ՀՀԿ-ի մոնոպոլիայի ավարտի տարբերակները - Mediamax.am

ՀՀԿ-ի մոնոպոլիայի ավարտի տարբերակները
8030 դիտում

ՀՀԿ-ի մոնոպոլիայի ավարտի տարբերակները


Մայիսի 6-ի ընտրությունները հիասթափությունների նոր ալիք առաջացրեցին Հայաստանում: Հանրապետական կուսակցությունը տարավ իրականում գոյություն չունեցող հաղթանակ: Բոլորի համար էլ հասկանալի է, որ չորս տարի անընդմեջ անհաջողություններ ունեցած իշխանությունը չէր կարող 44 տոկոս ձայն հավաքել:

2011թ. հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել էր 36.2 անկում` 2010թ. սեպտեմբերին համեմատ եւ պարզ է, որ այսքանից հետո գյուղացին չէր կարող վստահել այս իշխանությանը: Ընտրություններում իշխանության հիմնական հենարանն են եղել ընտրակեղծիքները` թանաքի չորացումից մինչեւ մի մարդու կողմից մի քանի անգամ ընտրություններին մասնակցությունը:

Արդյունքում ՀՀԿ-ն, ըստ նախնական արդյունքների, ստացել է 663 240 ձայն: Պարզ է, որ այս թիվը իրական չէ եւ մեծ չափով ուռճացված է: Դա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն ունի շատ ցածր հասարակական աջակցություն եւ այդպիսի պայմաններում երկիր կառավարելը ամենադժվար գործն է դառնում, քանի որ ցանկացած քաղաքականություն հանրային բացասական արձագանքի է արժանանում:

Ընտրակեղծիքների պատճառների վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան: Իմ կարծիքով, իրական պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում հասարակությունը դարձել է rent-seeking (վարձ փնտրող): Ըստ Ֆրենցիս Ֆուկույամայի, այդպիսի հասարակությունում քաղաքական էլիտան իր ամբողջ ուժերը ներդնում է հանրային պաշտոն զբաղեցնելու համար, որպեսզի հնարավորություն ստանա կայուն եկամուտ ապահովել իր համար: Իսկ դրան հետեւում է բիզնեսի ու պետության սերտաճումը, որին էլ հետեւում են ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքները:

Նման իրավիճակներում ձեւավորվում է թույլ ավտորիտար ռեժիմ, որտեղ ոչ պետությունն է բավական ուժ ունենում իր ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու համար, ոչ էլ վերջինիս ընդդիմադիր ուժերն են կարողանում վերահսկողություն ունենալ իշխանության հանդեպ: Շատ երկրներում նման իրավիճակը բերել է հեղափոխության: Այսօր օլիգարխիան ու ՀՀԿ-ն եւս գտնվում են վերը նշված իրավիճակում: Ստեղծված անարդարությունների պայմաններում փողոց դուրս գալը կարող է խնդիրները լուծելու միակ տարբերակը դառնալ:

Սակայն հնարավոր է այլ տարբերակ եւս: Այսօր Հանրապետական կուսակցությունը, չունենալով հասարակական հենարան, փորձում է կոալիցիոն կառավարություն ստեղծել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ: Իրականում այդ կոալիցիան կաշխատի ընդդեմ ԲՀԿ-ի, քանի որ Հանրապետականը հասարակական աջակցություն չունի: Հանրապետականը չունի նաեւ բավարար մարդկային ռեսուրսներ` խորհրդարանում մրցակցելու Բարգավաճի եւ այլ ընդդիմադիր ուժերի հետ, եթե, իհարկե, ԲՀԿ-ն ընդդիմադիր դառնա:

ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալու պարագայում խորհրդարանը կարող է նոր դեր ձեռք բերել եւ մարտահրավեր նետել նախագահի մոնոպոլ ինստիտուտին: Դարոն Աճեմoղլուն իր «Բռնապետության ու ժողովրդավարության տնտեսական ծագումը» գրքում գրում է, որ Անգլիայի ժողովրդավարացման հիմնական պատճառն եղավ այն հանգամանքը, որ իր ձեռքում հարստություն կուտակած մարդկանց մի խումբ աջակցեց խորհրդարանին, քանի որ թագավորի ինքնակամ որոշումները մարտահրավեր էին հանդիսանում նրանց հարստությանը: Հետագայում խորհրդարանը դարձավ մրցակցային ինստիտուտ թագավորի համար ու սահմանափակեց նրա իշխանությունը եւ երաշխիքներ ստեղծեց այդ մարդկանց հարստության երկարաժամկետ պաշտպանության համար: Իսկ հետագա զարգացումը հանգեցրեց Անգլիայի ժողովրդավարացմանը:

Կարծես թե Հայաստանում երկու տարբերակներն էլ կարող են կյանքի կոչվել: Կամ Բարգավաճ Հայաստանը կոալիցիա կստեղծի Հանրապետականի հետ, եւ հասարակությունը ստիպված կլինի երկրի բարեփոխման ամբողջ բեռը իր վրա վերցնել, կամ էլ ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա եւ խորհրդարանում մրցակցային նոր կանոններ կստեղծի, ինչ էլ նոր շունչ կհաղորդի երկրի զարգացմանը:

Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին