Միացումը եւս ինքնորոշում է - Mediamax.am

Դեկտեմբեր 23, 2025
Միացումը եւս ինքնորոշում է
8637 դիտում

Միացումը եւս ինքնորոշում է


Արցախի հաղթանակը որակական նոր հատկանիշ տվեց հայ ժողովրդին: Գրեթե 700 տարվա մեջ առաջին անգամ մենք ոչ միայն անկախ պետականություն ստեղծելու հայտ ձեւակերպեցինք, այլ նաեւ պատմական հայրենիքը այդ նոր պետության մաս կազմելու պահանջ ներկայացրեցինք:

Երեւի թե սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ հայ ժողովուրդը գերազանցեց իր ձեւակերպած պահանջը եւ պատերազմի արդյունքում 42 հազ ք.կմ տարածքի վրա պետականություն կառուցելու ու զարգանալու պատմական հնարավորություն ստացավ:

Սակայն ռազմի դաշտում հաղթանակ տարած ուժերը չկարողացան այդ ճանապարհով տանել Հայաստանը: Նրանք ամրապնդեցին Արցախի «անկախության միֆը», որը իրականում շարժման հետ քիչ կապ ուներ: Այնուամենայնիվ, միացումը մնաց օրակարգում, եւ արդյունքում Հայաստանում ձեւավորվեց մարդկանց երկու խումբ: 

Առաջին խումբը պնդում է, որ ինքնորոշումը անկախացումն է ու այդ անկախացման միջազգային ճանաչումն է՝ այնուհետեւ հնարավոր է Հայաստանի հետ միացում: Մյուս խումբը պնդում է, որ միացումը հենց ինքնորոշումն է: Իմ համար եւս Արցախի ինքնորոշումը դա Հայաստանի հետ վերամիավորումն է` առանց անկախության միջազգային ճանաչման:

Ահա այն փաստարկները, որոնք ցույց են տալիս, որ ինքնորոշումը միայն անկախացումը չէ: Քրիստոֆեր Վելմանը գտնում է, որ լիբերալիզմի տեսանկյունից ինքնորոշումը ունի որոշ դատողություններ: Նախ, անհատը ունի բարոյական իրավունքներ, որոնք պետությունը չի կարող խախտել, հետո պետությունը չպետք է միջամտի քաղաքացու ինքնավարության ոլորտին վերաբերվող հարցերում: Ինքնավարության սկզբունքը լիազորում է անհատին պահանջել քաղաքական ինքնորոշում, որը իր մեջ ընդգրկում է նաեւ պահանջ տարածքի նկատմամբ:

Հարի Բերանի կարծիքով, լիբերալ ժողովրդավարության տեսությունը թույլ է տալիս ինքնորոշում, որպեսզի հնարավոր լինի կոնսենսուսի վրա հիմնված քաղաքական համակարգ ստեղծել: Նա նաեւ ավելացնում է, որ անհատների խումբը ունի քաղաքական ինքնորոշման ու անհատական իրավունքներ եւ պետք յուրաքանչյուր այդպիսի խմբի թույլ տալ ինքնորոշվել, եթե նրանք ապրում են կոմպակտ տարածքում, եւ եթե դա բարոյապես եւ գործնականում հնարավոր է: Այսինքն, լիբերալիզմի տեսանկյունից անհատի ինքնորոշվելը կոնկրետ կապված չէ անկախության հետ, այլ անհատի որոշման հետ, որը կարող է լինել ոչ միայն անկախություն:

Ինքնորոշման հետաքրքիր օրինակ է հանդիսանում նաեւ Արեւելյան ու Արեւմտյան Գերմանիաների վերամիավորումը:

Միջազգային իրավունքը եւս գրեթե նույն տրամաբանությամբ է աշխատում: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին հռչակագրում նշված է, որ բոլոր ժողովուրդները ունեն ինքնորոշման իրավունք, այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն հետամուտ լինում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացմանը:

Հելսինկիի եզրափակիչ ակտում նշված է, որ բոլոր ժողովուրդները մշտական ունեն ինքնորոշման իրավունք: Նրանք իրավունք ունեն ազատ որոշելու իրենց ներքին եւ արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, եւ կարող են հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացմանը ինչպես որ իրենք են ցանկանում:

Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի ու Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի առաջին հոդվածներում նշված է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը:

Հստակ է, որ ինքնորոշումը վերաբերվում է քաղաքական կարգավիճակի ընտրությանը ու Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ եւս քաղաքական կարգավիճակի ընտրություն է: Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ Արցախի տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ մշակութային զարգացումը կապված է Հայաստանի հետ եւ առանձին չի կարող լինել: Շատերը կփաստարկեն, որ միացմանը միջազգային հանրությունը դեմ կլինի ու հնարավորինս կխանգարի այդ գործընթացը, սակայն իրականում 1990-ականներին նույն միջազգային հանրությունը դեմ էր Արցախի եւ անկախացմանը եւ ներկայիս տարածքներով Ադրբեջանից անջատմանը, սակայն դա չխանգարեց այդ գաղափարը իրականություն դարձնել:

Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին