Լրատվական sado-mazo - Mediamax.am

Լրատվական sado-mazo
16621 դիտում

Լրատվական sado-mazo


Հաճախ եմ մտածում Երեւանում հավատարմագրված դեսպանությունների այն աշխատակիցների մասին, որոնք ամեն օր պատրաստում են մամուլի տեսություններ: Նրանք ամեն օր ստիպված են լինում թարգմանել այն ցնդաբանություններն ու այլանդակությունները, որոնք մեր օնլայն ու տպագիր մամուլը ներկայացնում է որպես «լրատվություն»:

Իսկ հիմա պատկերացնենք, որ Բեռլինում, Փարիզում կամ Վիեննայում` ԱԳՆ-ի Հայաստանի հետ հարաբերությունների համար պատասխանատու բաժնում աշխատանքի է անցնում մի նոր պաշտոնյա ու ստանում է այս շաբաթվա Հայաստանի մամուլի տեսությունը: Նա, երևի, կկարծի, որ տեսություն պատրաստողը եղել է, մեղմ ասած, ոչ սթափ վիճակում: Հիմնավորե՞մ: Այս շաբաթվա Հայաստանի հիմնական նյուսմեյքերներն էին.

«Վարդանիկը» (Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը);
«Բուռնաշը» (ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը);
«Ճուտը» (Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին ղեկավար Սուրեն Սիրունյանը);
«Պալաչը» (գործարար Արթուր Հովհաննիսյանը):

Իսկ շաբաթվա հիմնական թեմաներն էին.

«Վարդանիկը» «Բուռնաշին» ինչ ասես չի ասել;

«Պալաչը» Գագիկ Ծառուկյանից ներողություն է խնդրել` նրան վիրավորելու համար;

Անժելա Սարգսյանը կարող է նաեւ լեսբուհի լինել:

Երեւի թե, եկել է ժամանակը խոստովանելու, որ սրա մեղավորները ոչ միայն այն լրատվամիջոցներն են, որոնք անկեղծ կարծում են, որ իրենց արածը որեւէ կապ ունի ժուռնալիստիկայի հետ, այլեւ բոլոր նրանք, ովքեր բացահայտ կամ քողարկված  սպառում են այդ լրատվական աղբը: Որտեղ կա լրատվական սադիզմ (ի դեմս` լրատվամիջոցների), այնտեղ էլ պետք է լինի լրատվական մազոխիզմ (ի դեմս` սպառողների):

Կասեք, որ եթե հասարակության մեջ կան երեւույթներ, դրանց մասին պետք է գրել: Բայց մի մոռացեք, որ լրատվամիջոցի առաքելությունը ոչ միայն տեղեկատվություն հաղորդելն է, այլեւ հասարակությանը կրթելը, երբեմն` զսպելը: Երբ ամեն օր տասնյակ կայքեր գրում են «Պալաչի» մասին, հասարակության մի մասը սկսում է որպես նորմալ երեւույթ ընկալել նման աննորմալ մականունով գործչի առկայությունը: Իսկ ամենազավեշտալին այն է, որ «Պալաչը» իր երբեմնի քավորի հասցեին արված անսպասելի սուր հայտարարություններից ամիսներ անց ներկայանում է մեղայականով` ասելով, որ դրանք արել է «անուշադիր» լինելու պատճառով կամ էլ «փորձի պակասն է» իրեն զգացնել տվել:

Միշտ էլ կլինեն մարդիկ, ում համար ընդունելի է «Պալաչ» մականունով լրատվական հերոսի կերպարը եւ որոնք բառիս բուն իմաստով ըմբոշխնում են Վարդան Ղուկասյանի եւ Աշոտ Աղաբաբյանի «նամակագրությունը»: Խնդիրն այն է, որ եթե մամուլը հրաժարվում է իր կրթական դերից, այդ մարդկանց քանակն օր օրի ավելանալու է` այլեւս ոչ մի շանս չթողնելով այս երկրին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին