Ես տեսա Հայաստանի ապագան - Mediamax.am

Ես տեսա Հայաստանի ապագան
13391 դիտում

Ես տեսա Հայաստանի ապագան


Այսօր ես տեսա Հայաստանի ապագան: Ձմեռ է, օդը սառը, իսկ երկինքը մռայլ` ես տեսա այդ ապագան` գունեղ ու բարի:

Արդեն մոտ 4 տարի է, ինչ Մեդիամաքս-ը “ընկերություն” է անում “Այբ” կրթական հիմնադրամի հետ` իր ուժերի չափով փորձելով օգնել հիմնադրամի գաղափարների ներկայացմանը: Ու չնայած նրան, որ “Այբ”-ի թիմի անդամների հետ մենք գրեթե ամեն շաբաթ խոսում ենք հեռախոսով ու շատ հարցեր ենք քննարկում, այնպես ստացվեց, որ միայն այսօր այցելեցի “Այբ” ավագ դպրոցը, որը Երեւանում բացվել էր աշնանը:

Տպավորություններս ներկայացնելով, ուզում եմ բառեր շռայլեմ ու ասեմ` Հայաստանի ապագան տեսա ու Հայկական երազանքը:

Ինձ շատ-շատ բան տպավորեց դպրոցում` դիզայնը, դահլիճը, տաքությունը եւ այլն:
Բայց ամենակարեւորը այն երեխաներն էին, ում տեսա “Այբ” դպրոցում: Նրանց մեջ տեսա այն հասարակությունը, որը ուզում ենք ունենալ` խելացի, ստեղծագործ, բաց ու ժպտացող:

Դպրոցի աշակերտներից երկուսը ինձ ցույց տվեցին դպրոցը: Նրանք հաստատ դա անում էին ոչ առաջին անգամ, բայց պետք է տեսնեիք նրանց խանդավառությունն ու աչքերի փայլը, ամեն անկյունը ցույց տալու ու ներկայացնելու անկեղծ ցանկությունը: Մտանք դասարաններից մեկը, որտեղ սովորում են 18 աշակերտներ: Կրկին` խելացի աչքեր, ժպիտներ ու արժանապատիվ պահվածք: Նույն դեմքերը տեսա դպրոցի այն տարածքներում, որտեղ աշակերտները գտնվում են դասերից ազատ ժամերին:

Ազատ ու վստահ մարդիկ էին: Բոլորը: Դպրոցում սովորող 72 երեխաներից տեսա երեւի կեսին ու բոլորն էին այդպիսին: Վստահ եմ, որ նրանք, ում չեմ տեսել, եւս բացառություն չեն:

Կասեք, որ իդեալական պատկեր եմ նկարագրում: Գնացեք, դուք էլ տեսեք ու եթե ասեք, որ չափազանցրել եմ, պատրաստ եմ բանավիճել: Մի պահ կմոռանաք, որ Հայաստանում եք, որտեղ ապագայի մասին ամենից շատ են խոսում նրանք, որոնց մեղքով է այդքան անմխիթար մեր անցյալը ու ներկան: Ձեզ կթվա, որ գտնվում եք Սթենֆորդի համալսարանի կամպուսներից մեկում, կամ Google ընկերության գրասենյակում:

Ապագայի մասին պետք չէ շատ խոսել: Ապագան պետք է կերտել այսօր, ինչը անում են «Այբ» ակումբի եւ հիմնադրամի հիմնադիրները ու աշխատակիցները: Ու եթե չեք հավատում Հայաստանի ապագային, գնացեք «Այբ» դպրոց ու նայեք այնտեղ սովորող երեխաների աչքերին: Միանգամից «կվարակվեք»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին