Ռուսաստանը կթաղի Եվրասիական միության գաղափարը - Mediamax.am

Ռուսաստանը կթաղի Եվրասիական միության գաղափարը
7273 դիտում

Ռուսաստանը կթաղի Եվրասիական միության գաղափարը


Նոյեմբերի 4-ին Ռուսաստանում տեղի է ունեցավ ռուս ազգայնականների քայլերթը, որին մասնակցեցին հիմնականում ծայրահեղ աջ կուսակցությունները, ինչպես նաեւ` նացիոնալ-սոցիալիստները: Ռուս ազգայնականների քայլերթը նորություն չէ. 2005 թ. սկսած նրանք ամեն տարի նույն օրը քայլերթ են կազմակերպում: Աակայն այս տարի, 3 տարվա ընդմիջումից հետո, նրանց թույլ էին տվել կազմակերպել երթը Մոսկվայի կենտրոնում:

Երթի լոզունգները հիմնականում ծայրահեղական էին: Օրինակ, պաստառներից մեկի վրա գրված էր, որ «ասիացիներին, կովկասցիներին, մոլդովացիներին պետք է դատել ռուս ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրագործելու համար», իսկ մասնակիցները հիմնականում վանկարկում էին. «Ռուսաստանը՝ ռուսների, Մոսկվան՝ մոսկվացիների համար»: 

Նման ներքաղաքական զարգացումները լուրջ մարտահրավեր են ոչ միայն Ռուսաստանի ներքաղաքական կյանքի համար, այլեւ ամբողջովին թաղում են Ռուսաստանի նախագահի առաջ քաշած Եվրասիական միության նախագիծը: Պարզ է, որ ուրեւէ ինտեգրացիոն գործընթացների մասին խոսք չի կարող լինել, եթե այդ գաղափարը առաջ տանող երկրի ներսում նոր թափ են առնում այլատյացության գաղափարները:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանում այլատյացության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ օրակարգ է իջեցվում տարբեր խմբերի կողմից: 2010 թ. դեկտեմբերին Մանեժի հրապարակում տեղի ունեցածը դրա վառ ապացույցն էր, երբ միջէթնիկական հողի վրա բախումներ տեղի ունեցան Ռուսաստանի քաղաքացիների միջեւ: Մանեժի հրապարակում տեղի ունեցածը ցույց էր տվել, որ միջէթնիկ խնդիրների պայթյունը Ռուսաստանի ներքաղաքական կյանքի համար մեծ վտանգ են ներկայացնում:

Նման զարգացումները Ռուսաստանին չեն կարող թույլ տալ ինտեգրացիոն գործընթաց սկսել այլ երկրների հետ, քանի որ ինտեգրացիան ենթադրելու է ապրանքների, ծառայությունների, ֆինանսների ու մարդկանց ազատ տեղաշարժ ինտեգրացիոն գործընթացում գտնվող երկրների տարածքում, սակայն «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսով առաջնորդվող երկիրը չի կարող իրական ինտեգրացիոն գործընթացի մասնակցել:

Բացի դրանից, հետընտրական շրջանում Ռուսաստանում ընդդիմության կողմից ձեռնարկվող քայլերը եւս խնդիրներ են ստեղծում ներկայիս իշխանության համար, որոնք երկարաժամկետ տեսանկյունից եւս խոչընդոտ են հանդիսանալու ցանկացած ինտեգրացիոն գործընթացների համար: Օրինակ, վերջերս կայացած «Ռուսական ընդդիմության համակարգող խորհրդի» ընտրություններն ազդելու են ներքաղաքական կյանքի վրա եւ  իշխանության համար նոր խնդիրներ են ստեղծվելու, որոնք, իրենց հերթին, կազդեն ինտեգրացիոն քաղաքականության ցանկացած փորձի վրա:

Դեռեւս ամբողջությամբ լուծված չէ Չեչնիայի, Դաղստանի եւ Հյուսիսային Կովկասի այլ հատվածները Ռուսաստանի կազմում իրապես ինտեգրելու խնդիրը: Առանց այս խնդրի լուծման եւս Ռուսաստանը չի կարող որեւէ ինտեգրացիոն գործընթացի մասին:

Վերջերս հեռուստահաղորդավար Միխայիլ Լեոնտեւը մի հոդված էր հրապարակել, որում կարծիք էր հայտնել, թե Եվրասիական ինտեգրման գործընթացը եղանակային փոփոխության նման անխուսափելի է: Սակայն Ռուսաստանի ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Եվրասիական միության ինտեգրացիան բացառվում է հենց Ռուսաստանի պատճառով, իսկ «Մոսկվան ռուսների համար» կարգախոսները ցույց են տալիս` ռուսների ապաինտեգրացիան հենց Ռուսաստանի ներսում հաստատ եղանակային փոփոխության նման անխուսափելի է:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին