Անտեսված դասեր - Mediamax.am

Անտեսված դասեր
13962 դիտում

Անտեսված դասեր


1995թ. հոկտեմբերին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Նյու Յորքում էր, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի հիսունամյակին նվիրված հոբելյանական հավաքին: Պատվիրակության կազմում էի նաեւ ես` որպես արտաքին գործերի փոխնախարար: Ես Նյու Յորք էի ժամանել Կոլումբիայի Կարտախենա քաղաքից, որտեղ որպես դիտորդ մասնակցել էի Չմիացած ազգերի գագաթաժողովին: Հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում Տեր-Պետրոսյանը հանդիպեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ: Հայաստանի անկախացումից հետո դա Հայաստանի ու Թուրքիայի նախագահների առաջին հանդիպումն էր: Մինչ այդ՝ 1993թ. ապրիլին Տեր-Պետրոսյանը Թուրքիայում մասնակցել էր Թուրղութ Օզալի թաղման արարողությանը:

1993թ. Թուրքիան արդեն ամբողջովին փակել էր սահմանը Հայաստանի հետ, իսկ 1994թ. մայիսին զինադադար էր հաստատվել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Սակայն իրավիճակը ռազմաճակատում շարունակում էր լարված մնալ: Լարված մթնոլորտ էր նաեւ Տեր-Պետրոսյան–Դեմիրել հանդիպման առաջին իսկ պահից: Լեւոն Տեր-Պետրոսյանը, գործի դնելով թուրքերենի իր իմացությունը, մի քանի բառ փոխանակեց Դեմիրելի հետ՝ որոշակիորեն փոխելով մթնոլորտը: Սակայն, երբ սկսվեցին քննարկումները բուն թեմայի շուրջ, լարվածությունը գնալով աճեց:

Դեմիրելը փորձում էր հանդես գալ մեծ տերության ներկայացուցչի դիրքերից եւ անընդհատ «հայրական» խրատներ էր տալիս Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի, հարակից տարածքների, ինչպես նաեւ հայ-թուրքական հին ու նոր հարաբերությունների մասին: Տեր-Պետրոսյանը, բնականաբար, հակադարձում էր այդ ամենին` իրեն բնորոշ հանդարտ, բայց սուր ու համոզիչ ոճով: Հանդիպումն արդյունք չտվեց: Դեմիրելի որդեգրած ոճից ու տրամաբանությունից խորը հիասթափված՝ մենք հեռացանք հանդիպման սենյակից: Վերելակում, երբ արդեն իջնում էինք, քար լռություն էր: Տեր-Պետրոսյանի թիկնապահ Ռոմիկը կատակեց. «Դարդ մի՛ արա, շե՛ֆ, շուտով սրա թաղմանն էլ կգնանք»:

Իմ` արտաքին գործերի նախարար նշանակվելուց հետո, Ռոբերտ Քոչարյանի հետ ներկա եղա Դեմիրելի հետ եւս երկու հանդիպումների: Առաջինը տեղի ունեցավ 1998թ. հունիսի 5-ին Յալթայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ընթացքում, իսկ երկրորդը` 1999թ. նոյեմբերին Ստամբուլում, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Այս երկու հանդիպումները ոչնչով չէին տարբերվում Տեր-Պետրոսյան–Դեմիրել հանդիպումից. չէին փոխվել ո՛չ Դեմիրելի մտածելակերպը, ոճն ու մոտեցումները, ո՛չ էլ հայկական կողմի պատասխանները:

Ես իմ հերթին բազմաթիվ հանդիպումներ ունեցա իմ թուրք գործընկերների` հիմնականում արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի հետ: Այս հանդիպումներին եւս նշույլ անգամ չկար, որ Թուրքիան ցանկություն ունի Հայաստանի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ բացել սահմանը. թուրքերն այդ ամենը կապում էին միայն ու միայն Ղարաբաղի հարցի հետ:

2002թ. Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունեցավ. խորհրդարանական ընտրություններում հաղթեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը: Սկզբնական շրջանում Աբդուլլահ Գյուլը նշանակվեց վարչապետ, իսկ որոշ ժամանակ անց, երբ հանվեցին Էրդողանի նկատմամբ առկա իրավական սահմանափակումները, Գյուլը նշանակվեց արտաքին գործերի նախարար, իսկ Էրդողանը ստանձնեց վարչապետի պաշտոնը:

2003թ. հունիսի 3-ին Մադրիդում պետք է մասնակցեի ՆԱՏՕ-ի Համագործակցության խորհրդի նախարարական նիստին: Այնտեղ էր լինելու նաեւ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Գյուլը: Հանդիպման նախօրեին դիվանագիտական խողովակներով լուր էինք ստացել, որ Գյուլը կցանկանար հանդիպել ինձ հետ: Մինչ այդ ակնհայտ էր, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ են տեղի ունենում, թեեւ նեոօսմանիզմը եւ «Զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը ավելի ուշ՝ 2009թ.,  հստակ գաղափարական ձեւակերպում ստացավ: Այդ օրերին, երբ Դավութօղլուն Էրդողանի՝ արտաքին-քաղաքական հարցերով խորհրդականն էր, այդ քաղաքականության ծիլերն արդեն երեւում էին:

Հայ-թուրքական հարաբերությունները դարերի ընթացքում եղել են դաժան՝ խտրականությունից եւ կեղեքումներից մինչեւ ջարդեր ու ցեղասպանություն: Չգիտես ինչու, այս ամենի մեջ ամեն անգամ, երբ հանդիպում էի թուրք գործընկերոջս հետ, հայոց պատմությունից հիշում էի հետեւյալ դրվագը. 1918թ. ապրիլին, Հայաստանի անկախացումից առաջ, Կովկասյան Սեյմի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ Հովհաննես Քաջազնունին, մեկնում է Տրապիզոն` թուրքերի հետ խաղաղության բանակցություններ սկսելու: Տրապիզոնն ընտրվել էր բանակցությունների վայր որպես չեզոք տարածք: Երբ հայկական պատվիրակությունը հասնում է այնտեղ, պարզվում է, որ թուրքերը արդեն գրավել են քաղաքը եւ ներկայանում են որպես հյուրընկալող կողմ: Իսկ որոշ ժամանակ անց, երբ Տրապիզոնի բանակցություններն ընդհատվում են, եւ պատվիրակությունը վերադառնում էր Բաթումի, կառամատույցի մոտ նավապետը հանկարծ նկատում է, որ այնտեղ ծածանվում է թուրքական դրոշը: Անմիջապես տախտակամած է կանչում Քաջազնունուն եւ մյուսներին, եւ նրանք ապշահար ու շփոթված նայում են դրոշին: Արդեն նավահանգստում հայտնի է դառնում, որ թուրքերը գրավել էին նաեւ Բաթումը: Պատմության ինչպիսի˜ հեգնանք...

2003թ. հունիսի 3-ին Մադրիդում հանդիպեցի Աբդուլլահ Գյուլի հետ: Սա մեր առաջին հանդիպումն էր: Հանդիպման առաջին տասը րոպեն անցկացրինք իրար ծանոթանալով եւ պայմանավորվեցինք իրար դիմել արարողակարգային պահանջներից դուրս` անունով:

Գյուլն ինձ վրա դրական տպավորություն թողեց. ակնհայտ էր, որ նա բարեհամբույր անձնավորություն է, համեստ իր ոճով եւ մոտեցումներով: Իսկ բովանդակության առումով նա ինձ դրական իմաստով ապշեցրեց: Այդ օրը Գյուլն իրոք թելադրեց հանդիպման օրակարգը՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է բնականոն հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ: Նա ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ եւ հայերն ու թուրքերը, միասին լուծելով երկկողմ խնդիրները, դրանով կարող են դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման վրա: Ես անմիջապես պատասխանեցի, որ լավ է, որ Թուրքիան այդպիսի եզրակացության է հանգել եւ որ Հայաստանը առաջին իսկ օրվանից նման մոտեցում է ունեցել: Ահավասիկ, այդ օրը բաժանվեցինք այդ դրական նոտայի վրա եւ պայմանավորվեցինք, որ հաջորդ իսկ հարմար առիթը կօգտագործենք բանակցությունները շարունակելու համար:

Հաջորդ անգամ Գյուլի հետ հանդիպեցի նույն տարվա սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ում, Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում: Այս հանդիպումը, սակայն, մի քայլ հետ էր նախորդից: Գյուլը նշեց, որ Ղարաբաղի հարցին ընդհանրապես չանդրադառնալ չենք կարող, այն անպայման պետք է լինի օրակարգում: Ես պատասխանեցի, որ խնդիր չեմ տեսնում այնքան ժամանակ, քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունները չեն կապվում Ղարաբաղի կարգավորման հարցին: Ես նաեւ ասացի, որ թուրքերի համար, հավանաբար, դժվար կլինի միանգամից սահմանը բացել եւ առաջարկեցի թեկուզ փոքր քայլերով, բայց առաջ շարժվել: Գյուլը համաձայնեց, եւ մենք պայմանավորվեցինք, որ մեր հաջորդ հանդիպմանը կներկայանանք ցուցակներով` նա կներկայացնի Թուրքիայի, իսկ ես Հայաստանի կողմից ձեռնարկվելիք փոքր քայլերը եւ կնայենք, թե ինչ ունենք ընդհանուր եւ որտեղից կարող ենք սկսել այդ փոքր քայլերի իրականացումը:

Մեր երրորդ հանդիպումը տեղի ունեցավ 2003թ. դեկտեմբերի 5-ին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի Համագործակցության խորհրդի նախարարական նիստի ընթացքում: Պայմանավորվածության համաձայն՝ հանդիպմանը ես ներկայացել էի իմ ցուցակով, մինչդեռ Գյուլի ձեռքին ոչինչ չկար: Այդուհանդերձ, մենք կետ առ կետ անցանք իմ ներկայացրած ցուցակի վրայով, եւ Գյուլն ասաց, որ առնվազն առաջին մի քանի կետերի իրականացման հարցում նա որեւէ խնդիր չի տեսնում: Ես ներկայացրել էի տասը կետանոց ցուցակ. մենք Անկարային առաջարկում էինք հայ-թուրքական սահմանը բացել նախ հայ եւ թուրք դիվանագետների համար: Որպես երկրորդ քայլ առաջարկվում էր ընդգրկել ոչ հայկական եւ ոչ թուրքական անձնագրեր կրող օտարերկրացիներին: Ցուցակի հաջորդ կետերով առաջարկում էինք բացել սահմանը արդեն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար, սակայն սահմանափակ տարածքներում, օրինակ` հայերը կարող են այցելել Անի, թուրքերը՝ Գյումրի: Հաջորդը` սահմանը բացել արդեն բեռնատար մեքենաների համար, նաեւ գործարկել Կարս-Գյումրի երկաթգիծը՝ նույնիսկ այն պայմանով, որ սկզբնական շրջանում Հայաստանը դրանից չօգտվի, այլ իրականացվի միայն Թուրքիա-Վրաստան ապրանքաշրջանառությունը, որի համար Հայաստանը անգամ տարանցման գումար չի գանձի:

Մինչեւ մեր հաջորդ հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2004թ. ապրիլին պաշտոնական այց կատարեց Թուրքիա: Այցի ընթացքում Գյուլը հայտարարեց, որ ներկայում թուրք-հայկական սահմանի վերաբացումը բացառվում է: Դա ինձ համար բացահայտ նշան էր, որ մենք վերադառնում ենք զրոյական կետի:

Իրոք, այդպես էլ եղավ: Մեր հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2004թ. հունիսի 28-ին Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում: Այդ հանդիպմանը Գյուլն ինձ պաշտոնապես տեղեկացրեց, որ այս հարցը երկար քննարկվել է, եւ նա ցանկանում է հայտնել, որ Թուրքիան Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առումով ոչինչ չի անի այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում չկա շոշափելի առաջընթաց:

Այդ նույն օրը երեկոյան հետաքրքիր մի իրադարձություն տեղի ունեցավ: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցների համար թուրքական կողմը մեծ միջոցառում էր կազմակերպել Թոփ Քափըի սուլթանական պալատի բացօթյա տարածքում: Սկզբում մեծ համերգ էր, ապա՝ ճաշ` պատվիրակությունների բոլոր անդամների` ավելի քան հազար մարդու համար: Երբ համերգից առաջ զբաղեցնում էինք մեր տեղերը, ես հայտնվեցի մեզ տրամադրված երկրորդ շարքի ամենամեջտեղում: Իմ առջեւ՝ առաջին շարքի չորս տեղերը դատարկ էին: Այդ չորս տեղերը նախատեսված էին ԱՄՆ նախագահ Բուշի եւ նրա տիկնոջ, ինչպես նաեւ վարչապետ Էրդողանի եւ նրա տիկնոջ համար: Համերգը արդեն պետք է սկսվեր, երբ նրանք մոտեցան իրենց տեղերին եւ սկսեցին ձեռքով բարեւել շրջակայքում գտնվողներին: Ես նստած էի անմիջապես նրանց ետեւում, Բուշը եւ Էրդողանը ինձ էլ ձեռքով բարեւեցին, իսկ ես անգլերենով ներկայացա` Հայաստանի արտաքին գործերի նախարար: Իրեն հատուկ ոճով Բուշը հարցրեց. «Ինչպե՞ս են գործերը Հայաստանում»: Պատասխանեցի, որ ամեն ինչ լավ է: Նրա տիկինը՝ Լորա Բուշը, լսելով, որ ես Հայաստանից եմ, խնդրեց, որ հատուկ ողջույններ փոխանցեմ Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանին: Այս միջոցառումից ամիսներ առաջ, Մոսկվայում Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան միջոցառում էր կազմակերպել մի քանի երկրների առաջին տիկնանց մասնակցությամբ` նվիրված գրքին ու գրականությանը, որին մասնակցել էին նաեւ Բուլղարիայի առաջին տիկինը, Լորա Բուշը եւ Բելլա Քոչարյանը: Այնտեղ տիկին Բուշի եւ տիկին Քոչարյանի միջեւ ծանոթություն եւ համակրանք էր հաստատվել:

Երբ բոլորն արդեն տեղավորվել էին իրենց տեղերում, ակնհայտ դարձավ, որ ճոխ համերգ է լինելու: Բեմում նստած էին երեք տարբեր ոճի նվագախմբեր` ժողովրդական գործիքների, ժամանակակից երաժշտության եւ դասական: Կարծում եմ՝ բեմի վրա առնվազն երեք հարյուր երաժիշտ կար:

Համերգը  չսկսված՝ անսպասելի ու մեծ աղմուկով, բեմի ու հանդիսատեսների միջեւ գտնվող միջանցքով ենիչերիների տարազ հագած երաժիշտների խումբ ներխուժեց, որը զուռնա-դհոլով կատարում էր մի երաժշտություն, որը նույնական էր «Արյունոտ դրոշ» երգին: Այդ երգի թե՛ մեղեդին, թե՛ բառերը ինձ լավ հայտնի էին. դա իմ երիտասարդ տարիներին ամենատարածված երգերից էր: Այն հնչում էր առանց գեթ մեկ նոտայի փոփոխման: Ենիչերիների խումբն ընթացավ՝ կատարելով երաժշտությունը, եւ դուրս եկավ: Ես փշաքաղվել էի, աչքերս արցունքով էին լցվել:

Համերգի ավարտին, ենիչերիների նույն խումբը ընթացավ արդեն հակառակ ուղղությամբ` այս անգամ հնչեցնելով «Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն» երգի երաժշտությունը: Այդ երգն ինձ նույնպես քաջ ծանոթ էր: Նորից փշաքաղվեցի. չէի կարողանում գտնել այդ ամենի բացատրությունը:

Պատմության հերթական հեգնանք...

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին