Պատերազմը` խաղաղության հաստատման միջոց - Mediamax.am

Պատերազմը` խաղաղության հաստատման միջոց
9130 դիտում

Պատերազմը` խաղաղության հաստատման միջոց


Հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունները հերթական անգամ կյանքեր խլեցին: Դա տեղի էր ունենում Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարած այցի ժամանակ, եւ ցույց տվեց, որ հակամարտության լուծման միակ կողմը կարող է լինել Հայաստանը, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում հաշվի նստել միջազգային հանրության հետ:

Հասկանալի է նաեւ, որ Ադրբեջանը պատրաստ է ժամանակ առ ժամանակ նման հարձակումներ կազմակերպել, որոնք մեծ վտանգ են պարունակում: Իսկ նման երեւույթներին վերջ տալու տարբերակներից մեկը կարծես թե դառնում է պատերազմը:

1994 թ. կնքված հրադադարի մասին եռակողմ պայմանագիրը պատերազմի ավարտի հիմք չհանդիսացավ: Այն ավելի շատ ռազմական մրցավազքի հիմք դարձավ, որի արդյունքում մինչ օրս կողմերը փորձում են կուտակել հնարավորինս շատ ռազմական ուժ` ակնկալվող պատերազմում հաղթանակ ապահովելու համար:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը 1997 թ. գրեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը: Հեղինակը գտնում էր, որ իրականում մեր հակառակորդը միջազգային հանրությունն է, որին ձեռնոց ենք նետել: Կարծես թե միջազգային հանրության հանդեպ նույն վերաբերմունքը շարունակում է նաեւ ներկայիս իշխանությունը. «դրսին» հաշվետու լինելը ավելի կարեւոր է համարվում, քան սեփական հասարակության հանդեպ: Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանին դատապարտում է Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամլո ասուլիսում, իսկ մնացած կարեւոր պաշտոնյաները լռություն են պահպանում հարցի վերաբերյալ:

Արցախյան պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ էր ընդունել, որոնց շատ լուրջ էին վերաբերվում Երեւանում, սակայն առաջին գծում զինվորականները շատ դեպքերում այդ բանաձեւերին ուշադրություն չէին դարձնում եւ կատարում էին կենսական անհրաժեշտության գործողություններ՝ ազատագրում էին Քաշաթաղի շրջանը, Ակնը (Աղդամ) եւ այլ տարածքներ, որոնք անհրաժեշտ էին Հայաստանի անվտանգության պահպանման համար: Առաջին գծում շատ լավ էին հասկանում, որ մեր անվտանգության երաշխավորը եղել եւ մնում ենք մենք ու միայն մենք:

1999 թ. Էդուարդ Լաթուակը (Edward Luttwak) հրապարակեց իր «Հնարավորություն տվեք պատերազմին» «Give war a chance» հայտնի հոդվածը Foreign Affairs պարբերականում: Հեղինակը հոդվածում փաստարկում է, որ հրադադարը, երբեմն, ավելի թանկ է արժենում հասարակություններին, քանի որ մրցավազքը կողմերի միջեւ բազմաթիվ կյանքեր է խլում: Իսկ երկարատեւ հրադադարից հետո սկսված պատերազմները ավելի լայնածավալ են լինում եւ ավելի մեծ գին են ունենում: Այդ իսկ պատճառով հեղինակը փաստարկում է, որ պետք է պատերազմ սկսել, որպեսզի խաղաղություն ստեղծելու հնարավորություն լինի: Ըստ հեղինակի, պատերազմի պարադոքսալ տրամաբանությունը կայանում է նրանում, որ հնարավորության դեպքում այն օգտակար գործառույթ է կատարում` խաղաղություն է բերում:

Լաթուակի փաստարկները, կարծես, մեր իրականությանը շատ մոտ են: Հայաստանը զինադադարի պայմաններում շարունակում է կորուստներ կրել եւ մեծ միջոցներ է ծախսում մրցավազքից հետ չմնալու համար: Կարծես թե պատերազմը անհրաժեշտություն է դառնում, որպեսզի վերջնական հաղթանակ հաստատելու հնարավորություն ստեղծվի: Հակառակ դեպքում մենք պետք է շարունակենք խաղաղ պայմաններում զոհեր ունենալ ու մրցել նավթային դոլարների հետ:

Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին