաքական դեկլարացիայի տեքստում տեղ է գտել ԼՂ հարցին վերաբերող մի այնպիսի տեքստ, որը երբեք չեր կարող ընդունելի լինել Հայաստանի համար: Հենց այս բովանդակությունն էլ տեղ գտավ գագաթաժողովի վերջում ԵԱՀԿ նախագահողի հայտարարության մեջ, երբ Հայաստանի վետոյի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հատվածը դուրս մնաց քաղաքական դեկլարացիայից:

Դրան հասնելու համար Ադրբեջանը դիմեց ԵԱՀԿ պատմության մեջ նախադեպը չունեցող միջոցի: Չարաշահելով ԵԱՀԿ որոշումների ընդունման կոնսենսուսի սկզբունքը՝ նա ցինիկաբար պատանդ վերցրեց գագաթաժողովի վերջում ընդունվելիք բոլոր որոշումները՝ պնդելով, որ իր համաձայնությունը կտա նրանց ընդունմանը միայն այն դեպքում, եթե քաղաքական դեկլարացիայում պահպանվի նրանց կողմից ներկայացված եւ արդեն այնտեղ տեղ գտած ԼՂ հարցին վերաբերող հատվածը: Այլ կերպ ասած՝ Բաքուն գերտերություններին պարտադրում էր Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ հանելու վետոն:

Մինչ այդ՝ աշխատանքային տարբեր խմբերում փաստաթղթերը քննարկելիս, ադրբեջանցիներն իրենց կոշտ եւ ագրեսիվ էին պահում՝ իրենց տեսակետները համարելով աներկբա: Բացի այդ ամենին հրապարակային դիմագրավելուց՝ մեր պատվիրակության խնդիրն էր կուլիսային աշխատանքի միջոցով փաստաթղթից հանել ԼՂ-ին վերաբերող պարբերությունը կամ այն փոխարինել մեկ այլ տեքստով, որն ընդունելի կլիներ կողմերի համար: ԵԱՀԿ-ն, դժբախտաբար, որոշակի կարծրատիպերով է աշխատում: Շատ դժվար է փաստաթղթում արդեն տեղ գտած ձեւակերպումները փոխել՝ առանց հակառակորդ կողմի համաձայնության: Ընդամենը կարող ես պարբերությունը կամ ձեւակերպումը փակագծերի մեջ վերցնել՝ մատնացույց արած լինելով, որ դու դեմ ես դրան: Բոլորը գիտակցում են, որ առանց քո համաձայնության որեւէ ձեւակերպում չի կարող ընդունվել, բայցեւայնպես, եթե այլ ձեւակերպման շուրջ որեւէ համաձայնություն չի լինում, ձեւակերպումը մնում է փաստաթղթում մինչեւ քվեարկության պահը:

Գագաթաժողովի նախորդ օրը երեկոյան, երբ գագաթաժողովին ընդունվելիք փաստաթղթերը վերջնական տեսքի էին բերվում նախագահների դատին ներկայացնելու համար, պահ գտա եւ առանձին հանդիպում ունեցա ԵԱՀԿ մշտական խորհուրդը նախագահող երկրի՝ Շվեյցարիայի դեսպան Ժերար Շտուդմանի հետ: Բավական կոշտ հանդիպում էր: Իմ հիմնական դժգոհությունն ու առարկությունը, որը եւ ինձ ամբողջական իրավունք էր տալիս տեքստում փոփոխություն պահանջել, այն էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա ձեւակերպումը ադրբեջանական նախաձեռնություն է, հետեւապես՝ խիստ միակողմանի է, եւ դա կա՛մ անհապաղ պետք է փոխել, կա՛մ առնվազն հանել նախագծից:

Շտուդմանի սենյակում ինձ հետ գտնվող գործընկերներս ինձ հետո ասացին, որ ես այնտեղ անցել էի դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը: Ինչ-որ պահի նույնիսկ տպավորություն եմ թողել, որ կարող է հարվածեմ նրան: Ի վերջո, Շտուդմանը համաձայնեց թարմացված փաստաթղթից (որը կարճ ժամանակ անց պետք է բաժանվեր ԵԱՀԿ բոլոր պատվիրակություններին) հանել ԼՂ հարցին վերաբերող պարբերությունը: Սա նշանակում էր, որ արդեն գագաթաժողովի ժամանակ նախագահների քվեարկությանը կներկայացվեր ոչ թե փաստաթուղթ, որտեղ կլիներ անցանկալի այդ ձեւակերպումը՝ փակագծերի մեջ, որը Հայաստանի նախագահի վետոյով հենց այնտեղ կհանվեր փաստաթղթից, այլ կներկայացվեր փաստաթուղթ, որտեղ որեւէ խոսք չէր լինի Լեռնային Ղարաբաղի մասին:

Փոփոխության մասին Շտուդմանի խոստումը ստանալուց հետո մենք վերադարձանք դահլիճ՝ շարունակելու քննարկումները այլ հարցերի շուրջ, միաժամակ անհամբեր սպասվելով ԵԱՀԿ քարտուղարության կողմից նոր տարբերակը բաժանելուն: Հանկարծ մի ահավոր աղմուկ լսվեց դահլիճի հարակից միջանցքից, որը եւ վերածվեց քաշքշուկի, երբ արդեն մենք` հայկական պատվիրակությունը, նույնպես հայտնվեց այդ խառնաշփոթի մեջ... Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունները, իմացած լինելով, որ քարտուղարությունից դուրս եկած եւ պատվիրակություններին բաժանվելու համար դեպի դահլիճ գնացող նորացված քաղաքական դեկլարացիայից Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը հանվել է, բռնի ուժով քարտուղարության աղջիկներին թույլ չէին տալիս շարժվել դեպի դահլիճ եւ բաժանել փաստաթուղթը: Մեծ ժխորի պատճառավ գործին խառնվեց ԵԱՀԿ ողջ ղեկավարությունը: Ամեն ինչ ժամանակավորապես ընդհատվեց, եւ նրանք դռնփակ հանդիպման արդյունքում որոշեցին փաստաթուղթը թողնել նախնական տեսքով:

Իհարկե, այս իրադարձության այլ ելքի դեպքում չեմ կարծում, որ Ադրբեջանի մոտեցման մեջ որեւե փոփոխություն լիներ: Նրանց ոչինչ չէր խանգարի, որ պատանդ վերցնեին ԵԱՀԿ որոշումների ողջ փաթեթը եւ ստանային նույնը, ինչ արդեն ստացան:

Տեր-Պետրոսյանի՝ Լիսաբոնում գտնվելու երկու օրերի ընթացքում բավական մեծ ճնշում կար նրա վրա՝ հիմնականում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ եվրոպական մի քանի այլ երկրների կողմից, որ նա համաձայնի քաղաքական դեկլարացիայում տեղ գտած ձեւակերպման հետ: Ճնշումները հիմնավորում էին նրանով, թե ԼՂ հարցի կարգավորման այլ տարբերակ, քան Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարությունն է, միջազգային հանրությունը չի տեսնում, եւ որ այն ինքնավարությունը, որը նախատեսվում է ԼՂ-ի համար, հնարավոր ամենաբարձրը կլինի՝ համազոր դե ֆակտո անկախության:

Չնայած արդեն հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը պատանդ է վերցրել ԵԱՀԿ որոշումների ողջ փաթեթը, եւ կուլիսներում խոսվում ու խիստ մտահոգություն էր առաջացել, բայց ո՛չ ԵԱՀԿ ղեկավարությունը եւ ո՛չ էլ ազդեցիկ առանձին պետություններ փորձ չէին անում Ադրբեջանին ճնշել հրաժարվելու որդեգրած այդ միջոցից, որը ԵԱՀԿ-ի համար շատ վատ նախադեպ կարող էր դառնալ:

Կազմակերպության ընդհանուր տրամադրությունները նպաստավոր չէին հայկական հիմնավորումների համար: Խորհրդային Միության փլուզման բացասական հետեւանքները դեռ զգացվում էին: Նախկին Հարավսլավիայում արյունահեղությունը չէր դադարում, եւ ոչ ոք չէր ցանկանում լսել ինքնորոշման եւս մեկ խնդրի մասին:

Ակնհայտ էր, որ ելնելով այդ օրերին միջազգային թատերաբեմում իշխող տրամադրություններից՝ Ադրբեջանի ստեղծած այս իրավիճակը ձեռնտու էր նաեւ միջազգային հանրությանը, որն առիթը օգտագործելով՝ ԵԱՀԿ գործող նախագահի շուրթերով ամրագրեց ԼՂ հարցի կարգավորման իր մոտեցումները՝ թեկուզ ընդամենը պարտադիր ուժ չունեցող հայտարարությամբ:

Լիսաբոնի գագաթաժողովի վերջին ժամը, որի ընթացքում նախագահների քվեարկությամբ եւ միայն կոնսենսուսով են ընդունվում որոշումները, բավական լարված էր: Նախագահողը՝ Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտին, նախ կարդաց իր հայտարարությունը, որը չի ենթադրում կոնսենսուսային համաձայնություն դրա բովանդակության շուրջ, այլ, ինչպես ընդունված է ասել, արտահայտում է հենց նախագահողի տեսակետները եւ քաղաքական գնահատականները: Ահավասիկ, այնտեղ էլ նրա շուրթերից՝ ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների անունից՝ բացառությամբ Հայաստանի, հնչեցին ԼՂ հարցի ամբողջական կարգավորման սկզբունքների շուրջ տեսակետները:

Կոտիի հայտարարությունից հետո կարճ ելույթով հանդես եկավ Տեր-Պետրոսյանը: Նախագահը նախ դատապարտեց Ադրբեջանի որդեգրած աշխատաոճը եւ միջազգային հանրության անհասկանալի հանդուրժողականությունը դրա նակատմամբ: Ապա, խոսելով բուն հարցի մասին, շեշտը դրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության վրա: Նա, մասնավորապես, հայտարարեց. «1988թ. փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին` Կիրովաբադում, 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի փորձը, ինչպես նաեւ 1991թ. մայիս-հունիսին Ղարաբաղի 24 գյուղերի բռնի արտաքսման փորձն ակնհայտորեն վկայում են, որ չնայած բոլոր հավաստիացումներին՝ Ադրբեջանը չի կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքները: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելն է»:

Հայաստանի պատվիրակությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը կցվեց գագաթաժողովին ընդունված որոշումներին ու պաշտոնական փաստաթղթերին:

Բուդապեշտի գագաթաժողովից երկու տարի անց Լիսաբոնի գագաթաժողովը կարծես միջազգային հանրության կողմից Հայաստանից վրեժ լուծելու փորձ լիներ: Այդ ժամանակ, հակառակ միջազգային հանրության կամքին, Հայաստանը միայնակ ԵԱՀԿ-ում թույլ չտվեց հաստատել կոնսենսուս մինուս մեկ սկզբունքը: Ահավասիկ, հաջորդ առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում նրանք Հայաստանի համար ամենցավոտ եւ ճակատագրական հարցում ձեւ գտան շրջանցելու խաղի այդ կանոնը եւ պատժելու Հայաստանին:

շարունակելի

շարունակելի

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

շարունակելի
շարունակելի
շարունակելի

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար: - See more at: http://www.mediamax.am/am/column/12449/#sthash.x9uJTGoz.dpuf
շարունակելի

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար: - See more at: http://www.mediamax.am/am/column/12449/#sthash.x9uJTGoz.dpuf
շարունակելի

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար: - See more at: http://www.mediamax.am/am/column/12449/#sthash.x9uJTGoz.dpuf

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին