Հրաչյա Հարությունյանը` ՌԴ իշխանությունների բարդույթների զոհ - Mediamax.am

Հրաչյա Հարությունյանը` ՌԴ իշխանությունների բարդույթների զոհ
4724 դիտում

Հրաչյա Հարությունյանը` ՌԴ իշխանությունների բարդույթների զոհ


Ի՞նչ կմտածեր հոգեվերլուծության կնքահայր Զիգմունդ Ֆրոյդը, երբ տեսներ, թե Ռուսաստանի իշխանությունները ինչպիսի վերաբերմունք են ցուցաբերում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ, ով օրեր առաջ Մոսկվայի մերձակայքում ավտովթարի մասնակից է եղել, որի արդյունքում մահացել է 18 քաղաքացի, եւ մոտ 30 մարդիկ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ռուսաստանի իշխանությունները Հրաչյա Հարությունյանին դատարան են բերել կանացի խալաթով: Դրան հետեւել է ռուսական հեռուստաալիքների կողմից իրավիճակի սուբյեկտիվ նկարագրությունը, որտեղ հիմնականում նշվում էր, որ Հրաչյա Հարությունյանը հայ է. երբեմն էլ փորձ էր արվում նկարագրել իրավիճակի ողբերգությունը էթնիկ հողի վրա:

Կանացի խալաթով Հրաչյա Հարությունյանին դատարան բերելը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները սեռահոգեբանական խանգարումներ ունեն` ինչպես ենթագիտակցական, այնպես էլ գիտակցական մակարդակում: Ռուսաստանի իշխանության մոտ նույնիսկ շեղված են պատկերացումները պատահարի մասնակից մարդու մասին: Իշխանությունները ոչ թե փորձել են Հրաչյա Հարությունյանին հանրությանը ներկայացնել որպես մարդ, ում մեքենայի անսարքության պատճառով ավտովթար է տեղի ունեցել, այլ վերջինիս, կանացի խալաթ հագցնելով, ենթագիտակցորեն ընկալել են նրան՝ որպես իրենց սեռական բարդույթները ցուցադրելու սուբյեկտ, եւ նման ձեւով էլ ներկայացրել նրան հանրությանը: Հրաչյա Հարությունյանի հանդեպ նման վերաբերմունքը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները շեղված պատկերացումներ ունեն անհատի մասին:

Այդ շեղումները պետք է փնտրել հենց իշխանության համակարգի ներսում: Խնդիրն այն է, որ Հրաչյա Հարությունյանը մինչեւ ավտովթարը յոթ անգամ ոստիկանների կողմից տուգանվել է՝ տարբեր խախտումներ կատարելու համար: Այդքանից հետո ոստիկանությունը նրան նորից թույլատրել է շարունակի վարել մեքենան: Ակնհայտ է, որ ոստիկանները թույլ են տվել նրան շարունակել վարել բեռնատարը միայն կաշառքի դիմաց: Ոստիկանության եւ պատկան մարմինների թույլտվությամբ է Հրաչյա Հարությունյանը վարել երեք ավտոմեքենաներից հավաքված բեռնատարը: Ստեղծված իրավիճակի համար նաեւ պատասխանատու են այն մարմինները, որոնք չեն կարողացել քայլեր ձեռնարկել, որպեսզի անսարք ավտոմեքենան ծառայություններ չմատուցի Ռուսաստանի տարածքում, եւ նման պատահար չլինի:

Հասկանալի է, որ Ռուսաստանի ամբողջ կառավարման համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ, եւ դա է բերում նման ողբերգությունների, որի համար պատասխանատու են ոչ միայն Հրաչյա Հարությունյանի նման մարդիկ:

Խնդիրը հենց վերը նշված համակարգային արատներն են, որի արդյունքում Ռուսաստանի իշխանությունները պատահարի մասնակից մարդուն խեղաթյուրված ձեւով են ընկալում եւ նույն աղավաղված ձեւով էլ ներկայացնում նրան հանրությանը: Իշխանությունն իր խնդիրները թաքցնելու համար ողջ մեղքը բարդում է անհատի վրա, ինչը եւս բարդույթի վառ ապացույց է:

Ի վերջո,նման իրավիճակում ողբերգությունը նաեւ այն է, որ Հրաչյա Հարությունյանը՝ որպես կերպար, դառնում է Ռուսաստանի իշխանությունների բարդույթների կծիկի  զոհը:
   
Արմեն Գրիգորյանը քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոս է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին