Մանանա Ասլամազյան. «Հայկական ԶԼՄ-ների խնդիրները փոխկապակցված են» - Mediamax.am

exclusive
21631 դիտում

Մանանա Ասլամազյան. «Հայկական ԶԼՄ-ների խնդիրները փոխկապակցված են»


Մանանա Ասլամազյան
Մանանա Ասլամազյան

Լուսանկարը` Մանանա Ասլամազյանի անձնական արխիվից


- Արդեն մոտ մեկ տարի է աշխատում եք Հայաստանում: Ո՞ր ԶԼՄ-ներն են այս ընթացքում Ձեզ համար դարձել տեղեկատվության մշտական աղբյուր:

 

- Պետք է նշեմ, որ ես շատ բացակայում եմ երկրից, այնպես որ դժվար է իմ Հայաստանում բնակվելը մշտական անվանել (ժպտում է): Չունեմ որեւէ մեկ կարեւոր աղբյուր: Փորձում եմ “ԱրմՆյուզ” հեռուստաալիքը դիտել, վերջինիս ռեբրենդինգից հետո: Կարդում եմ A1Plus.am, 1in.am: Հաճախ Epress.am-ին եւ Hetq.am-ին եմ հետեւում: Hetq.am-ը Հայաստանի այն սակավաթիվ ԶԼՄ-ներից մեկն է, որը մարդկային պատմություններ է ներկայացնում եւ փորձում օգնել այդ մարդկանց: Քանի որ հայերեն չեմ կարդում, խնդրում եմ, որպեսզի ինձ պատմեն “Առավոտ” օրաթերթի հետաքրքիր նյութերի մասին: Երբեմն «Երկիր Մեդիա»-ով հասարակական-քաղաքական ծրագրեր եմ դիտում: 

 

Եթե խոսենք ընդհանուր առմամբ ԶԼՄ-ների մասին, չեմ ցանկանում նեղացնել որեւէ մեկին, սակայն գրեթե ամեն լուրը բառ-առ-բառ վերատպվում է քսանից ավելի կայքերում, թերթերում եւ այլն:

 

Ես չեմ կարող ինձ ստիպել երկար հայկական հեռուստատեսություն դիտել: Սերիալներ չեմ սիրում, բանավեճային ծրագրերը շատ քիչ են եւ միանման, դրամատուրգիա չկա, կոնֆլիկտ չկա: Չէի ցանկանա դա ասել, սակայն, ցավոք, հեռուստատեսությունը բավականին գավառական է: Այդ ֆոնին «ԱրմՆյուզ»-ը որոշ առումներով տարբերվում է, ավելի թարմ է, նյութերի ներկայացման ոճն է ուրիշ: Այլ հարց է, որ փոքրիկ Հայաստանի համար, որտեղ այդքան շատ նորություններ չկան, շատ դժվար է պահել լուրերի 24-ժամյա հեռուստաալիք, եւ, հետեւաբար, օրվա ընթացքում հաղորդումները շատ անգամ կրկնվում են:

 

Ինձ նաեւ հետաքրքրում է “Շանթ” հեռուստաալիքը: Դա իմ հեռուստատեսությունը չէ, այն ավելի ժամանցային է, սակայն այդ ձեւաչափում նրանք բավականին պրոֆեսիոնալ են աշխատում:

 

- Եկեք խոսենք մեր ԶԼՄ-ների աշխատանքի որակի մասին: Վերջերս ես ավելի շատ մարդկանց եմ հանդիպում, ում ներկայությամբ չեմ ցանկանում ասել, որ լրագրող եմ: Նրանց խոսքերն այնքան են աղավաղվել կամ միտումնավոր խեղաթյուրել, որ նման բացասական փորձ ունեցող մարդիկ ընդհանրապես չեն ցանկանում որեւէ գործ ունենալ ԶԼՄ-ների հետ: Ու կարծում եմ, որ այդ իրավիճակը ստատիկ չէ` դեգրադացիան շարունակվում է: Ամեն օր նոր ցանցային ԶԼՄ-ներ են հայտնվում, եւ հասկանալի է, որ Հայաստանում չկան նման քանակի պրոֆեսիոնալ կադրեր, որոնք կաշխատեն այդ ԶԼՄ-ներում: Լրագրական աշխատանքի որակի այս խնդիրը հատո՞ւկ է Հայաստանի համար, թե՞ այն առկա է ամենուրեք հետխորհրդային տարածքում:

 

- Եթե խոսենք ընդհանուր միտումների մասին, ապա մասնագետների պակասից բողոքում են գրեթե ամենուրեք: Ժամանակն այսօր այդպիսին, կյանքի խելահեղ արագությունը. մի տեղ մի բան լսել ես, ու թվում է, թե արդեն ամեն ինչ գիտես: Դա ժամանակի եւ լուրերի տրամադրման եւ ընկալման այն հսկայական տեխնոլոգիական փոփոխությունների հատկությունն է, որի վկաներն ենք այսօր:  

 

Խնդիրն էլ ավելի է բարդանում ԶԼՄ-ների քանակի անհավանական աճի եւ, հետեւաբար, դրանով զբաղված մարդկանց պարագայում: Բնականաբար, ֆիզիկապես չեն հերիքում ինքնուրույն մտածող եւ իրենց միտքը պարզ ու պատկերավոր արտահայտող մարդիկ: Բացի մասնագիտական հիմունքներին տիրապետելուց` լրագրողը պետք է կարողանա ինքնուրույն մտածել: Մասնագիտությունը դադարել է բացառիկ եւ եզակի լինել:

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ որակի խնդիրն էլ ավելի է բարդանում մի քանի հավելյալ տարրերով պայմանավորված: Ռուսաստանում առնվազն մի քանի տասնյակ արտակարգ, խիզախ եւ ազատ լրագրողներ կան, եւ ամեն մեկն ունի իր լսարանը: Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների քանակը բովանդակության տեսանկյունից գերազանցում է երկրի կարիքները եւ հնարավորությունները: Շատ են փոքր լրատվամիջոցները, եւ ես վստահ եմ, որ դրանց աշխատակիցները չափազանց քիչ են վաստակում: Երիտասարդ լրագրողները հետաքրքրված չեն իրենց աշխատանքի որակի բարելավմամբ, քանի որ հասկանում են, որ, միեւնույն է, ավել գումար չեն ստանա: Եվ, քանի որ նման ԶԼՄ-ներում գումարը քիչ է եւ դրանք փոքր աշխատակազմ ունեն, նրանք պետք է օրվա ընթացքում շատ բան հասցնեն անել, ինչն էլ հանդիսանում է ցածր որակի պատճառներից մեկը. լրագրողները մի ասուլիսից մյուսին են վազում, ապա շտապում գրասենյակ, սխալներով նյութեր գրում, որոնք արտատպվում են բազմաթիվ այլ ԶԼՄ-ների կողմից:

 

Այսօրվա հայկական լրագրությունը հիմնականում մամուլի ասուլիսներից նյութեր են, առանց սեփական վերլուծության, առանց կարծիքներ հավաքելու փորձերի, առանց տարբեր տեսանկյուններից պատմությունը պատմելու ցանկության: Շատ քիչ են լուրջ սյունակները եւ վերլուծական հոդվածները:

 

Մանանա Ասլամազյան
դոսյե
Մանանա Ասլամազյան

 

- Տնտեսական խնդիրը իսկապես առկա է: Երբ գիտես թերթերի իրական տպաքանակի մասին եւ տեսնում ես, որ դրանցում կամ ընդհանրապես գովազդ չկա, կամ շատ քիչ է, հասկանում ես, որ միայն մի քանի թերթեր կարող են ինքնուրույն փակել իրենց ծախսերը, իսկ մնացած բոլորն ապրում են հովանավորների գումարով: Եվ ես համաձայն եմ ձեզ հետ, որ լրագրողները ավելի լավ գրելու շարժառիթ չունեն, քանի որ հովանավորը վճարում է X գումար, որն էքսկլյուզիվ նյութի առկայության դեպքում անգամ չի ավելանա: Կարծում եմ, իրավիճակը կլավանա միայն այն ժամանակ, երբ մի շարք ԶԼՄ-ներ ուղղակի «կմահանան» հովանավորների աջակցության դադարից հետո:

 

- Վստահ չեմ, որ հովանավորությունը շուտ կմահանա: Խնդիրը հենց դա է. անընդհատ հայտնվում են հարուստ մարդիկ, որոնք ցանկանում են երկրում գործընթացների վրա ազդեցություն գործել, կամ էլ ունենալ մեդիա, որպես իրենց բիզնեսի անվտանգության երաշխիք: Ամեն ինչ փոխկապակցված է` կադրերը, շուկան, քաղաքականությունը: Չի կարելի ասել, որ որեւէ ոլորտում ամեն ինչ շատ լավ է, իսկ մյուսում` վատ: Մինչեւ թափանցիկ շուկա, լուրջ մեդիա-մենեջերներ չլինեն, ընդհանուր առմամբ լրագրությունը կշարունակի մնալ նման իրավիճակում:

 

Այսօր Հայաստանում մեդիան որպես լուրջ բիզնես ընկալող շատ քիչ լրատվամիջոցների սեփականատերեր կան, ովքեր մտածում են, որ այն լուրջ մեծ գումարներ կբերի, եւ հասկանում, որ այդ բիզնես-որակը կարելի է մոնետիզացնել:

 

Իսկ լրատվական արտադրանքի որակն օբյեկտիվությունն է, օպերատիվությունը, բովանդակության խորությունը, մատուցման միջոցների արտահայտումը եւ այլն: Եվ, ցավոք, լսարանը նույնպես լրատվամիջոցներից որակ չի պահանջում: Փակ շրջան է ստացվում:

 

- Այսինքն, Դուք կարծում եք, որ խնդիրն անհատնե՞րի մեջ է՝ մեդիա-մենեջերների բավարար քանակի բացակայությա՞ն, որոնք կկարողանային շուկան նոր մակարդակի հանել:

 

- Ռուսաստանյան ներկայիս հեռուստատեսությունն երբեք այսպիսին չեր լինի, եթե չլինեին Գուսինսկին եւ այլոք, որոնք առաջինները սկսեցին զբաղվել լրատվամիջոցներով, որպես լուրջ բիզնեսով: Շատ կարեւոր է գլխավոր խմբագիրների եւ տնօրենների ինստիտուտը, որոնք պատշաճ կերպով կազմակերպում են լրագրողների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում` պաշտպանում նրանց:

 

- Կարծում եմ, որ ԶԼՄ-ների աշխատանքի որակի վրա ազդեցություն ունեցող երկրորդ կարեւոր խնդիրը պատասխանատվության հարցն է: Այսօր Հայաստանում ընդդիմադիր լրատվամիջոցներն օգտագործում են “պատասխանատու ԶԼՄ-ներ” տերմինը բացառապես բացասական համատեքստում, ինչն իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներն ունի: Սակայն, ինչպես գիտեք, responsible reporting հասկացությունը շատ տարածված է Արեւմուտքում եւ որակյալ լրագրության հիմքերից մեկն է հանդիսանում:  Պատկերավոր ասած, վաղը մի լրատվամիջոց կարող է գրել, որ մեր հարցազրույցի ընթացքում ինչ-ինչ պատճառով Դուք նյարդայնացել եք, ձեռքով հարվածել սեղանին եւ հեռացել, եւ եթե մենք հերքում չպահանջեք, այդ “նյութի” հեղինակը վստահ կլինի, որ մյուս անգամ եւս դա այդպես հեշտ կանցնի: Ստեղծվել է մի մթնոլորտ, երբ լրագրողները միանգամայն անկեղծ հավատում են, որ կարող են ստել: Մյուս կողմից, Հայաստանում շարունակվում են զրպարտության մասին օրենքի շուրջ բանավեճերը, որը, թվում է, նույնպես չի լուծում խնդիրը:  Ի՞նչ անել:

 

- Պետք է մի քանի մեխանիզմներ գործածվեն: Պետք է հասկանալ, որ դա ժամանակ պահանջող գործընթաց է, եւ փոփոխությունները մեկ օրում չեն լինի: Քաղաքացիական  օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո դատական հայցերի տարափ սկսվեց, վրդովված բարձրաստիճան անձինք սկսեցին բողոքներ ներկայացնել թերթերի դեմ: Գիտեք, որ նախորդ տարվա գարնանը Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Տեղեկատվական վեճերի խորհուրդ ստեղծվեց, որի անդամ եմ հանդիսանում:   

 

Մենք մի քանի վարույթներ դիտարկեցինք, եւ ամեն անգամ ի սկզբանե վրդովմունքով ընկալելով ԶԼՄ-ի դեմ քաղաքացու բողոքը, որն ուզում է սնանկացնել լրատվամիջոցին, ես հասկանում էի, որ այդ մարդը դատարան դիմելու հիմքեր ունի, քանի որ ԶԼՄ-ների աշխատանքն ոչ միշտ էր որակյալ: Մենք ցանկանում էինք պաշտպանել լրագրողներին, սակայն հաճախ դա շատ դժվար էր, քանի որ մենք չենք կարող առողջ դատողության դեմ գնալ: Արդեն մի քանի տարի Հայաստանում գործում է Դիտորդ մարմին, որն, ինձ թվում է, կարող էր ավելի ակտիվ լինել: ԶԼՄ-ները պետք է ավելի ակտիվ ներառվեն այդ մարմնի աշխատանքում, քաղաքացիները պետք է ավելի շատ բան իմանան դրա գոյության մասին եւ օգտվեն բողոքելու հնարավորությունից: Այդ դեպքում, ինձ թվում է, ԶԼՄ-ների պատասխանատվությունը կաճի, եւ հարկ չի լինի հասցնել հարցը մինչեւ դատարաններ եւ տուգանքներ: 

 

Տուգանքի չափսի առնչությամբ ես զրուցել եմ տարբեր մարդկանց հետ եւ հասկանում եմ, որ 6 մլն դրամի հայցը հայաստանյան թերթերի համար սնանկացում է նշանակում, իսկ խոշոր հեռուստաալիքների համար` թույլատրելի կորուստ է: Երբ դատական հայտերի առաջին ալիքը հանդարտվի, կարծում եմ, շատերը կհասկանան, որ գործընկերների մասնագիտական դրական գնահատականը կամ դատապարտումը շատ ավելի զգայուն է, քան վճարված տուգանքը: Երբեմն հերքման տպագրումը շատ ավելի ծանր պատիժ է, քան գումարայինը: Ցավոք, չկա այդ ընկալումը:

 

Ինձ թվում է, որ համագործակցելու պայմանավորվածություն ձեռք բերած ընկերացության գլխավոր խնդիրը մեդիա օգտատերերի առավելագույն լայն ծանուցումն է: Շատ կարեւոր է ասել. “Հարգելի ընթերցող, մենք ապրում ենք այս օրենքներով: Մենք քեզ որակ ենք խոստանում, սակայն եթե սխալ ենք թույլ տվել, պետք չէ դատարան դիմել` եկեք մեզ մոտ, եւ մենք կփորձենք օբյեկտիվ կերպով հարթել իրավիճակը»:

 

- Ես չեմ տեսնում իսկական ինքնակառավարման համար անհրաժեշտ համերաշխ լրագրական համայնք: Շատ ԶԼՄ-ներ ընդհանրապես չեն վստահում Դիտորդ մարմնին, Հայաստանի պայմաններում ամեն ինչ հաճախ հասնում է միջանձնային մակարդակի տարաձայնություններին: Եվ կրկին, կարծում եմ, որ, քանի դեռ մեդիան բիզնես չի հանդիսանում, այդ ձեւաչափը չի գործելու: Եվ կրկին փակ շրջան է, որը կարելի է բացել միայն խնդիրների ամբողջական լուծմամբ:

 

- Ամեն ինչ փոխկապակցված է: Հաճախ այս կամ այն քաղաքական գործչի համբավը սեւացնելու «պատվերի» մեջ «մտնում» է նաեւ ԶԼՄ-ի կողմից վճարվող տուգանքի գումարը: Ես վստահ եմ, որ հայաստանյան ԶԼՄ-ների շատ խնդիրներ կարելի է լուծել թափանցիկ գովազդային շուկա ստեղծելու միջոցով: Կարելի է անընդհատ քննադատել ռուսաստանյան ԶԼՄ-ները, եւ ես տարիներ շարունակ դա անում եմ, սակայն պատկերը կտրուկ փոխվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանում գովազդատուն սկսեց մեծ ազդեցություն ունենալ ԶԼՄ-ների վրա: Այո, գուցե ավելի շատ դեղին մամուլ ի հայտ եկավ, սակայն կորավ սեւ PR-ը, այն մնաց առանձին ԶԼՄ-ներում, եւ մենք գիտենք, թե ում կողմից է այն պատվիրվում: Սակայն, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ԶԼՄ-ների որակը բարելավվել է: 

 

Դիտորդ մարմին
դոսյե
Դիտորդ մարմին

 

- Բայց Հայաստանում, ի տարբերություն Ռուսաստանի, չկան գլոբալ գովազդատուներ, եւ խոշոր բիզնեսը կամ կապված է իշխանությունների հետ, կամ էլ վերջինիս ազդեցության տակ է: Հայաստանում կարելի է ԶԼՄ-ի գովազդատուի վրա ճնշում գործադրել, եւ այն կդադարեցնի համագործակցությունը: 

 

Փակելով որակի թեման` չեմ կարող չնշել, որ 20 տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել են ԶԼՄ-ների աջակցությանը, լրագրողների վերապատրաստմանը, մասնագիտական գիտելիքների բարձրացմանն ուղղված շատ մեծ եւ փոքր ծրագրեր, սակայն իրական փոփոխություններ դա չի տվել: Ձեր ծրագիրն արդեն մեկ տարի գործում է, կարողանո՞ւմ եք արդյոք լրագրողների միջեւ սովորելու, զարգանալու հանդեպ հետաքրքրությունը ստեղծել:

 

- Միակ բանը, որն ինձ իրոք ուրախացնում է, Հայաստանում քաղաքացիական լրագրության եւ բլոգների զարգացումն է: Մենք մի քանի հարյուր մարդկանց համար ծրագրեր ենք իրականացրել, եւ արդյունքները շոշափելի են:

 

Մեր սեմինարներին եւ վարպետության դասերին մասնակցել են ավելի քան 300 պրոֆեսիոնալ լրագրողներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ: Ցավալի է, որ մենք հիանալի մասնագետներ ենք բերում, հետաքրքիր ծրագրեր պատրաստում, իսկ այդ սեմինարներին մասնակցում են պատահական մարդիկ, որոնք ինչ-որ տարօրինակ պատճառով հայտ են ներկայացրել, կամ էլ չափազանց երիտասարդ են, մի խոսքով, ոչ նրանք, ում համար դա նախատեսված է: Հայաստանում ԶԼՄ-ները չունեն մարդկանց բավարար քանակ` նրանց վերապատրաստման ուղարկելու համար: 

 

20 տարի առաջ, երբ մենք Ռուսաստանում սկսեցինք Ինտերնյուսի աշխատանքը, այնտեղ նույն իրավիճակն էր, սակայն մենք կարողացանք մեդիա-մենեջերներին ապացուցել, որ դա օգտակար է առաջին հերթին իրենց համար: Եվ արդյունքում, ամեն սեմինարին մեկ տեղի համար 5-10 թեկնածու կար: Այստեղ մենեջերների մոտ իրենց աշխատակիցների մասնագիտացումը խորացնելու ցանկություն ես չեմ տեսնում, նրանք այսրոպեական հարցերի լուծմամբ են զբաղված եւ չեն կարող այնպես կազմակերպել աշխատանքը, որպեսզի հնարավորություն ունենան մտածել իրենց աշխատակիցների մասնագիտական աճի մասին: Դա մեծ խնդիր է: Ոչ ոք չի մտածում վաղվա օրվա մասին:  

 

Օրինակ, ես ձեզ մոտ՝ Մեդիամաքս էի բերել վավերագրական ֆիլմերի հայտնի ամերիկացի հեղինակ Ջոն Ալպերտին: Մենք հրավեր էինք ուղարկել վավերագրական ֆիլմերի 50 հայ հեղինակների, իսկ Ջոնի հետ հանդիպմանն ընդամենը 6 հոգի եկավ: Հետաքրքրվածություն չկա: Ներկայումս մենք եւս չորս «աստղեր» ենք նախատեսում հրավիրել, սակայն ես չգիտեմ, ինչպես անել, որպեսզի նրանք այցերնն արդյունավետ լինեն: 

 

- Մենք Ձեզ հետ միակարծիք ենք, որ մեդիան պետք է բիզնես դառնա: Սակայն գոյություն ունի մեդալի մյուս կողմը. հայաստանյան փոքրիկ մեդիա-շուկայում ընթացող կոնսոլիդացումը կարող է հանգեցնել նրան, որ անկախ խաղացողները կլանված լինելու մշտական վախի մեջ կապրեն:

 

- Այդ խնդիրը գոյություն ունի ողջ աշխարհում, եւ տարբեր երկրներում կառավարությունները սահմանափակում են մեկ ձեռքերում զանգվածային լրատվամիջոցների կոնսոլիդացումը` հասկանալով, որ եթե ԶԼՄ-ների շուկան մի քանի մարդկանց ձեռքերում լինի, դա հանրային կարծիքը մոլորեցնելու մեծ հնարավորություն կտա:

 

Գոյություն ունեն «մեկ ձեռքում» ԶԼՄ-ների կենտրոնացումը սահմանափակող շատ միջոցներ: Հասկանալի է, որ ավելի հեշտ է այնպիսի բիզնես ունենալ, երբ դու ունես ներքին սիներգիայով հոլդինգ: Օրինակ, հոլդինգի հեռուստատեսությունն իր եկամուտների հաշվին աջակցում է պակաս շահութաբեր թերթին եւ ռադիոկայանին եւ ավելացնում ինտերնետ պարբերականի լսարանն եթերում վերջինիս վրա հղումների հաշվին: Մեկ հեռուստատեսությամբ լուրջ բիզնես վարելը անհնար է: Այո, հոլդինգները պետք է ստեղծվեն, սակայն պետությունը պետք սահմանափակող միջոցներ ձեռնարկի, հակառակ դեպքում մենաշնորհ կառաջանա:

 

Պետք է լրջորեն մտածել, թե ի՞նչ է «մեդիա հոլդինգը» Հայաստանում, առավելագույնը որքան քանակի եւ տեսակի ԶԼՄ-ներ պետք է ունենա նրանց սեփականատերը, որպեսզի կարողանան շուկայում տարբեր ԶԼՄ-ների հավասարակշռությունը պահպանել: Հարկավոր է հասկանալ, գործո՞ւմ են արդյոք այսօր առկա օրենսդրական սահմանափակումները: Սակայն դրա համար կրկին հարկավոր է մեդիա-մենեջերների համայնք, որոնք առանձնացնում են հասարակության մեջ մեդիայի դերը եւ այն ընկալումը, որ անգամ Հայաստանում մեդիան կարող է դառնալ շահավետ բիզնես, սակայն այդ բիզնեսը ցանկացած երկրում պարտավորություններ ունի հասարակության հանդեպ: Նման բիզնեսի վատ որակի գինը չափազանց բարձր է եւ, ցավոք, միանգամից չի գիտակցվում, այլ երկար ժամանակ հետո: 

 

Մանանա Ասլամազյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին