Չավեսի ժառանգությունը - Mediamax.am

Չավեսի ժառանգությունը
9676 դիտում

Չավեսի ժառանգությունը


1999թ. Վենեսուելայում նախագահ դարձավ Հուգո Չավեսը, ով երկրին խոստացավ հեղափոխություն, որի միջոցով իշխանությունը վերադարձնելու էր քաղաքացիներին: Իշխանության առաջին տարիներին իր դիրքերը ուժեղացնելու համար Չավեսը մեծացրեց բանակի դերը: Ներքին պայքարում նա օգտագործում էր բանակը: Եվ պատահական չէր, որ նրա մահվանից մի քանի ժամ անց բանակի հրամանատարը հայտարարեց, որ բանակը սահմանադրության երաշխավորն է, ինչպես նաեւ հավելեց, որ բանակը պաշտպանելու է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին, կառավարությանը եւ Բոլիվիական հեղափոխությունը:

Չավեսը ավտորիտար ռեժիմներին հատուկ կադրային քաղաքականություն էր վարում: Մադուրոն ավտոբուսի վարորդ էր, Չավեսի օրոք նա դարձել էր արտաքին գործերի նախարար, այնուհետեւ` Ազգային ժողովի նախագահ, իսկ վերջում` փոխնախագահ: Ըստ շրջանառվող լուրերի, նա Չավեսի հետնորդն է:

«21-րդ դարի սոցիալիզմ» կառուցող Չավեսը առաջարկեց միաձուլել կապիտալիզմն ու սոցիալիզմն: Չնայած նա ավելի շատ փորձում էր ձախ թեւին հարող քաղաքականություն վարել, սակայն տնտեսական լուրջ զարգացման քաղաքականությունը նրան չհաջողվեց: Նա իր ձախ թեւին հարող քաղաքականությունը իրականացնում էր նավթից ստացված եկամուտների հաշվին: Դրա արդյունքում տնտեսությունը սկսեց ավելի մեծ կախվածություն ձեռք բերել նավթից, որի արդյունքում առաջ եկան «հոլանդական սինդրոմի» ախտանշանները:

Նավթի եկամուտներից Չավեսը համայնքների զարգացման համար ստեղծեց ֆոնդեր, որոնք պետության վերահսկողության տակ էին: Այդ ֆոնդերի միջոցով նա փորձում էր երկրի կառավարմանը մասնակից դարձնել հեռավոր համայնքների բնակիչներին:

Այդ եւ մի շարք այլ ֆոնդերի շնորհիվ Վենեսուելայում գրանցվեց աղքատության կրճատում, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այդ կրճատումը եղել է նավթից ստացված եկամուտների հաշվին, եւ նավթի արժեքի նվազեցման հետ այդ խավը կանգնեց նոր խնդիրների առաջ: Այս զարգացումը նման էր Խորհրդային Միության տնտեսական զարգացմանը, երբ պետությունը կենտրոնացնում է իր ռեսուրսները որոշակի ոլորտներում, զարգացնում, սակայն երկարաժամկետ տեսանկյունից կանգնում էր ճգնաժամի առաջ:

Չավեսը բազմիցս օգտագործել է իշխանությունը հնարավոր մրցակիցների գործողությունները սահմանափակելու նպատակով: 2000-ականներին նա կասեցրեց մի քանի հեռուստաընկերությունների աշխատանքները` հիմնավորելով, որ դրանք չեն վճարել հարկերը: Իրականում, այդ հեռուստաալիքները քննադատել էին նրա վարած քաղաքականությունը:

Չավեսի ժառանգության մեդալը երկու կողմ ունի: Մի կողմից, նրա շնորհիվ աղքատությունը կրճատվեց, մյուս կողմից` տնտեսության կազմակերպման նրա ընտրած մոդելի պատճառով այսօր կա ապրանքների ու ծառայությունների սղություն, բարձր ինֆլյացիա եւ մի շարք այլ խնդիրներ:    

Կարծես թե, Ֆրիդրիխ Հայեկի «Ճանապարհ դեպի ճորտատիրություն» գրքում առաջ քաշած թեզերը իրականություն դարձան Վենեսուելայի համար: Երբ պետությունը փորձում է վերահսկել տնտեսությունը եւ զարգացման գործընթացը, երկարաժամկետ տեսանկյունից ստեղծվում են խոչընդոտներ, քանի որ պետությունը երբեք չի կարող բազմաթիվ տնտեսական սուբյեկտների տնտեսական որոշումների մասին ամբողջական ինֆորմացիա ունենալ: Ինֆորմացիա չունենալով` իշխանությունը որոշումներ է կայացնում, որոնք կարող են իրականում չհամապատասխանել տնտեսությունում առկա առաջարկին ու պահանջարկին եւ երկարաժամկետ տեսանկյունից խոչընդոտել կայուն զարգացմանը:

Չավեսը փորձեց «21-րդ դարի սոցիալիզմ» կառուցել: Այդ նպատակով նա ուժեղացրեց  նախագահական իշխանությունը, որը տնտեսության վերահսկողության խնդիր առաջացրեց, որն էլ կարողացավ լուծել Չավեսը: Այդ քայլից հետո իշխանությունը սկսեց մեծ ռեսուրսներ վերահսկել եւ վերաբաշխել դրանք հասարակության մեջ: Սակայն այդ ռեսուրսները չկարողացան կայուն եկամուտ ապահովել, ինչպես նաեւ պետության միջամտությամբ սոցիալիզմ կառուցելու փորձը ավելի շատ խնդիրներ առաջացրեց, քան լուծումներ տվեց: Բացի վերը նշված խնդիրներից, Չավեսի մահից հետո ռեժիմը կանգնեց անհատի վրա հիմնված համակարգի ճգնաժամի առաջ:

Վենեսուելական զարգացման մոդելը եւս մի անգամ ապացուցեց, որ իշխանությունը ունակ չէ կայուն զարգացում ապահովել, երբ իր վրա է վերցնում ռեսուրսների վերաբաշխման գործառույթը եւ փորձում է «սոցիալիզմ» կառուցել: Պատմությունը ցույց է տալիս՝ ազատությունը եւ մրցակցությունը մնում են պետության կայուն զարգացման լավագույն գրավականները:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին