Մի վատնեք իմ ժամանակը - Mediamax.am

Մի վատնեք իմ ժամանակը
10728 դիտում

Մի վատնեք իմ ժամանակը


«Մի վատնեք իմ ժամանակը» (Don’t waste my time) արտահայտությունն արմատացած է արեւմտյան մշակույթում: Մինչ զարգացած երկրները “Not wasting time” գաղափարախոսության ներքո կատարելագործում են սպասարկումը պետական մարմիններում` բյուրոկրատիայի եւ կոռուպցիայի նվազագույն դրսեւորումներից անգամ խուսափելու համար, մեզ մոտ «բարեփոխումների» ներքո մարդկանցից գումարներ շորթելու նոր մեթոդների որոնման մեջ են:

Այս համոզմանն եկա վերջերս, երբ հանգստի մեկնելու համար ստիպված էի ներկայանալ տարածքային անձնագրային բաժանմունք եւ երկարացնել օտար երկրներում անձնագրի վավերականության ժամկետը: Ի՞նչ եք կարծում, քանի՞ ժամ պահանջվեց անձնագրում մեկ կնիք եւ մեկ ստորագրություն ստանալու համար:

Պատրաստ եմ անտեսել այն հանգամանքը, որ Նոր Նորքի տարածքային անձնագրային բաժանմունքը գտնվում է բնակիչների համար անհարմար վայրում եւ կատարյալ պայմաններով չի փայլում:

Հատկապես ամառային այս օրերին, երբ շատերը փորձում են երկրից դուրս կազմակերպել իրենց հանգիստը, անձնագրային բաժանմունքում կարելի է հանդիպել տարբեր սենյակների դռների առջեւ իրենց հերթին սպասող եւ անտեղի ժամանակ վատնող բազմաթիվ բնակիչների:

Բնակիչների կուտակումների պատճառները տարբեր են`չնայած որ սպասարկող անձնակազմը մեծ չէ, ծառայողներից շատերին դժվար է գտնել իրենց աշխատասեղանի մոտ: Բացի այդ, չկա մեկը, ում գործառույթը կլինի տեղեկատվական աջակցություն ցուցաբերելը, թե կոնկրետ ծառայություններից օգտվելու համար ո՞ր պատուհանին մոտենալ եւ ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել:

Շփոթված բնակիչը առաջին իսկ պատահած պատուհանի մոտ մեկ ժամ հերթ կանգնելուց հետո սպասարկողից պարզում է, որ պատասխանի համար պետք է մեկ այլ աշխատողի դիմի: Այս աշխատողն էլ որեւէ ծառայության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը թվարկելիս հաջողությամբ մոռանում է նշել դրանցից մեկը, եւ բնակիչը ստիպված է լինում տարբեր պատուհանների մոտ նորից սպասել իր հերթին:

Էլ չասեմ այն մասին, որ վճարային տերմինալի մոտ (ինքնասպասարկում ենթադրող) կանգնում է աշխատողներից մեկը, ով բուն վճարումներից զատ ընդունում է «միջնորդավճարներ»` կախված վճարվող գումարի չափից, իսկ լրացման համար անհրաժեշտ դիմումի ձեւերը վաճառվում են բաժանմունքի կողքին գտնվող պատճենահանման կրպակում, որի առջեւ եւս հերթերի պակաս չկա:

Տեխնոլոգիական այս դարաշրջանում, երբ հեշտությամբ կարելի է խուսափել ավելորդ թղթաբանությունից եւ ժամանակ խնայել, ես եւ ընտանիքիս անդամները ստիպված եղանք բաժանմունք այցելել երեք անգամ` յուրաքանչյուր այցելության ընթացքում այնտեղ ժամեր վատնելով:

Որպեսզի իմ ներկայացրած պատկերն ավելի ամբողջական լինի, առաջարկում եմ դիտել լուսանկարները, որոնք արվել են օրվա վերջում, երբ կուտակումները համեմատաբար թեթեւացել էին:

Մարիամ Մանոյանը Մեդիամաքսի թղթակից է:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ վճռական չենք

Մի վատնեք իմ ժամանակը

Ի՞նչ գեյ պարադ
Մեր ընտրանին