«Մենք անցել ենք տեղեկատվական հեղափոխության ռուբիկոնը» - Mediamax.am

«Մենք անցել ենք տեղեկատվական հեղափոխության ռուբիկոնը»
6602 դիտում

«Մենք անցել ենք տեղեկատվական հեղափոխության ռուբիկոնը»


Մենք վերապրում ենք մարդկության էվոլյուցիայի այնպիսի մի փուլ, որն իր ազդեցություններով եւ հետեւանքներով ոչ միայն նման է, այլեւ էականորեն գերազանցում է արդյունաբերական հեղափոխության եւ դրան հետեւած բուրժուական հեղափոխությունների փուլը: Եթե արդյունաբերական հեղափոխությունը բերեց ազգային պետությունների ժամանակակից տեսակի ձեւավորմանը, ապա այն տեղեկատվական-տեխնոլոգիական հեղափոխությունը, որն այսօր վերապրում է մարդկությունը, բերում է անհատի եւ հասարակության նոր տեսակի ձեւավորմանը: Ավելին, տեղեկատվական հեղափոխության` որպես արդյունաբերական քաղաքակրթությունից տեղեկատվականի անցումային շրջանի պայմաններում, ինտեգրացիոն գործընթացները մոլորակային մասշտաբներում դառնում են նոր աշխարհակարգի ձեւավորման գլխավոր ուղղություններից մեկը:

 

Պատմության նոր փուլում մենք ականատես դարձանք բազմաթիվ ձեւափոխությունների, որոնք փոխում են ոչ այնքան կենսաձեւը, որքան դրա ընկալումն անհատի եւ հասարակության կողմից: Այսպես, օրինակ, զինված հակամարտություններն արիստոկրատական մարտերից, երբ պատերազմներն ազնվական խավերի գործն էր, վերածվեցին տոտալ պատերազմների, որոնք սպառում են բոլոր միջոցները եւ ազդում են ողջ բնակչության վրա` առանց բացառության: Եվ դա հանգեցրել է մեր կողմից պատերազմների ընկալման ձեւափոխմանը, փոփոխել է խաղաղության եւ միջազգային անվտանգության համար պայքարելու հասարակության պատրաստակամության եւ շարժառիթների մակարդակը: 


Այսօր մենք ականատես ենք տեղեկատվական դաշտի աննախադեպ ձեւափոխման: Հասարակական տեղեկատվության սպառողից հոմո սափիենսը վերածվում է տեղեկատվության հասարակական մատակարարի` բլոգերի, սոցիալական ցանցերի, յու- եւ ռու-թյուբերի միջոցով: Եվ այդ իմաստով մենք անցել ենք տեղեկատվական հեղափոխության ռուբիկոնը: Տեղեկատվության առաքման արագությունները եւ միջոցները կաճեն եւ կփոփոխվեն, սակայն տեղեկատվական ռազմի դաշտում համընդհանուր զորահավաք է հայտարարված: Ինչպես համընդհանուր պարտադիր բանակային զորակոչի ներդրումը փոփոխեց համաշխարհային պատկերացումը զինված հակամարտությունների մասին, այնպես էլ անհատի վերափոխումը տեղեկատվության մատակարարի, երբ յուրաքանչյուր ուսանող իր բլոգի “մինի” գլխավոր խմբագիրն է, փոխում է տեղեկատվական դաշտի իրողությունները: 


Ընդամենը մի քանի ամիս կարճատեւ ժամկետում հեռուստա- եւ ռադիոհեռարձակման լիցենզավորման, զանգվածային լրատվամիջոցների գրանցման հարցերը կորցրեցին իրենց սկզբունքային արդիականությունը եւ սրությունը: 


Եվ բնականաբար, ինչպես դա լինում է ցանկացած հեղափոխության ժամանակ, հասարակությունը հայտնվեց անպաշտպան եւ խոցելի վիճակում: Մենք կորցրեցինք այն համակարգը, որի վրա ուղղված էին հասարակական զսպող մեխանիզմները` քաղաքական, բարոյական, սոցիալական եւ նույնիսկ իրավական: 


Դա ամենեւին չի նշանակում, որ մենք դատապարտված ենք քաոսի եւ ամենաթողության: Իհարկե, ոչ: Նմանատիպ իրավիճակներում շատ ավելի հզոր եւ ուղղորդող է դառնում մարդկային ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ մեխանիզմը: Տեղեկատվական հեղափոխության պայմաններում, էլիտայում ներկայացված «հերոսները», որոնք հարգված են, որոնց ձգտում են նմանվել, դառնում են տեղեկատվական հոսքերի, դրանց ձեւերի եւ բովանդակության ակամա ուղղորդողները: Այսուհետ անհնար է հասարակական կարծիքն ուղղորդել խոսքերով: Այն պահանջում է կոնկրետ, շոշափելի օրինակներ: Այդ օրինակները պետք է համակարգված շղթա կառուցեն կրթված մարդուց դեպի կրթված հասարակություն: 


Արդիականացման միակ արդյունավետ ուղին ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ստեղծումն է կամ վերականգնումը` որպես ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ հիմք: Տեղեկատվության փոթորկոտ օվկիանոսում ԳԻՏԵԼԻՔԸ միակ փրկանավակն է, որում կարելի է փրկվել միասին, ամբողջ պետություններով եւ հասարակություններով, եւ ոչ թե միայնակ: 


Սակայն խախտված բալանսի վերականգնման առաջնային անհրաժեշտ փուլը էլիտաների, եւ, առաջին հերթին, գիտական եւ ստեղծագործական էլիտաների արդիականացումը եւ մոդեռնիզացիան է: Միակ միջոցը էլիտաների ձեւավորումն է, որոնք պատրաստ են, եւ որ պակաս կարեւոր չէ, ՈՒՆԱԿ են արարել, ստեղծագործել, զբաղվել գիտական գործունեությամբ թափանցիկ, «ապակյա» գիտաստեղծագործական արվեստանոցներում: Արվեստանոցներում, որոնք բաց կլինեն ամեն տեսակի քննադատության համար, այդ թվում քննադատության, որը ֆիլտրված չէ վերը նշված հասարակական զսպման կորսված մեխանիզմներով: 


Ստեղծագործական մտավորականության վրա դրված է հարվածող ալիքի զսպման բարոյա-էթիկական մեխանիզմներ ձեւավորելու պատասխանատվությունը, որը բնական է ցանկացած հեղափոխության համար, սակայն տեղեկատվական հեղափոխության դեպքում անկանխատեսելի է իր ջախջախիչ ուժով: Համեմատության պարզության համար կարող եմ ասել, որ ազդեցության ուժով եւ տարածմամբ տեղեկատվական հեղափոխությունը հարաբերակցվում է ցանկացած այլ հեղափոխության հետ, որին ականատես է եղել մարդկությունը, ինչպես զանգվածային ոչնչացման զենքը հարող է հարաբերակցվել ցանկացած այլ, նույնիսկ ամենավտանգավոր սպառազինության տեսակների հետ: Եվ ինչպես ռազմավարական զինանոցի առկայությունը տասնամյակների ընթացքում գլխավոր զսպող մեխանիզմն էր միջազգային անվտանգության համակարգում, այնպես էլ տեղեկատվական հեղափոխությունը մարդկային զարգացման բնական ընթացքն է, որի շնորհիվ  մենք ստանում ենք արագ, աննախադեպ աճի վիթխարի հնարավորություն: Բայց այնպես, ինչպես զանգվածային ոչնչացման զենքը պատուհաս դարձավ 21-րդ դարում դրա տարածման, ընդարձակման, ոչ պետական դերակատարների ձեռքում հայտնվելու սպառնալիքների առումով, այնպես էլ տեղեկատվական հեղափոխությունը եւ նրա հանճարեղ կերտվածքները կարող են եւ արդեն անվերահսկելի սպառնալիք են դառնում մարդու եւ հասարակության համար:


Մենք տարիներով տքնում ենք մեզ նմանների դաստիարակության վրա` անմնացորդ նվիրվելով մեր երեխաների կրթության գործին, եւ արդեն այսօր պաշտպանված չենք նրանից, որ տարիների այդ աշխատանքը կարող է համահարթվել ինտերնետում, հեռուստատեսությունում, այլ տեղեկատվական աղբյուրներում առկա անպատասխանատու, անբարոյական կամ առողջության եւ կյանքի համար վտանգավոր բովանդակությամբ: 


Տեղեկատվության մատչելիության եւ տեղեկատվական կրիչների տեսակների եւ հնարավորությունների երկրաչափական պրոգրեսիայի դարում ստեղծագործական մտավորականության վրա է դրված այն նրբագույն սահմանագծի որոշումը, որն անցնում է խոսքի ազատության, գրաքննադատության ցանկացած տեսակներից հրաժարվելու միջեւ եւ միաժամանակ թույլ է տալիս դասակարգել բովանդակությունն ըստ իր որակի` երաշխավորելով սպառողների անվտանգությունը:

 

Վիգեն Սարգսյանը Հայաստանի Նախագահի Աշխատակազմի ղեկավարի տեղակալն է եւ դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: 


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին