«Չլրատվամիջոցներին» սաստելու առաջարկ - Mediamax.am

«Չլրատվամիջոցներին» սաստելու առաջարկ
7276 դիտում

«Չլրատվամիջոցներին» սաստելու առաջարկ


Վաղուց էի ցանկանում զրուցել Մանանա Ասլամազյանի հետ մեր լրատվամիջոցների առջեւ ծառացած խնդիրների մասին: Կարծում եմ, մեր զրույցը բավականին հետաքրքիր է ստացվել: Այն, ինչ մտածում եմ մեր ԶԼՄ-ների մասին, հակիրճ ասել եմ Մանանայի հետ մեր զրույցի ընթացքում ու այդ թեմայով առանձին սյունակ գրելու մտադրություն չունեի:

Սակայն նախորդ շաբաթ համացանցում տեղի ունեցած ակտիվ քննարկումների եւ բլոգեր Էդգար Բարսեղյանի վերջին գրառումից հետո որոշեցի մի փոքր անդրադարձ անել:

Գաղտնիք չէ, որ գրեթե ամեն օր Հայաստանում ի հայտ են գալիս ցանցային «լրատվամիջոցներ», որոնք հիմնականում ունակ են կատարել հետեւյալ մի քանի քայլերը.

- առավոտյան կարդալ թերթերը, դրանցում գտնել ամենասկանդալային ու ամենա ոչ հավաստի հրապարակումները, դրանցից «լուր սարքել»` ընդ որում վերնագրում որպես պնդում ներկայացնելով այն, ինչը օրիգինալ հոդվածում ներկայացվում է հարցականով;

- տենդագին կերպով հետեւել նորմալ լրատվական կայքերի աշխատանքին, րոպեն մեկ սեղմելով թարմացման կոճակը ու որեւէ ուշադրության արժանի տեղեկատվության ի հայտ գալու դեպքում արտատպել այն` որպես կանոն չպահպանելով հեղինակային իրավունքը;

- գովազդել այս ամենի արդյունքում գոյացած «տեղեկատվությունը» Faceebook-ում` ընդ որում ընթերցողին գրավելով մի այնպիսի վերնագրով, որը երբեմն բուն նյութի հետ քիչ առնչություն չունի:

Երբ այս հիմարությունից հոգնած մարդիկ համացանցում գրում են, որ «հայկական մեդիան վերջնականապես գժվել է», դա ինձ նյարդայնացնում է, որովհետեւ այդ աղբը անվանելով «մեդիա»` անուղղակի վարկաբեկում են բոլոր նորմալ լրատվամիջոցներին ու լրագրողներին, որոնք լավ են կատարում իրենց աշխատանքը:

Միանշանակ համաձայն չեմ այն թեզի հետ, որ ընթերցողը չի կարող ինքնուրույն տարբերել որակյալ ու անորակ լրատվամիջոցը: Կարծում եմ, այս թեզը հորինել են մարդիկ, որոնք իրականում հաճույքով օգտվում են ցանցային աղբից: Այլապես դժվար է պատկերացնել, որ կարելի է գնալ խանութ ու որակյալ, թարմ մսի փոխարեն գնել հին, հոտած ու գույնը փոխած միս: Ու եթե, պատկերավոր ասած, ինչ-որ մեկին դուր է գալիս ամեն օր հոտած միս ուտել, հետեւանքների համար (ասենք, թունավորում) նա կարող է մեղադրել միայն ինքն իրեն:

Ցավալին, սակայն, այն է, որ լրատվական աղբի քանակն այսօր ավելի շատ է, քան նորմալ լրատվամիջոցներինը ու գնալով շատանում է: Մանանա Ասլամազյանը կարծում է, որ այս պարագայում պետք է ակտիվանա լրատվամիջոցների դիտորդ մարմինը: Կարծում եմ, որ եթե դիտորդ մարմինը իրոք մտահոգ է դաշտում տիրող վիճակով, այն չպետք է սպասի քաղաքացիների կամ պաշտոնյաների դիմումներին, այլ պետք է ինքնուրույն գործի` ամեն օր: Մարմինը կարող է հայտարարել, որ ամեն օր հետեւելու է հրապարակումներին եւ առանձնացնելու է նրանք, որոնք ակնհայտորեն խախտում են լրագրողական էթիկան կամ ակնհայտ սուտ տեղեկություններ են պարունակում:

Կարելի է մշակել մեխանիզմ ու նման հոդվածներ կամ լուրեր հրապարակող լրատվամիջոցներին հրապարակային նախազգուշացում հայտարարել: Երրորդ նման հրապարակումից հետո այդ լրատվամիջոցին կարելի է շնորհել «Չլրատվամիջոց» տիտղոսը, որը, կարծում եմ, բավական տհաճ կլինի վերջինիս տերերի ու լրագրողների համար:

«Հում» գաղափար եմ առաջարկում` հետաքրքրված մարդիկ կարող են լրամշակել ու կատարելագործել այն: Բայց նախապես ասեմ, որ այս գաղափարը կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե դիտորդ մարմնի անդամները դրսեւորեն 100-տոկոսանոց անկողմնակալություն ու գնահատեն հրապարակումները` անկախ իրենց անձնական կապերից ու նախասիրություններից: Հասկանում եմ, որ փոքրիկ Հայաստանում, որի մեդիա ոլորտի գրեթե բոլոր անդամները միմյանց ճանաչում են, դա շատ դժվար է անել: Դժվար է, բայց հնարավոր է:

Ու եթե իմ առաջարկը ընդունվի դիտորդ մարմնի, կամ այլող կողմից, առաջարկում եմ գնահատական տալ այս «հրապարակմանը»: Արդյո՞ք իրավունք ունի «լրատվամիջոց» անվանվել մի կայք, որն իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ վարչապետի նկատմամբ` անկախ Տիգրան Սարգսյանի հանդեպ ունեցած վերաբերմունքից:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Խարազ»-ի հիշատակին
Մեր ընտրանին