Ինչու՞ պայքարները միանման են - Mediamax.am

Ինչու՞ պայքարները միանման են
5919 դիտում

Ինչու՞ պայքարները միանման են


Մեր օրերում հաճախ է հնչում այն փաստարկը, որ աշխարհը գնալով ավելի միատարր է դառնում ու գլոբալ երեւույթների մեծ մասը յուրահատուկ է դառնում աշխարհի երկրների մեծ մասի համար։ Իհարկե, այս փաստարկն ունի իր թույլ կողմերը, սակայն որոշ դիտարկումներ ցույց են տալիս, որ տարբեր երկրներում տեղի ունեցող երեւույթները յուրահատուկ են մնացածներին։

2008թ. սկսած ֆինանսատնտեսական ճգնաժամը մարտահրավեր է նետել աշխարհում գոյություն ունեցող գրեթե բոլոր կառավարման համակարգերին։ Ժողովրդավար ու ավտորիտար ռեժիմների տնտեսության կազմակերպման մոդելները ստեղծել են մի այնպիսի իրավիճակ, որտեղ կապիտալը կուտակվել է հասարակությունների շատ փոքր շրջանի մոտ։ Կապիտալը իր ձեռքում կուտակած խավը սկսել է ազդել որոշումների ընդունման վրա ու աջակցել է միայն իր շահերից բխող որոշումների կայացմանը։ Այս ամենը բերել է նրան, որ տնտեսական մոդելները ոչ միայն չեն բխում հասարակության լայն շերտերի շահերից, այլ նաեւ բնապահպանական աղետի առաջ են կանգնեցրել աշխարհը։

Հենց այս մոդելների դեմ էլ պայքար են սկսել մարդիկ Չինաստանից մինչեւ ԱՄՆ-ը, Անգլիայից մինչեւ Եգիպտոս։ Մարդիկ փողոց են դուրս գալիս պահանջելով փոխել գործող համակարգերը։ Եվ շատ դեպքերում այս պահանջները համանման են լինում։

2011թ. օգոստոսից սկսած` բնապահպանները ԱՄՆ-ում լայնածավալ բողոքի ակցիաներ են սկսել Կանադաից դեպի Տեխաս նախատեսված նավթամուղի կառուցման դեմ։ Այն իր գագաթնակետին հասավ նոյեմբերի 7-ն, երբ մոտ 12.000 մարդ Սպիտակ տան դիմաց բողոքի ակցիա անցկացրեց՝ պահանջելով չկառուցել նավթամուղը։ Ակցիան մեծ ազդեցություն թողեց նավթամուղի կառուցման որոշման վրա, եւ Օբամայի թիմը սկսել է քննարկել նախագծի հնարավոր վտանգի հարցը եւ չկառուցման հնարավոր տարբերակները։ Գրեթե նույն ժամանակ՝ 2011թ. սեպտեմբերին, Հայաստանում բնապահպանները սկսեցին ահազանգել Թռչկանի ջրվեժի վրա կառուցվող ՀԷԿ-ի վտանգի մասին։ Շուտով սկսվեց Թռչկանի պահպանման համար պայքարը։ Արդեն նոյեմբերին պայքարը հաղթանակով պսակվեց, եւ ՀՀ կառավարությունը Թռչկան ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տրամադրելու որոշում ընդունեց։

2011թ. դեկտեմբերին Չինաստանի Վուկան գյուղի բնակիչները դուրս եկան փողոց բողոքելու իշխանության կողմից իրենց հողի օտարման մասին որոշման դեմ։ Բողոքը մեծ արձագանք գտավ Չինաստանում, եւ Պեկինում սկսեցին քննարկել, թե ինչո՞ւ է հողը առանց գյուղացիների համաձայնության տրվել զարգացման պլան ներկայացրած ընկերություններին։ Նույն ժամանակաշրջանում Հայաստանում պայքար սկսվեց կառավարության 627-Ն որոշման դեմ, որի պատճառով ստիպողաբար տեղահանման վտանգի տակ է հայտնվել Քաջարան գյուղը։ Դեկտեմբերի 29-ին կառավարության դիմաց մեծ ակցիա տեղի ունեցավ` ընդդեմ 627-Ն որոշման։ Ճիշտ է, դեռեւս վերջնական հաջողություն չկա, սակայն պայքարող խմբի անցած հաջողությունները հույս են ներշնչում, որ վերջնական դրական որոշում կլինի։

Վերը նշված եւ մի շարք այլ գործընթացներ ցույց են տալիս, որ աշխարհում տեղի ունեցող երեւույթները շատ դեպքերում իրար նման են։ Նմանության պատճառները տարբեր են, սակայն կարեւորներից մեկն այն է, որ աշխարհում գործող կառավարման համակարգերը ճգնաժամ են ապրում, եւ վերջիններիս կողմից ստեղծած խնդիրները ու դրանց դեմ պայքարի ձեւերը գրեթե նույն են։

Աշխարհը մտել է ճգնաժամերի փուլ, եւ մարդկությունը նոր մոդելներ է փնտրում տնտեսական ռեսուրսների կառավարման համար, քանի որ ներկայիս մոդելները այլեւս արդյունավետ չեն։ Ելքը ճգնաժամերից երեւի թե ծանր կլինի, սակայն մարդկությունը կարող է համատեղ պայքարով կառավարման նոր մոդելներ ստեղծել, որոնք կկարողանան հասարակություններում արդարության ստեղծման ու պաշտպանման երաշխիք լինել։

Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին