Հասարակածային արկածներ - Mediamax.am

Հասարակածային արկածներ
10972 դիտում

Հասարակածային արկածներ


2004թ. մարտի սկզբին ինձ զեկուցեցին, որ Հասարակածային Գվինեայում հայ օդաչուների վեցհոգանոց անձնակազմ է ձերբակալվել: Նրանք մեղադրվում էին այդ երկրի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասոգոյին (Teodoro Obiang Nguema Mbasogo) գահընկեց անելու փորձին մասնակցելու մեջ: Սկզբում ինձ այդ լուրը անհավանական թվաց: Սակայն դիվանագիտական խողովակներով շատ արագ հաստատվեց թե՛ ձերբակալության, թե՛ մեղադրանքի փաստը: Այդ պահին միանշանակ էր, որ հայ օդաչուներին Հայաստան վերադարձնելը դառնում է իմ առաջնային խնդիրներից մեկը, եւ որ ոչ մի պարագայում չի կարելի նրանց թողնել այդ բռնակալ երկրի արդարադատությանը:

Հասարակածային Գվինեան Աֆրիկայի ամենաավտորիտար երկրներից է: Այստեղ է գտնվում աշխարհի ամենասարսափելի բանտերից մեկը՝ Բլեք Բիչը (Black Beach), որտեղ, ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության, մշտապես մալարիայի ու դեղնախտի համաճարակ կա, ամենուրեք վխտում են առնետները: Այս ամենին գումարվում են սադիստ բանտապահները, որոնք բանտարկյալներին կտտանքների են ենթարկում կամ պարզապես սովամահ անում: Այսպիսով, եթե հայ օդաչուների դեմ ներկայացված մեղադրանքը հաստատվեր, նրանց հավանաբար կսպասեր այդպիսի դաժան ճակատագիր:

Հայերն ու հեղաշրջման փորձն Աֆրիկայում


Հայ օդաչուները Հասարակածային Գվինեա ժամանել էին 2004թ. հունվարին: Նրանց տրամադրության տակ  էր «ԱՆ-12» մի օդանավ, որը պատկանում էր Հայաստանում գրանցված «Դվին» կոնցեռնին: Ընկերությունը պայմանագիր էր կնքել գերմանական մի ընկերության հետ` աֆրիկյան մայրցամաքում ծառայություններ իրականացնելու վերաբերյալ: Գերմանական ընկերության սեփականատերն էր ոմն Յուջին Գերհարդ Մեցը: Այդ օրերին նման ծառայությունների տրամադրումը սովորական երեւույթ էր. նախկին ԽՍՀՄ բազմաթիվ օդաչուներ, իրենց երկրներում աշխատանք չունենալու պատճառով, մեկնում էին Աֆրիկա եւ աշխատում տարբեր կազմակերպությունների համար եւ իրականացնում ուղեւորների եւ բեռների փոխադրումներ:

2004թ. փետրվարին, Նիկ դը Տուա (Nick du Toit) անունով հարավաֆրիկացի մի գործարար, որ նախկինում զինվոր էր եղել, գերմանական այդ ընկերությունից վարձել էր «ԱՆ-12» ինքնաթիռը, իսկ գերմանացի գործարար Մեցը հայ օդաչուներին անձամբ հանձնարարել էր իրականացնել թռիչքը, ինչը եւ պատճառ էր դարձել, որ վերջիններս մեղադրվեն դավադրությանը մեղսակից լինելու մեջ: Այդ օրը հայ օդաչուները պետք է մեկնեին Զիմբաբվեի Նատոլա քաղաք, այնտեղից վերցնեին բեռ եւ այն փոխադրեին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Սակայն Նատոլայի օդանավակայանի փակ լինելու պատճառով տղաները չեն մեկնում Կոնգո եւ առանց որեւէ բեռի վերադառնում են Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո: Հաջորդ օրը նրանց ձերբակալում են:

Նման փորձ իրոք տեղի ունեցել էր՝ բրիտանական բանակի նախկին սպա Սայմոն Մենի (Simon Mann) եւ հարավաֆրիկացի Դը Տուայի մասնակցությամբ, որոնց աջակցել էին բրիտանացի վարձկանները: Բնականաբար նրանց ետեւում կային այլ անձինք, որոնցից մեկի անունը բացահայտվեց առաջին իսկ օրերին. դա Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի որդի Մարկ Թետչերն էր: Վերջիններս փորձել էին գահընկեց անել Աֆրիկայի երրորդ ամենախոշոր նավթարդյունահանող երկրի՝ Հասարակածային Գվինեայի 25 տարվա առաջնորդ Օբիանգին, ինչից հետո իշխանությունը պետք է անցներ երկրից արտաքսված ընդդիմադիրներին:

Հայ օդաչուների կալանավորման մասին լուրի հաստատումից անմիջապես հետո անցանք գործի. նախագահ Քոչարյանի կարգադրությամբ որոշվեց տղաներին Հայաստան վերադարձնելու համար ոչ մի բանի առջեւ կանգ չառնել: Եգիպտոսում մեր դեսպան Սերգեյ Մանասարյանին հանձնարարեցի մեկնել Մալաբո որպես այդ հարցով հատուկ հանձնարարություններով դեսպան: Գործի ողջ ընթացքում Մանասարյանը բազմաթիվ անգամ այցելեց Մալաբո եւ ներկա եղավ նաեւ հայ օդաչուների դատավարության ողջ գործընթացին: Հաշվի առնելով, որ իսպանական նախկին գաղութ Հասարակածային Գվինեայի պետական լեզուն իսպաներենն է, Մանասարյանին կցեցինք նաեւ Պետարարողակարգի ծառայության աշխատակից Գեւորգ Պետրոսյանին՝ Գոգային, որը իսպաներեն լավ էր խոսում:

Հայ օդաչուների հարցի շուրջ ես աջակցություն հայցեցի Ռուսաստանի եւ Իսպանիայի արտգործնախարարներից: Նաեւ դիմեցի մեր բոլոր դեսպաններին այս հարցում օգտագործելու իրենց բոլոր կապերը: Պարզվեց, որ ԵԱՀԿ-ում մեր դեսպան Ջիվան Թաբիբյանի նախկին ուսանողի եղբայրը ակտիվ բիզնես գործարքների մեջ է այդ երկրի նախագահի հետ: Նա տեղեկացրեց, որ Հասարակածային Գվինեայի նախագահը, որն այնտեղ իշխում էր 1979-ից ի վեր, մոլի հավատացյալ է, կաթոլիկ եւ շատ լավ հարաբերություններ ունի Վատիկանի հետ: Ես նամակով դիմեցի Վատիկանի պետքարտուղարին: Որոշ ժամանակ անց այս հարցում ներգրավվեց նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` իր անձնական միջոցներն ու կապերը ներդնելով հայ օդաչուներին Հայաստան վերադարձնելու գործում: Մենք մշտական կապի մեջ էինք եւ կոորդինացնում էինք մեր ջանքերը: Տղաների ձերբակալման պահից` 2004թ. մարտի 4-ից մինչեւ նրանց ազատումը` 2005թ. հունիսի 9-ը, անցավ 15 ամիս: Այդ ժամանակահատվածը չափազանց ծանր էր բոլորի, նախեւառաջ՝ տղաների համար, որոնց մինչեւ 20 տարի ազատազրկում էր սպառնում աշխարհի ամենաահավոր բանտերից մեկում: Վիճակը անտանելի էր նաեւ նրանց ընտանիքների, հարազատների համար: Ծանր էր նաեւ անձամբ ինձ համար:

Մեր լայնածավալ գործողությունների ընթացքում ստացվում էին տարաբնույթ ու հակասական լուրեր` մերթ հուսադրող, մերթ հուսահատական: Սակայն բոլորը միակարծիք էին, որ որոշումն այս գործում կայացնելու է ոչ թե դատարանը, այլ այն մարդը, որի դեմ ուղղված էր դավադրությունը` Հասարակածային Գվինեայի նախագահը:

Երկար ձգձգումներից հետո նշանակվեց հայ օդաչուների դատի օրը` 2004թ. հոկտեմբերի սկզբին: Բացի հայ օդաչուներից դատարանի առջեւ էին կանգնելու ութ հարավաֆրիկացիներ եւ չորս գվինեացիներ, բոլորը՝ նույն մեղադրանքով: Դատի օրը Մալաբոյում էին Սերգեյ Մանասարյանը եւ Գեւորգ Պետրոսյանը: Նրանք պարբերաբար զեկուցում էին դատական գործընթացի, զարգացումների մասին եւ կանխատեսումներ անում, թե ինչ դատավճիռ կլինի:

Բուրկինա Ֆասոյում


2004թ. նոյեմբերի 26-ին աֆրիկյան Բուրկինա Ֆասո պետության Ուագադուգու մայրաքաղաքում բացվեց Ֆրանկոֆոն երկրների կազմակերպության տասներորդ գագաթաժողովը, որը նախագահում էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Հավաքին մասնակցում էին ֆրանսախոս երկրների նախագահները եւ աֆրիկյան շատ երկրների առաջնորդներ: Հայաստանն այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի, եւ ես հավաքին մասնակցում էի որպես ՀՀ պատվիրակության ղեկավար: Ինձ ուղեկցում էր Ֆրանսիայում մեր դեսպան, ներկայում  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այստեղ էր նաեւ Հասարակածային Գվինեայի նախագահը:

Մալաբոյում այդ պահին ընթանում էր հայ օդաչուների դատավարությունը, եւ ես մշտական կապի մեջ էի Սերգեյ Մանասարյանի հետ, պարբերաբար տեղեկանում էի զարգացումների մասին: Գագաթաժողովի երկրորդ օրվա կեսին, երբ հանդիպումները մոտենում էին ավարտին, եւ մենք ներկա էինք ամփոփիչ նստաշրջանին, զանգահարեց Մանասարյանը եւ հայտնեց ամենաահավոր լուրը, որ կարելի էր ակնկալել՝ հայ օդաչուները մեղավոր են ճանաչվել, անձնակազմի հրամանատարը դատապարտվել է քսան, իսկ մյուս օդաչուները` տասնվեց տարվա ազատազրկման: Դա ինձ համար մղձավանջային պահ էր: Պատմության հեքնանք էր, որ նույն դահլիճում, ինձանից մի քանի քայլ այն կողմ այն մարդն էր, որը հավանաբար մինչեւ Ուագադուգու ժամանելը հստակ հրահանգ էր տվել հենց այդ դատավճռի առնչությամբ:

Բնականաբար, առաջին ցանկությունը եղավ անհապաղ հանդիպում խնդրել նրա հետ եւ քննարկել այս հարցը: Սակայն մի պահ հապաղելուց եւ այդ դաժան լուրը «մարսելուց» հետո, որոշեցի այդ հանդիպման հնարավորությունը այդ պահին չսպառել, ինչը կարող էր բարդացնել մեր հաջորդ քայլերը: Այդ պահին բավարարվեցի նրանով, որ ինձ համար որոշում կայացրեցի, որ Երեւան վերադառնալուց հետո պետք է դիմեմ Հասարակածային Գվինեայի իշխանություններին` այդ երկիր այցելելու խնդրանքով եւ հարցը բարձրացնել Հայաստանի Հանրապետություն պետության կողմից՝ պահանջով, որ հայ օդաչուները վերադարձվեն հայրենիք:

Երեւանից Մալաբո

Երբ վերադարձա Երեւան, մեր ԱԳՆ-ն անմիջապես պաշտոնապես դիմեց Հասարակածային Գվինեայի ԱԳՆ-ին` խնդրանքով, որ հնարավորինս արագ կազմակերպվի իմ այցելությունը այդ երկիր: Կարճ ժամանակ անց, հուրախություն բոլորիս, Հասարակածային Գվինեայի ԱԳՆ-ից դրական պատասխան ստացանք: Դա ինձ համար հուսադրող նշան էր, որ Գվինեայի իշխանությունները առնվազն պատրաստ են քննարկել այդ հարցը: Թեեւ մեր հղած նոտայում օդաչուների հարցը նշված չէր, եւ պարզապես խոսվում էր երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին, միանգամայն պարզ էր, որ նման հարաբերություններ չկան, եւ այցի իրական նպատակը հայ օդաչուներին Հայաստան վերադարձնելն է:

Հասարակածային Գվինեայի ԱԳՆ-ի պատասխան նոտայում նշված էր, որ երկրի ղեկավարությունն ինձ կընդունի փետրվարի 21-ին: Մենք հստակ խնդիր ունեինք մինչ այդ օրը գործի դնել հնարավոր բոլոր միջոցները եւ օգտագործել բոլոր լծակները, աշխատանք տանել այդ երկրի իշխանությունների, հատկապես նախագահի հետ, որպեսզի այցն արդյունք տա:

Աֆրիկյան արարողակարգը լավ իմացող եւ Հասարակածային Գվինեայի նախագահին ճանաչող մարդիկ հուշեցին, որ ես մեր երկրի նախագահի անունից ինձ հետ անպայման թանկարժեք նվեր տանեմ: Հաշվի առնելով Գվինեայի նախագահի կաթոլիկ լինելը, մենք որոշեցինք թանկարժեք սրբապատկեր նվիրել նրան: Այդպիսի ընծա գտնելը դժվար գործ էր: Երկար փնտրտուքից հետո գտանք թանկարժեք, բավական մեծ ոսկեզոծ մի սրբապատկեր: Եթե Գվինեայի նախագահը նման ճոխ նվեր ընդուներ, դա կնշանակեր նրա կողմից որոշակի պարտավորության ստանձնում եւ կհուշեր, որ նա պատրաստ է ավելի բարյացակամ վերաբերմունք ցուցաբերել հայ օդաչուների հանդեպ:

2005թ. փետրվարի 20-ին, կիրակի օրով ես Երեւանից ուղեւորվեցի Մադրիդ, այնտեղից` Մալաբո: Ինձ ուղեկցում էին Սերգեյ Մանասարյանը, Գեւորգ Պետրոսյանը եւ ԱԳՆ Ասիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Գագիկ Ղալաջյանը: Մալաբո ժամանեցինք ուշ երեկոյան. օդանավակայանում մեզ դիմավորեց Հասարակածային Գվինեայի փոխարտգործնախարարը: Մռայլ ու անձրեւոտ օր էր, շոգ եւ անտանելի խոնավ: Պատկերը, որը տեսանք օդանավից քաղաք տանող ճանապարհին, ճնշող էր: Հակառակ իր հսկայական հարստությանը՝ երկրի բնակչությունն աղքատության մեջ էր: Մռայլությունը խորացնում էր մեր տրամադրությունը եւ այն անորոշությունը, որից տանջվում էինք բոլորս: Պարզ էր, որ դատարանի որոշումը հնարավոր բոլոր որոշումներից ծանրագույնն է, եւ մտածում էինք՝ կկարողանա՞նք արդյոք հասնել այն բանին, որ մեր երկրի միջամտության արդյունքում այդ դատավճիռը փոխվի:

Հիմնական հանդիպումները նախատեսված էին երկուշաբթի: Չնայած մենք հանդիպում խնդրել էինք նաեւ երկրի նախագահի հետ, մեզ հանձնած ծրագրում նման հանդիպում նշված չէր: Ինձ համար նախատեսել էին հանդիպումներ երկրի վարչապետի, գլխավոր դատախազի, արտգործնախարարի եւ հայ օդաչուների հետ:

Գիշերեցինք մեզ հատկացված պետական հյուրատներում: Մեզ տեղավորել էին բավական հարմարավետ կացարաններում: Այդ գիշեր չկարողացա քնել. մի կողմից հաջորդ օրվա հանդիպումների եւ հայ օդաչուների ճակատագրի անորոշությունն էր, մյուս կողմից՝ իմ սենյակում գտնվող տարբեր տեսակի սողունները: Երբ պառկած էի անկողնում, առաստաղին եւ պատերին նկատեցի մողեսներ, որոնք արագ այսուայն կողմ էին վազվզում: Բնականաբար, այդ ամենի համադրումը հանգեցրեց նրան, որ լուսացրեցի առանց մի վայրկյան աչք կպցնելու: Ես հետեւում էի մողեսների անցուդարձին եւ մտածում վաղվա իմ ասելիքների ու անելիքների, ինչպես նաեւ հնարավոր դրական կամ բացասական զարգացումների մասին:

Առավոտյան նախատեսված էր հանդիպում երկրի վարչապետի հետ, որի նստավայրը ոչ թե մայրաքաղաքում էր, այլ 40-րոպեանոց թռիչքի հեռավորության վրա գտնվող երկրորդ մեծ քաղաքում` Բատայում:

Արկածներ օդում


Վաղ առավոտյան ուղեւորվեցինք օդանավակայան: Մեր օդանավը նույնպես «ԱՆ» մակնիշի պտուտակներով օդանավ էր՝ ուկրաինացի անձնակազմով: Նրանք Մալաբոյում էին այն նույն նպատակներով, ինչ հայ օդաչուները` աշխատելու: Ահավոր շոգ, տոթ ու խոնավ եղանակ էր: Երբ բաճկոններ հագած դուրս եկանք մեր սենյակներից, մինչեւ մեքենա հասնելը արդեն բոլորովին թաց էինք:

Թռիչքի տեւողությունն ընդամենը քառասուն րոպե էր: Բայց դա բավարար եղավ, որ բառացիորեն ցնցի բոլորին: Գործի բերումով ինձ համար ինքնաթիռ նստելը նույնքան սովորական էր, որքան աշխատանքի գնալը: Սակայն այս թռիչքն իսկական մղձավանջ էր: Մեզանից բացի, այդ փոքր ինքնաթիռում կար եւս քսան-քսանհինգ հոգի: Մեր պատվիրակությունը, որին ուղեկցում էր Գվինեայի փոխարտգործնախարարը, տեղավորվել էր ինքնաթիռի հետեւի մասում, որ կարծես թե այս ինքնաթիռի «բիզնես կլաս» տեղերն էին:

Նստարանները դեմ-դիմաց էին, իսկ դրանց մեջտեղում սեղաններ կային: Ես եւ գվինեացի փոխնախարարը նստել էինք աջից, միջանցքի մյուս կողմում տեղավորվել էին հայկական պատվիրակության մյուս անդամները: Մենք կապեցինք ամրագոտիները, եւ ինքնաթիռը բարձրացավ երկինք: Թռիչքից հազիվ տասը րոպե էր անցել, երբ ինքնաթիռը հայտնվեց այնպիսի ահավոր մի օդափոսում, որ առանց չափազանցության կարող եմ ասել՝ գրեթե մեկ րոպե օդանավը ազատ անկման մեջ էր: Բոլորս վստահ էինք, որ ընկնում ենք ծովը. դա անխուսափելի էր թվում: Անկմանը հակազդման ուժը այնքան հզոր էր, որ Գոգայի ամրագոտիները պոկվեցին, եւ  այդ ուժը նրան բարձրացրեց ու մխրճեց ինքնաթիռի առաստաղին: Նա գլխով հուժկու հարվածեց այն հատվածին, որտեղ ուղեբեռ էր դրված, եւ ուղղակի մեխվեց այնտեղ: Անկման ողջ ընթացքում նա մնաց այդպես կախված: Երբ ինքնաթիռը դուրս եկավ օդափոսից, այն այնպես ուժեղ բախվեց օդային հոսանքներին, որ թվաց թե ծովի մեջ ընկանք: Ինձ թվում էր, որ ինքնաթիռի թեւերը հիմա ուր որ է կպոկվեն: Սակայն այն շարունակեց թռիչքը: Քար լռություն էր: Մի քանի րոպե անց հայտնվեցին ուկրաինացի օդաչուները, սկսեցին ստուգել՝ արդյոք պատուհանների կողքին ճաքեր էին հայտնվել, թե ոչ: Նրանց հարցրինք՝ արդյոք դա բնակա՞ն երեւույթ էր: Պատասխանեցին, որ երբեք այդքան խորը անկում չէր եղել, փոքր տատանումներ հաճախակի են հանդիպում, սակայն ոչ այդպիսիք:

Երբ վերջապես վայրեջք կատարեցինք, շնորհակալության աղոթք ասացինք, որ ամեն բան բարեհաջող ավարտվեց: Սա կարող էր դառնալ պատմության մեկ այլ հեգնանք. մենք, որ եկել էինք ազատելու մեր հայրենակիցներին, կարող էինք մեր կյանքերն ավարտել այդ նույն երկրում:

Վարչապետի հետ հանդիպումը բավական լավ անցավ: Սակայն ինձ համար պարզ դարձավ, որ նա որեւէ ազդեցություն չունի եւ չէր կարող մեզ որեւէ բան խոստանալ: Նա մեզ լսեց եւ մի քանի անբովանդակալից նախադասություն արտասանեց երկրի դատական համակարգի, ինչպես նաեւ երկրի զարգացման հարցում նախագահի կարեւոր դերի մասին: Պարզ էր, որ այդ հանդիպումը մեզ ոչինչ չտվեց, եւ ընդամենը մեկ ժամ անց մեկ նույնատիպ, բայց այլ օդանավով վերադարձանք Մալաբո:

Այց հայ օդաչուներին

Օրվա երկրորդ կեսին նախատեսված էր հանդիպում Գվինեայի արտգործնախարար Պաստոր Միշա Օնդո Բիլեի (Pastor Micha Ondo Bile) հետ: Հանդիպումը հուսադրող էր: Ես հասկացա, որ հենց նրան էր հանձնարարվել ինձ փոխանցել դրական ուղերձը հայ օդաչուների ճակատագրի վերաբերյալ: Նա ինձ դիվանագիտական լեզվով հասկացրեց, որ նրանք լավ են պատկերացնում հայ օդաչուների վիճակը, որ նրանք այդ ամենի մեջ դերակատարություն չեն ունեցել եւ ասաց, որ այս պահին նրանք շատ լուրջ բանակցությունների մեջ են բրիտանական իշանությունների հետ` մի քանի անձանց, որոնք կասկածվում եւ մեղադրվում են հեղաշրջումը կազմակերպելու մեջ, Հասարակածային Գվինեա արտահանձնելու համար: Նա նաեւ ասաց, որ այդ պահին նրանց կողմից ցանկացած քայլ, որը կհակասի դատական որոշմանը, կարող է բացասական ազդեցություն ունենալ այդ բանակցությունների վրա: Այս ամենն ինձ համար բավական հուսադրող էր: Բոլորիս տրամադրությունն անմիջապես փոխվեց, առավել եւս, որ նախարարը երկրի նախագահի կողմից հատուկ շնորհակալություն հայտնեց նախագահ Քոչարյանի կողմից ուղարկված նվերի համար: Բոլորիս ուսերից մի մեծ բեռ ընկավ. մենք համարում էինք, որ այդ նվերի ընդունումը կլինի գլխավոր երաշխիքը, որ Գվինեայի նախագահը ներում կշնորհի հայ օդաչուներին:

Դրական տրամադրությամբ լքեցինք արտաքին գործերի նախարարության շենքը եւ մեկնեցինք հայ օդաչուների հետ հանդիպման: Չգիտեինք՝ որտեղ է տեղի ունենալու այդ հանդիպումը՝ տխրահռչակ բանտո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ:

Երբ մեզ ուղեկցեցին տղաների հետ հանդիպման, պարզ դարձավ, որ նրանց հանդիպելու ենք բանտից դուրս: Նրանց տեղափոխել էին բանտի մոտակայքում գտնվող մի շինություն: Երբ մոտեցանք, տեսանք, որ լքված մի շինություն է, որը չուներ ոչ դուռ, ոչ պատուհան: Մուտքի մոտ կանգնած էին հաղթանդամ զինվորներ: Մտանք ու տեսանք մեր տղաներին. նրանք ցնցոտիներ էին հագած, ոտքերը եւ ձեռքերը շղթայված, իսկ սրահի խորքում՝ բավական հեռու, նստած էր Գվինեայի գլխավոր դատախազը: Աննկարագրելի տեսարան էր, միայն ֆիլմերում կարելի է նման բան տեսնել: Բոլորս անմիջապես գրկախառնվեցինք տղաների հետ, նրանց ուրախությունը անթաքույց էր ու անսահման. երեսներին անմիջապես ժպիտներ երեւացին:

Տղաներին ողջունելուց հետո ուղեւորվեցի դատախազի մոտ, իսկ Սերգեյը, Գագիկը եւ Գոգան շարունակեցին զրուցել տղաների հետ, նրանց հանձնեցին ընտանիքների ուղարկած նամակները եւ այն, ինչ խնդրել էին տղաները, իսկ նրանց ընտանիքները՝ հայթայթել եւ ուղարկել: Թեեւ նրանց մոտակայքում զինվորներ չկային, այդ ամենը կատարվում էր զգուշորեն, գաղտնիության քողի տակ: Սկսեցի դատախազի հետ զրուցել դատավճռի եւ տղաների հետագա ճակատագրի մասին: Դատախազը փոխանցեց ինձ այն նույն տեղեկությունները, ինչ արդեն հայտնել էր արտգործնախարարը: Ես վերստին ստացա այն տպավորությունը, որ հարմար պահին նախագահի կողմից հայ օդաչուներին ներում կշնորհվի:

Դատախազի հետ հանդիպումս ավարտելով՝ միացա տղաներին: Զրուցեցինք տարբեր բաների մասին: Ես զերծ էի մնում նրանց որեւէ խոստում տալուց: Չէի կարող նրանց անտեղի ու վաղաժամ հույսեր ներշնչել, քանի որ այդ երկիրը շատ  անկանխատեսելի էր: Մյուս կողմից՝ մենք պետք է նրանց հույս ու հավատ ներշնչեինք: Մենք նորից ու նորից կրկնում էինք, որ նրանց միայնակ չենք թողնի, որ Հայաստանի Հանրապետությունը նրանց մեջքին է, եւ արվելու է ամեն բան նրանց հայրենիք բերելու համար: Այդ հանդիպումից հետո վերադարձանք մեր կեցավայրը, հավաքեցինք իրերը եւ ուղեւորվեցինք օդանավակայան եւ նորից Մադրիդով ժամանեցինք Երեւան:

Այդ օրերի լարվածությունը, հոգնածությունը եւ անքնությունը, ինչպես նաեւ սենյակներում եւ դրանցից դուրս օդի ջերմության քառասուն աստիճան տարբերությունը հանգեցրին նրան, որ Երեւան վերադարձա թոքաբորբով:

Օդաչուների հայրենադարձումը

Հակառակ որ մենք Երեւան հասանք լավ տրամադրությամբ, օրերը անցնում էին, իսկ տղաները դեռ անազատության մեջ էին: Դա բոլորիս համար ծանր ու տհաճ զարգացում էր: Մենք շարունակում էինք աշխատել բոլոր ուղղություններով: Արա Աբրահամյանը Մոսկվայից շարունակում էր իր մասով աշխատանք տանել, եւ ոչ մի րոպե հույսը չէինք կորցնում:

Մի գեղեցիկ օր մեզ վերջապես լուր հասավ, որ Գվինեայի նախագահը որոշում է ընդունել հայ օդաչուներին ներում շնորհելու մասին: Դա ուրախության ու ցնծության օր էր: Դրանից հետո ամեն օր, ամեն ժամ իրադարձություները զարգացան այնպես, որ 2005թ. հունիսի 5-ին հայ օդաչուները վերջապես ազատ արձակվեցին:

Արա Աբրահամյանի ներկայացուցիչը մեկնել էր Գվինեա՝ տղաներին Մոսկվա ուղեկցելու համար: Իսկ հետո հատուկ չվերթով տղաները Արա Աբրահամյանի հետ միասին վերադարձան հայրենիք: Նրանց վերադարձը ցնծություն էր բոլորիս, նաեւ իմ ու իմ թիմակիցների համար: Մենք երջանիկ էինք, որ մեր գործողությունների ու ջանքերի շնորհիվ այդ գործը հաջող ավարտ ունեցավ:

Հ.Գ.

Տարիներ անց ճամփորդում էի «Արմավիա» ընկերության օդանավով: Թռիչքի կեսին ինձ մոտեցավ Աշոտ Կարապետյանը, որը վեց օդաչուների հրամանատարն էր: Նա ասաց. «Պարոն Օսկանյան, տարբեր առիթներով ես իմ երախտագիտությունն եմ հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք չխնայեցին մեզ հայրենիք վերադարձնելու համար: Սակայն, օգտագործելով այս առիթը, կցանականայի շնորհակալությունս եւ երախտագիտությունս հայտնել հատկապես ձեզ եւ ձեր թիմին այն ամենի համար, որ արեցիք իմ ու տղաների համար»: Աշոտի այդ խոսքերը մեր աշխատանքի լավագույն գնահատականն էին: Ես չափազանց ուրախ էի, որ Աշոտը ոչ միայն հայրենիքում է, այլեւ արդեն աշխատում է եւ զբաղված է մասնագիտական գործով:

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին