Հին խնդիրներ, նոր միջավայր.ԱԳՆ ղեկը ստանձնելիս - Mediamax.am

Հին խնդիրներ, նոր միջավայր.ԱԳՆ ղեկը ստանձնելիս
13846 դիտում

Հին խնդիրներ, նոր միջավայր.ԱԳՆ ղեկը ստանձնելիս


1998թ. ապրիլին նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանն ինձ հրավիրեց նախագահական նստավայր` քննարկելու իմ հավանական նշանակումը արտաքին գործերի նախարարի պաշտոնին: Չնայած նա ինձ համարում էր առաջինը արտգործնախարարների թեկնածուների ցուցակում, սակայն այդ նշանակման հետ կապված որոշ մտահոգություններ ուներ՝ քաղաքական ընկալումների եւ իրավական հարցերի առումներով: Առաջինը՝ ինչպես Իրանը եւ Ռուսաստանը կընկալեին իմ նշանակումը` հաշվի առնելով այդ պահին իմ՝ ԱՄՆ քաղաքացի լինելը, եւ երկրորդը՝ արդյո՞ք ես պատրա՞ստ էի հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից` Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու համար: Երկրորդ հարցի պատասխանը չհապաղեց. ես համաձայնեցի հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից, ինչը եւ որոշիչ եղավ Իրանի եւ Ռուսաստանի մասով Քոչարյանի մտահոգությունները փարատելու համար:

Ռոբերտ Քոչարյանի հետ իմ առաջին շփումները սկսվել էին 1994թ. դեկտեմբերի ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովից հետո, երբ ես որպես Հայաստանի փոխարտգործնախարար եւ Ղարաբաղյան հակամարտության հարցերով հատուկ բանագնաց մեկնել էի Արցախ: Մեր շփումներն ավելի հաճախակի դարձան, երբ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ:

Հրաժարում ԱՄՆ քաղաքացիությունից


1998թ. ապրիլի 18-ը իմ եւ իմ ընտանիքի համար կարեւոր օր էր: Մենք ամբողջ ընտանիքով գնացինք Բաղրամյան փողոցում գտնվող Հայաստանում ԱՄՆ դեսպանություն, որտեղ ես վկաների ներկայությամբ հրաժարվեցի ԱՄՆ քաղաքացիությունից: Արարողությունը կատարվեց դեսպան Փիթեր Թոմսոնի, նրա կնոջ՝ Քիմ Թոմսոնի եւ դեսպանության առաջին քարտուղար Բրեյդի Քիսլինգի ներկայությամբ: Այդ օրերին ես նաեւ նամակով Սիրիայի դեսպանությանը հայտնեցի, որ հրաժարվում եմ այդ երկրի քաղաքացիությունից:

Ընդամենը հինգ տարի առաջ` 1992թ., ԱՄՆ-ում ես այդ երկրի քաղաքացիություն էի ստացել: 1980-ականների կեսերին արդեն որոշել էի, որ Միացյալ Նահանգները կլինի իմ բնակության հիմնական վայրը: Առաջին զավակս՝ Արան, ծնվել էր 1984թ. Բոստոնում, իսկ երկրորդը՝ Արմանը, 1988թ.՝ Լոս Անջելեսում: Ես արդեն դիմել էի ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար եւ նույնիսկ իրականացրել այսպես կոչված «ամերիկյան երազը»՝ 1988թ. գնելով մեր առաջին ընտանեկան տունը:

Նույնիսկ 1980-ականների վերջերին, չնայած Գորբաչովի սկսած բարեփոխումներին, ոչ ոք չէր կարող կանխատեսել Խորհրդային Միության ամբողջական փլուզումը:

Աշխարհաքաղաքական կլաուստրոֆոբիա


Փոքր տարածքներում ես ինձ երբեք հանգիստ չեմ զգացել, բայց որ մարդ բաց երկնքի տակ կարող է տառապել աշխարհաքաղաքական կլաուստրոֆոբիայով, ինձ համար հայտնություն էր: Այդպիսի զգացում ունեցա 1996թ. դեկտեմբերի 16-ին, երբ ԵԱՀԿ մշտական խորհրդի երկար ու ծանր հանդիպումներից եւ նիստերից հետո վերադարձա հյուրանոցային իմ համարը` մի քանի ժամ հանգստանալու եւ պատրաստվելու ԵԱՀԿ նախագահների գագաթաժողովին, որը պետք է կայանար հաջորդ օրն առավոտյան: Դրան մասնակցելու համար Լիսաբոն էր ժամանել նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այդ օրերին ես զբաղեցնում էի փոխարտգործնախարարի պաշտոնը եւ ղեկավարում էի ԵԱՀԿ մշտական խորհրդում Լիսաբոնյան գագաթաժողովը նախապատրաստող ՀՀ պատվիրակությունը:

Այդ օրվա ողջ ընթացքում փորձ էր արվում ավարտական տեսքի բերել գագաթաժողովին առնչվող բոլոր փաստաթղթերը: Նիստը շարունակվեց մինչեւ վաղ առավոտ հիմնականում այն պատճառով, որ համաձայնություն չկար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերող որոշման շուրջ, որը պետք է տեղ գտներ գագաթաժողովի քաղաքական հայտարարության մեջ: Ադրբեջանը ջանք չէր խնայում անելու հնարավորը, որպեսզի ԵԱՀԿ եզրափակիչ հայտարարության մեջ ամրագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` որպես բարձր ինքնավարություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ես, բնականաբար, հակադրվում էի դրան իմ հիմնավորումներով:


Լուսանկարը՝ Վ.Օսկանյանի արխիվից
ԼՂ հարցով 1994-98 թթ. ՀՀ բանակցային խումբը Հելսինկիում 1996թ.՝ Լիսաբոնի գագաթաժողովից առաջ: Ձախից աջ՝ Արսեն Գասպարյան, Վարդան Օսկանյան, Արմեն Խարազյան:


Կազմակերպության ընդհանուր տրամադրությունները նպաստավոր չէին հայկական հիմնավորումների համար: Խորհրդային Միության փլուզման բացասական հետեւանքները դեռ շարունակում էին իրենց զգացնել տալ: Նախկին Հարավսլավիայում արյունահեղությունը չէր դադարում, եւ ոչ ոք չէր ցանկանում լսել ինքնորոշման եւս մեկ խնդրի մասին:

Հյուրանոցի իմ սենյակում մտաբերելով օրվա իրադարձությունները՝ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների համաձայնեցված կրքոտ ելույթները հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ եվրոպական տերությունների լռությունը, նաեւ՝ Հայաստանի ու Իրանի միջեւ թերզարգացած հաղորդակցությունն ու ենթակառուցվածքները, մոտս ակամա աշխարհաքաղաքական կլաուստրոֆոբիա առաջացրին: Ես կրկին համոզվեցի, որ մենք միայն մեզ վրա կարող ենք հույս դնել:

Նույն խնդիրները՝ փոփոխված միջավայրում

Լիսաբոնից այդ դրվագը մտքումս վերակենդանացավ, երբ արդեն որպես նորանշանակ նախարար իմ առանձնասենյակում, քարտեզի առջեւ մտորում էի արտաքին քաղաքականության մասին՝ վերհիշելով անկախությունից ի վեր մեր անցած ճանապարհը, վերլուծելով վարած արտաքին քաղաքականությունը, գնահատելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը եւ վերջիվերջո՝ փորձելով վեր հանել մեր առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանք հաղթահարելու ուղիները:

Այդ օրերին ավարտում էի Առաջին Հանրապետության շրջանի վերաբերյալ Սիմոն Վրացյանի եւ Ալեքսանդր Խատիսյանի հուշերի իմ երկրորդ ընթերցանությունը: Առաջին անգամ այդ գրքերը կարդացել էի 70-ականներին՝ Հայաստանում, ուսանողական տարիներիս. դրանք Երեւան էին բերել սփյուռքահայ ուսանողները:

Նախարարությունում աշխատելու շրջանում, ապա նախարարի պաշտոնում Ռիչարդ Հովհաննիսյանի Առաջին Հանրապետության մասին քառահատոր անգլալեզու աշխատությունն իմ սեղանի գիրքն էր, տեղեկատվության եւ վերլուծության աղբյուրներից մեկը:

Ապշեցուցիչ էր, որ գրեթե մեկ դար անց Երրորդ Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերներն ու խնդիրներն այդքան նման էին դարասկզբի մարտահրավերներին ու խնդիրներին: Երկու համաշխարհային պատերազմ անցած եւ հինգ տասնամյակ Սառը պատերազմ վերապրած աշխարհի այս մասում կարծես ոչ մի խնդիր չէր լուծվել: Երբ 1918թ. մայիսի 28-ին Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն՝ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության առջեւ ծառացած էին արտաքին-քաղաքական բազմաթիվ խնդիրներ` անկախության ճանաչումից մինչեւ պատմական սահմանների վերականգնում` համարյա բոլոր ուղղություններով: Թուրքերի հետ վեճի առարկա էր Կարս-Արդահանից մինչեւ Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթների հարցը, Վրաստանի հետ` Լոռին եւ Ջավախքը, Ադրբեջանի հետ` Դաշտային եւ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը: Այսօր այդ բոլոր խնդիրները՝ տարբեր տարողությամբ, մեկնաբանությամբ եւ ակնկալիքներով, արծարծվում են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական ներկապնակի ծրագրերում եւ օրակարգերում:

Սակայն պետական օրակարգում, դրանցից թերեւս արդիական էին Վրաստանի հետ սահմանների սահմանազատման, թուրքերի հետ` դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման խնդիրը, իսկ Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Այն, ինչ դարասկզբի համեմատությամբ ենթարկվել էր կտրուկ փոփոխության, աշխարհաքաղաքական միջավայրն էր, ուժերի դասավորությունը, գերտերությունների միջեւ փոխհարաբերությունների որակը եւ տարածաշրջանի քաղաքական միավորների հարաբերությունները միմյանց, ինչպես նաեւ ուժային կենտրոնների հետ:

Հիմնավորապես փոխվել էր Հայաստանի կենսական միջավայրը: Այն ավելի լայն հարցադրումներ էր պարունակում եւ ավելի փոխլրացնող լուծումներ պահանջում, քան անցյալում: Դեռ մեկ տասնամյակ առաջ ԽՍՀՄ-ը կովկասյան ժողովուրդների անվտանգության երաշխավորն էր, իսկ խորհրդա-թուրքական սահմանը` առճակատման մի գիծ, որի մի կողմում Վարշավյան դաշինքն էր, մյուս կողմում` Հյուսիսատլանտյանը: Խորհրդային սահմաններ այլեւս չկային: Դրանց երկայնքով ապրող ժողովուրդները վերագտել էին իրենց անկախությունն ու դարձել այդ միջավայրի ինքնուրույն ուժը` սեփական շահերով ու նպատակներով: Ավելի բազմազան ու մրցակցային էին դարձել տարածաշրջանային հարաբերությունները: Միջավայրի նկատմամբ հարաճուն ազդեցություն էին ձեռք բերել քաղաքական, տնտեսական, էթնիկական ու կրոնական գործոնները: Նոր իրողություններն իրենց հետ բերել էին նոր հնարավորություններ, սպառնալիքներ ու մտահոգություններ:

Այդուհանդերձ, հիմնական չափանիշներով, մեր տարածաշրջանը մնում էր ֆրագմենտացված՝ զուրկ կայունության ու անվտանգության ընդգրկուն մեխանիզմներից: Արտաքին կամ ներքին անկայունությունը, ճգնաժամերը, էթնիկական ու կրոնական հակասությունները, զինված հակամարտություններն անմիջական ներգրավման մեջ են պահում տարածաշրջանի բոլոր պետություններին ու հասարակություններին: Չկարգավորված հակամարտություններն ու չկայացած հարաբերություններն այնպիսի սուր հարցադրումներ են առաջ բերել, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության ու ժողովուրդների ինքնորոշման խնդիրները:

Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգը էական փոփոխություններ չէր կրել անկախության առաջին օրվանից ի վեր: Մեր ժողովրդի համար ֆիզիկական ու տնտեսական անվտանգության ձեռքբերումը, անմիջական եւ ոչ անմիջական հարեւանների հետ առավել խորը հարաբերություններ հաստատելու ձգտումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու տեւական կարգավորման հասնելը, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը, տարածաշրջանային համագործակցությունը, եվրոպական ինտեգրացիան, ինչպես նաեւ զինաթափման, ահաբեկչության դեմ պայքարի, գլոբալիզացիայի, մարդու իրավունքների ու ժողովրդավարության խթանման համաշխարհային խնդիրները մինչ օրս մեր առջեւ կանգնած մարտահրավերներ են:

1998թ. երկրի ներսում եւ դրանից դուրս տեղի ունեցող իրադարձությունները ինչ-որ տեղ արդեն ուրվագծել էին մեր քաղաքականության շրջանակները: Միջազգային ասպարեզում իր ավարտին էր հասնում ռուս-ամերիկյան մեղրամիսը: Ռուսաստանն առավել հավակնոտ էր դառնում միջազգային հարաբերություններում եւ սկսել էր համաշխարհային խնդիրներում իր դիրքորոշումները առավել անզիջում պաշտպանել: Մեզ նման երկրի համար այս փոփոխությունները նշանակում էին սահմանափակ ճկունություն եւ խուսանավելու նվազ հնարավորություններ:

Տարածաշրջանային մակարադակում հակամարտությունները դեռեւս ծխում էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ Վրաստանում: Միջազգային հանրությունն ընդսմին առավել հստակ դիրքորոշում էր որդեգրել հակամարտությունների վերաբերյալ եւ արտահայտվել տարածքային ամբողջականության սկզբունքին նախապատվությունը տալու օգտին: Ամենից շատ Ադրբեջանը սրան էր ձգտում, որպեսզի արդարացնի իր հավակնությունները Ղարաբաղի նկատմամբ: Արդեն գրեթե կնքված էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պայմանագիրը: Սա ոչ միայն համարձակություն էր հաղորդել Ադրբեջանին, այլեւ ուժեղացրել Թուրքիայի դերը տարածաշրջանում:

Կոմպլեմենտարիզմ

Ինձ համար ակնհայտ էր, որ անհրաժեշտ էր այնպիսի գաղափարական հենք, որը մեզ հնարավորություն կտար ճիշտ մանեւրել եւ արդյունավետ աշխատել այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Այդ հենքը փոխլրացման քաղաքականությունն էր: Սա ավելին էր, քան հավասարակշռության կամ չեզոքության  քաղաքականությունը: Սա առավելագույն ներգրավվածության եւ ամենալայն համագործակցության քաղաքականություն էր:

Մտածողությունն այն էր, որ մենք պետք է վճռական ու բաց լինեինք մեր ընկերների ու հակառակորդների հետ: Մենք պետք է հայտարարեինք, որ  պարտավորված չենք ընտրելու ընկերների միջեւ, որ Հայաստանը կարող է լինել այն վայրը, որտեղ Եվրոպական Միության, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների կամ որեւէ երկու ենթադրաբար մրցակից երկրների մասամբ համընկնող շահերը կարող են բավարարվել: Ավելին` հետամուտ լինելով մեր ազգային շահերի իրականացմանը՝ մենք պետք է վերահաստատեինք, որ նրանց հակադրվող շահերը երբեւէ չեն շահարկվի` մեկին  մյուսի դեմ հանելով: Մենք պետք է մերժեինք վերադարձը սառըպատերազմյան մտածողությանը` պնդելով, որ որեւէ մեկի, այդ թվում՝ մեծ տերությունների շահերից չի բխում վերադարձը այդ ժամանակաշրջանին:

Մենք հանձն առանք ուշադիր լինել Հայաստանին բարեկամաբար տրամադրված երկրների հանդեպ: Սա կանխարգելիչ միջոց էր` կամավոր համագործակցություն  ընտրելու այնտեղ, որտեղ ցանկալի է, որպեսզի  խուսափեինք պարտադրված գործակցությունից այնտեղ, որտեղ դա առարկելի էր:

Վերջապես, որպեսզի փոխլրացման քաղաքականությունը գործի, մենք պետք է ելնեինք այն համոզմունքից, որ ազգային  շահն անքակտելի է եւ այն պետք է դիտարկվի միջնաժամկետ եւ երկարաժամկետ տեսանկյունից, բայց ոչ երբեք` կարճաժամկետ նկատառումներից: Այլ կերպ ասած՝ ավելի  լայն պատկերը պետք է հաշվի առնվի:

Այսպիսով, փոխլրացման քաղաքականություն որդեգրելը եւ մեր կողմից  իրար բացառող եւ հակադրվող սառըպատերազմյան հասկացություններից հրաժարումը մեզ համար դաշտ ստեղծեց, որ կարողանանք նույն բնագավառներում ազատ համագործակցել մի կողմից Միացյալ Նահանգների, մյուս կողմից՝ Ռուսաստանի, կրկին՝ մի կողմից Միացյալ Նահանգների ու Եվրոպական Միության, մյուս կողմից՝ Իրանի հետ՝ խուսափելով այդ երկրների շահերն իրար հակադրելուց: 

Սա առանցքային էր կոմպլեմենտար քաղաքականության հաջողության համար, եւ այն լավագույն դրսեւորումը ստացավ անվտանգության նման բարդ միջավայրում:

Առանց այս քաղաքականության հնարավոր չէր լինի շարունակել  ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ եւ միաժամանակ խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ այն հասցնելով անդամակցությունից ցածր հնարավոր ամենաբարձր մակարդակին: Նախկին խորհրդային տարածքում մենք միակ երկիրն էինք, որ նման բազմաշերտ դաշնակցություններ ուներ: Մենք համոզված էինք, որ թե՛ ՀԱՊԿ-ն, թե՛ ՆԱՏՕ-ն խաղաղություն  եւ անվտանգություն են ցանկանում, եւ մենք առաջ ընթացանք՝ աչքի առաջ ունենալով Հայաստանի շահը եւ մեծ տերությունների երկարաժամկետ շահերը:

Ահավասիկ, Քոչարյանին արտաքին քաղաքականության այսպիսի գաղափարական հենք ներկայացրեցի, որը եւ դարձավ հաջորդ տարիների արտաքին քաղաքականության մեր հիմնական ուղեցույցը:

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին