Քարվաճառյան սկզբունքներ vs. Մադրիդյան սկզբունքներ - Mediamax.am

Քարվաճառյան սկզբունքներ vs. Մադրիդյան սկզբունքներ
16676 դիտում

Քարվաճառյան սկզբունքներ vs. Մադրիդյան սկզբունքներ


Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի օրը մի խումբ քաղաքացիներ հրապարակեցին Քարվաճառյան Հռչակագիրը, որը Քարվաճառ քաղաքում երկար տարիների ընթացքում հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների կողմից Հայոց պետականության զարգացման եւ անկախության հաստատման գաղափարի քննարկման արդյունք է: Կարեւոր է, որ այդ սկզբունքները քաղաքացիների համար անբեկանելի են եւ հիմնարար: Հռչակագրի նպատակն է լուծել Հայոց պետականության առջեւ ծառացած անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ:

Հռչակագիրը բաղկացած է չորս հիմնական կետերից եւ ամբողջական բնույթ ունի: Այսինքն` հիմնական նպատակը հռչակագրի ամբողջական կետերի իրականացումն է, քանի որ դրանք իրար հետ փոխկապակցված են եւ առանձին-առանձին չեն կարող կյանքի կոչվել: Հռչակագիրը նաեւ բաց է ցանկացած քաղաքացու համար, ով կցանկանա միանալ: Հռչակագիրը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի նոր կառավարման մոդելի ձեւավորման  համար:

Այն նաեւ հանրային քննարկման կարիք ունի, որպեսզի Հռչակագիրը ընկալելի դառնա հասարակության անդամների համար, ինչպես նաեւ վերջինիս շուրջ ծագած հարցերը ստանան իրենց պատասխանները:

Կետերից մեկում հստակ խոսվում է հայրենատիրության սկզբունքների՝ հայրենի ողջ տարածքի նկատմամբ անժամանակյա, անօտարելի եւ բացարձակ իրավունքի մասին: Ավելի կոնկրետ՝ Հռչակագրում նշված է. «Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ՝ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի եւ անսակարկելի են»:

Արցախյան պատերազմից հետո Հայաստանում վերջապես ձեւավորվել է հասարակության մի խավ, որի համար անընդունելի է Արցախի ներկայիս տարածքի որեւիցե զիջում: Վերջապես, մարդկանց ավելի հստակ խումբ է ձեւավորվում, ովքեր պայքարելու են, որպեսզի տարածքների պահպանման խնդիրը հանրային քննարկումներից տեղափոխվի քաղաքական օրակարգ:

Այս առումով այսպես կոչված Քարվաճառյան սկզբունքներն ամբողջովին հակասում են Մադրիդյան սկզբունքներին, քանի որ Մադրիդյան սկզբունքների հենց առաջին կետը ենթադրում է Արցախի ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Այդ իսկ պատճառով Մադրիդյան սկզբունքները անընդունելի են դառնում, քանի որ դրանք ոչ միայն մարտահրավեր են նետում Հայաստանի անվտանգության համակարգին, այլ նաեւ հակասում են Քարվաճառյան սկզբունքներին: Այդ ամենը լավ հասկանալով` Հռչակագիրն ընդունողների հիմնական խնդիրը պետք է լինի չեզոքացնել Մադրիդյան սկզբունքները եւ բանակցային սեղանի օրակարգ բերել Արցախի տարածքային ամբողջականության պահպանման հարցը: Եվ այդ ամենը պետք է կատարվի անվտանգության պահպանման սկզբունքներից ելնելով, որը թույլ է տալիս միջազգային իրավունքը:

Քանի որ ներկայիս քաղաքական վերնախավը բանակցային գործընթացը վարում է «Աղդամը մեր հայրենիքը չէ» տրամաբանության շրջանակներում, որի արդյունքում էլ ծնվել են Մադրիդյան սկզբունքները, ապա նաեւ խնդիր կլինի քաղաքական վերնախավի հետ եւս լայնածավալ աշխատանք կատարել: Քարվաճառյան սկզբունքների իրացման փուլում պետք է մեկուսացվեն Մադրիդյան սկզբունքները եւ նման քաղաքական գործիչները, քանի որ թե մոտեցումը, թե նրա կրողները մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար:

90-ականներին Հայաստանը կանգնած էր պատմության լուսանցք անցնելու վտանգի առաջ, սակայն հայ ժողովուրդը ոչ միայն կարողացավ չեզոքացնել այդ վտանգը, այլ նաեւ կենսական նշանակության տարածքներ ազատագրեց Հայոց պետականության կայացման համար: Այսօրվա գլխավոր մարտահրավերներից են 42 հազ. ք. կմ տարածքի անձեռնմխելիության եւ անսակարկելիության հաստատումը, ինչպես նաեւ Սահմանադրական կարգի հաստատումը այդ տարածքումը: Վերջիններիս իրականացման հիմքերից մեկը կլինի Քարվաճառյան Հռչակագիրը:

Արմեն Գրիգորյանը «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին