Որտե՞ղ փնտրել ժողովրդավարացման ակունքները - Mediamax.am

Որտե՞ղ փնտրել ժողովրդավարացման ակունքները
9088 դիտում

Որտե՞ղ փնտրել ժողովրդավարացման ակունքները


Հայաստանում հաճախ են քննարկվում երկրի ժողովրդավարացման հնարավոր սցենարները: Հարցը հասարակության մեծ մասին է հուզում, քանի որ ներկայիս կառավարման համակարգը հասարակության լայն զանգվածներին դուրս է թողել որոշումների կայացման գործընթացից եւ քաղաքացիներին հնարավորություն չի տալիս  տնօրինելու իրենց վերաբերվող քաղաքական հարցերը:

Հայաստանում վերջերս սկսած գործընթացները ցույց են տալիս, որ հասարակությունը քայլեր է կատարում քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու համար: Թռչկանից մինչեւ Մաշտոցի այգի ծավալված գործընթացները վկայում են դրա մասին:

Հաճախ կարծիք է հնչում, որ դրանց մասնակցել են հասարակության առավել ակտիվ խմբեր ու հիմնականում նույն մարդիկ: Սակայն Բնապահպանության նախարարության առաջ տեղի ունեցած վերջին ցույցին մասնակցում էին ոչ միայն ակտիվիստները, այլեւ Գետահովիտ գյուղի բնակիչները:

Սա նոր ազդանշան է այն մասին, որ քաղաքացիների առավել լայն զանգվածներ փորձ են կատարում ներգրավվել քաղաքական գործընթացներում եւ տեր կանգնել իրենց իրավունքներին: Ի դեպ, նման օրինակ է հանդիսանում նաեւ Քաջարան գյուղի գյուղապետի ու բնակիչների պայքարը գյուղի վարչական տարածքն ու տները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին չհանձնելու համար: Այս օրինակները ցույց են տալիս, որ պայքարի շրջանակները ընդլայնվում են եւ առավել շատ մարդիկ են փորձում ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ:

Ժողովրդավարացման մի շարք հաջողված փորձեր ցույց են տալիս, որ հասարակության լայն շերտերի ներգրավումը կառավարման համակարգի վերաձեւավորման գործընթացում կարեւոր գործոն է: Նման հետաքրքիր փորձ ունեն Նորվեգիան ու Շվեդիան: Շատերը կասեն, որ այդ երկրները տարբեր են եւ նրանց հետ համեմատվելը տեղին չէ: Սակայն նրանց պատմությունը ցույց է տալիս, որ մեծ հաշվով նմանություններ կան:

Այս երկրներում ժամանակին եւս մարդկանց մի փոքր խումբ զավթել էր իշխանությունը եւ քաղաքացիների մեծ մասին դուրս թողել կառավարման գործընթացներից: Սակայն այս հասարակությունները ոչ բռնի պայքարի միջոցով հասան նրան, որ կարողացան տեր կանգնել իրենց իրավունքներին: Նորվեգիայի տարածքը մոտ 385 հազ. ք. կմ  է եւ այդ պայմաններում բավական դժվար էր մոբիլիզացնել քաղաքացիներին, սակայն 20-րդ դարի սկզբին քաղաքացիների մի խումբ պայքար սկսեց իրենց իրավունքների պաշտպանության համար: Ջորջ Լակեյը գրում է, որ  պետությունը բանակի միջոցով ուժ կիրառեց քաղաքացիների նկատմամբ, երբ նրանք սկսեցին պայքարել գործադուլների միջոցով: Շվեդիայում եւս 1931 թվականին կայացած ցույցի ժամանակ պետությունը ուժ կիրառեց, որի ընթացքում քաղաքացիներ զոհվեցին:

Ուժ կիրառելուց բացի, Նորվեգիայում իշխանության ներկայացուցիչները ստեղծեցին «Հայրենասիրական Լիգա» հասարակական շարժումը, որի մեջ մտան մոտ 100.000 քաղաքացիներ: Այդ լիգան դժվար թե շատ տարբերվեր այսօրվա «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունից, որը Հայաստանում ունի 27.487 պաշտոնական անդամ: Հետաքրքիր է նաեւ, որ այդ ժամանակ Նորվեգիայի բնակչությունը ընդամենը 3 միլիոն էր:      

Երկարատեւ պայքարի արդյունքում քաղաքացիները կարողացան հասնել նրան, որ իշխանությունը տեղի տվեց եւ ճանապարհ բացեց երկրի ժողովրդավարացման համար:

Հայաստանում այսօր եւս գործընթաց է սկսվել, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությանը քաղաքական որոշումների կայացման գործընթացին, իսկ դա ճանապարհ է դեպի ժողովրդավարացում: Եթե վերը նշված հասարակություններում ժողովրդավարացման համար տասնամյակներ պահանջվեցին, ապա այսօրվա պայմաններում, հաշվի առնելով տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը, այդ գործընթացը Հայաստանում կարող է առավել արագ ընթանալ: Դրա տեմպը հիմնականում կախված կլինի հենց քաղաքացիներից:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին