Հյուսիսից հարսնացուներին սպասելիս… - Mediamax.am

Հյուսիսից հարսնացուներին սպասելիս…
12715 դիտում

Հյուսիսից հարսնացուներին սպասելիս…


2022 թվականին, այսինքն՝ ընդամենը 10 տարի հետո, Հայաստանը նոր դեմոգրաֆիական խնդրի առջեւ է կանգնելու. ամուսնական տարիքի գրեթե յուրաքանչյուր երրորդ երիտասարդ տղամարդ իրեն զույգ չի գտնելու: Սա արդեն գրեթե անխուսափելի է, եւ այդ մասին մեզ բարձրաձայն զգուշացրել է նույնիսկ Եվրոպայի Խորհուրդը, որը կոչ է արել շուտափույթ միջոցներ ձեռնարկել:

Կարծում եմ, հիմա ընթերցողների մի մասը կմտածի. “Այ մարդ, շատերն այսօր ուտելու բան չունեն, իսկ դու խոսում ես նրա մասին, թե ինչ է լինելու 10 տարուց”: Այդ կերպ մտածողներին խորհուրդ եմ տալիս չընթերցել այս նյութը, իսկ մյուսներին հրավիրում եմ պատկերացնել մեր արդեն ոչ հեռավոր ապագան:

Եվ այսպես, պաշտոնական տվյալներով, վերջին տարիներին Հայաստանում ծնվող 100 աղջկան բաժին է հասնում 114-116 տղա: Միակ դրական բանն այստեղ այն է, որ շուտով մեր երկրում տունը մնացած աղջիկ չի մնա:): Իհարկե, սա կատակ է, իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան կարող է թվալ:

Իմ տպավորությամբ, իրավիճակը, կարծես, էլ ավելի վատ է, քան թվում է: Կինս պնդում է, որ իրենց դպրոցում վերջին երեք տարիներին առաջին դասարան ընդունել են ընդհանուր առմամբ 130 տղա եւ 99 աղջիկ: Եվ սա մայրաքաղաքում: Տեղեկություններ կան, որ մարզերում ամեն դասարանում ընդամենը 2-3 աղջիկ կա, մնացածը տղաներ են:

Շատերը (հատկապես ոչ մասնագետները) պնդում են, որ ստեղծված իրավիճակը պատերազմի հետեւանք է. ասում են, պատերազմներից հետո տղաներ շատ են ծնվում: Չեմ բացառում: Բայց իրականությունը դրանից չի փոխվում: Ավելին, եվրոպական փորձագետները, ովքեր ուսումնասիրել են համանման իրավիճակն այլ երկրներում, հասկացնում են, որ կա նաեւ ավելի պարզունակ եւ բացատրելի պատճառ՝ աբորտներ: Ապագա ծնողների մի մասն ընդհատում է հղիությունը, հենց իմանում է, որ աղջիկ է ծնվելու: Վարկած կա, որ դա պայմանավորված է հատկապես սոցիալական հանգամանքներով. զույգերն ուզում են ոչ միայն ցեղը շարունակող ունենալ, այլեւ ցանկանում են ապահով ծերություն, որը, նրանց կարծիքով, աղջիկը ապահովել չի կարող, քանզի նա “գնացող” է:

Խոստովանեմ՝ խնդիրը վաղուց եմ ուսումնասիրում: Զրուցել եմ մասնագետների հետ: Նրանցից մի քանիսը համոզված են, որ մեղավորը… տեխնիկական առաջընթացն է: Բանն այն է, որ պտղի հետազոտման նորագույն սարքերն այնքան են կատարելագործվել, որ երեխայի սեռը կարելի է գուշակել հղիության արդեն երկրորդ ամսում: Երեւանի տարբեր պոլիկլինիկաներում կան մասնագետներ, ովքեր ընդամենը 5000 դրամով անսխալ կերպով կարող են ասել, ով է ծնվելու 6-7 ամիս հետո: Խնդրի բարոյական կողմը նրանց չի հետաքրքրում, եւ նրանք դժվար թե գիտակցեն, որ այդպիսով դառնում են սպանության մեղսակից: Մյուս կողմից, ապագա ծնողները կարող են համոզել բժիշկին, որ ընդամենն ուզում են իմանալ, առողջ է արդյոք պտուղը, թե ոչ:   

Ինչեւէ, մենք էլ մի կողմ թողնենք հույզերը եւ փորձենք հասկանալ, թե ինչ է մեզ սպասում 10 տարի հետո:

1. Իրավիճակն անխուսափելիորեն հանգեցնելու է վաղ ամուսնությունների աճին, աղջիկների զգալի մասն ամուսնանալու է դպրոցն ավարտելուն պես, մի մասն էլ գուցե եւ չհասցնի միջնակարգ կրթություն ստանալ:

2. Հիշո՞ւմ եք “Հարսնացուն Հյուսիսից” հանճարեղ ֆիլմը: 10-15 տարի անց դրա սյուժեն համատարած բնույթ է կրելու. հայ տղաները ստիպված են լինելու մեկնել արտասահման՝ երկրորդ կեսին գտնելու համար: Հարեւան երկրներից հարս բերելը գրեթե անհնար է՝ Վրաստանն ունի նույն խնդիրը, իսկ Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը բազմաթիվ պատճառներով գրեթե բացառվում են: Նշանակում է, մնում են հեռավոր երկրները եւ, առաջին հերթին, Ռուսաստանը…

3. Չկա ոչ մի երաշխիք, որ հարսնացուն հյուսիսից կցանկանա հեռավոր Հայաստան տեղափոխվել, ավելի հավանական է, որ կփորձի ամուսնուն համոզել մնալ այնտեղ: Առավել եւս որ դրա համար պարարտ հող կա՝ սոցիալական բարենպաստ վիճակը: Այսինքն, իրավիճակը նպաստելու է նաեւ արտագաղթին, ու մեկնելու է առաջին հերթին աշխատավոր ուժը: Մեկնելու է եւ, հավանաբար, այլեւս չի վերադառնալու…   

4. Հնարավոր է նաեւ ամուսնացողների տարիքային բալանսի խախտում, երբ երիտասարդ տղամարդիկ կամուսնանան ավելի տարեց կանանց հետ: Այս պարագայում առաջանում է ընտանիքի ամրության եւ երեխա ունենալու խնդիրը:

5. Ինչպես ցույց է տվել ասիական որոշ երկրներում համանման իրավիճակի ուսումնասիրությունը, աղջիկների պակասը կարող է հանգեցնել նաեւ համասեռամոլության աճին: Չեմ կարող ասել, թե որքանով է դա իրատեսական մեր երկրի դեպքում, բայց, կարծում եմ, ոչինչ բացառել չարժե:

Այս կետերից յուրաքանչյուրն իր հերթին անխուսափելիորեն կհանգեցնի այլ հետեւանքների: Օրինակ, վաղ ամուսնությունները կբերեն վաղ հղիությունների եւ ամուսինների երիտասարդ տարիքով պայմանավորված մի շարք ընտանեկան խնդիրների, իսկ օտարերկրյա հարսնացուների համատարած աճը կհանգեցնի օտարալեզու դպրոցների, դասարանների ավելացմանը: Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ երեխաների դաստիարակությամբ զբաղվում են հիմնականում մայրերը, դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հետեւանքներ կլինեն ազգային արժեքների պահպանման առումով:

Իհարկե, ես ամենեւին էլ դեմոգրաֆ կամ սոցիոլոգ չեմ, եւ բոլոր վտանգներն ու սպառնալիքները պետք է առաջին հերթին նրանք գնահատեն եւ հնչեցնեն: Առայժմ նրանց ձայնը լսելի չէ…

Իսկ կա՞ արդյոք ելք: Կամ ի՞նչ է պետք անել իրավիճակը շտկելու համար:

Խոսքս ուղղում եմ կառավարությանը, մասնավորապես՝ Առողջապահության նախարարությանը: Առաջին տեսանելի ելքը, իմ կարծիքով, հետեւյալն է. պետք է արգելել բուժհիմնարկներին ասել ապագա ծնողներին երեխայի սեռն այնքան ժամանակ, մինչեւ օրենքի տեսակետից աբորտն այլեւս անհնար կլինի: Օրինակ, մինչեւ հղիության 6-րդ ամիսը: Ի դեպ, սա նաեւ կնվազեցնի աբորտների ընդհանուր քանակը եւ, որպես հետեւանք, կնպաստի ծնունդների աճին:

Սա բավականին պարզունակ գաղափար է, եւ այս պահին ես չեմ պատկերացնում դրա իրականացման մեխանիզմները: Գուցե անհրաժեշտ լինի օրենք փոխել: Գուցե պետք լինի զրուցել բժիշկների հետ, զգուշացնել պատասխանատվության մասին, սահմանել հսկողություն, տեսախցիկ տեղադրել նրանց կաբինետներում, խստորեն պատժել օրինազանց բժիշկներին: Չգիտեմ՝ էլ ինչ կարելի է անել, հատկապես բժիշկների պարագայում. մի տեսակ չեմ պատկերացնում փողից հրաժարվող բժիշկի:): Բայց որ ինչ-որ բան պետք է անել արդեն այժմ, ակնհայտ է…

Ու մի բան էլ. ենթադրում եմ, որ ընթերցողներիս մի մասը կմտածի, որ այս խնդիրն իրեն եւ իր երեխաներին հաստատ կշրջանցի: Ի՞նչ ասեմ. Աստված տա: Բայց եթե հանկարծ 10 տարի անց խնդիրն այնուամենայնիվ թակի ձեր դուռը, կրկին նայեք այս հրաշալի ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=slyfEE7qF-4, այն նաեւ ուղեցույց է, թե ինչ եւ ինչ հերթականությամբ դուք պետք է անեք եւ հատկապես ինչ ոչ մի դեպքում անել պետք չէ:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին