2012թ. հունվարի 9-ին` ամանորյա արձակուրդներից վերադարձած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը թարմ ուժերով ամբողջական քննության ընդունեց երկու հետաքրքիր գործեր` “Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի” եւ “Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի”: Համապատասխանաբար 2005 եւ 2006թթ. ներկայացված երկու հայցադիմումները հետաքրքիր են այնքանով, որ երբեւիցե առաջին անգամ միջազգային դատական ատյանը քննելու է ղարաբաղյան կոնֆլիկտի հետեւանքների հետ կապված խնդիրներ` բացառապես իրավական հարթության մեջ:
Ըստ իս` դատավեճերի հիմնական ինտրիգը հետեւյալն է. արդյո՞ք Հայաստանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ 1992-94թթ պատերազմի եւ դրա հետեւանքների համար, եւ եթե այո` ապա ինչ չափով:
Պետք է նշել, որ “Չիրագովն ու մյուսները ընդդեմ Հայաստանի” գործին վերաբերվող փաստագրական տեղեկանքում օբյեկտիվորեն նշվում է ԼՂՀ անկախության անցած ուղին, հիշատակվում են նաեւ ՄԱԿ ԱԽ եւ ԵԽԽՎ բանաձեւերից օգտակար մեջբերումներ:
Երկու գործերի առաջին դատալսումը տեղի է ունեցել դեռեւս 2010թ. սեպտեմբերի 15-ին: Հիշարժան է, որ դատական նիստին մասնակցելու համար Շենգենյան վիզա ստացած Էլհան եւ Ադիշիրին Չիրագով եղբայրները ուղղակի օգտվել էին Ադրբեջանից դուրս պրծնելու հնարավորությունից եւ Ստրասբուրգ մեկնելու փոխարեն Փարիզից շեղել էին ուղղությունը դեպի Գերմանիա (ենթադրաբար)` ապաստան խնդրելու նպատակով:
Ուշադրության արժանի են երկու գործերի աշխարհագրական առանձնահատկությունները.
“Սարգսյանների” հայցը վերաբերվում է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղին, որը թեեւ իրավականորեն կազմում է ԼՂՀ անքակտելի մասը, բայց այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ; իսկ “Չիրագովների” գործը վերաբերվում է Լաչինի շրջանին, որտեղ թեեւ տարածվում է ԼՂՀ ինքնիշխանությունը, բայց Սահմանադրությամբ (հոդված 142) ունի “անցումային”, անհասկանալի կարգավիճակ:
Սա կարեւոր է այնքանով, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 56-ը նախատեսում է դրա դրույթների կիրառման որոշակի տարածքային սահմանափակումներ, նշելով, որ ստորագրող կողմերը կարող են ԵԽ Գլխավոր քարտուղարին տեղեկացնել նաեւ այն “տարածքների” մասին, որոնց միջազգային հարաբերությունների իրականացման համար կրում են պատասխանատվություն: Հայտնի է, որ Հայաստանը երբեւէ հանդես չի եկել որեւէ ատյանում ԼՂՀ միջազգային պարտավորությունների համար պատասխանատվություն ստանձնելու դիմումով, ավելին` ՀՀ Գերագույն խորհուրդը 1992-ի հուլիսի 8-ին ընդունված բանաձեւով սահմանել է, որ հարգում է ԼՂՀ պետականությունը եւ նրա իշխանությունների ու ժողովրդի որոշումները, մինչդեռ “Չիրագովների” գործը ԼՂՀ փաստացի իրավազորության տակ գտնվող տարածքում սեփականության իրավունքի հետ կապված դատավեճում որպես պատասխանող կողմ է հրավիրել Հայաստանի Հանրապետությանը:
Տարիներ շարունակ քարոզչական դաշտում թմբկահարելով “Հայաստանի կողմից իր տարածքի 20%-ի օկուպացիայի” մասին`Ադրբեջանը երբեւէ չի կարողացել գտնել դրա որեւէ իրավական կամ քաղաքական ապացույց միջազգային լուրջ կազմակերպությունների, իսկ առաջին հերթին` ԵԱՀԿ կամ ՄԱԿ ԱԽ փաստաթղթերում, եւ սահմանափակվել է սեփական մեկնաբանությունների եւ Իսլամական կոնֆերանս կազմակերպության կողմից անընդհատ շտամպավորվող բանաձեւերի մակարդակով:
Միջազգային իրավունքը եւ միջազգային դատարանները ներկայումս զարգացրել են երկու թեստ` հասկանալու համար առանձին պետության գործերում երրորդ երկրների ներգրավվածության աստիճանը`“էֆեկտիվ” եւ “ընդհանուր” վերահսկողության միջոցով: ՄԱԿ Միջազգային դատարանը, օրինակ, շարունակաբար առաջնորդվում է “էֆեկտիվ վերահսկողության” տեստով: Նույնն անում է նաեւ Ադրբեջանը, եթե որպես պաշտոնական դիրքորոշում ընդունենք 2008-ի դեկտեմբերի 24-ի զեկույցը` ուղղված ՄԱԿ անդամ-երկրներին եւ ՄԱԿ ԱԽ-ին (փաստաթուղթ S/2008/812) որտեղ Ադրբեջանը իբրեւ գլխավոր փաստարկ բերում է ՀՀ եւ ԼՂՀ պետական օղակներում բարձրագույն պաշտոնյաների փոխատեղումները [para. 47-48]:
Դեռ 2010-ի նախնական դատալսման ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը ընդգծել էր, որ Հայաստանը չունի որեւէ իրավազորություն, այսինքն չի իրականացնում “էֆեկտիվ վերահսկողություն” ԼՂՀ կամ նրա հարակից տարածքներում: “Չիրագովների” գործը վարույթ ընդունելու մասին օրեր առաջ հրապարակված որոշման մեջ դատարանը նշում է, որ “միանում է [Հայաստանի] կառավարության առարկություններին”, թե այն չի ունեցել որեւէ իրավազորություն ԼՂՀ տարածքում եւ չի կարող որեւէ պատասխանատվության ենթարկվել կոնվենցիայի 1-ին հոդվածի հատկանիշերով, միեւնույն ժամանակ` բավարար տեղեկատվության պակասի պատճառով` հարցի քննարկումը տեղափոխելով քննության փուլ:
“Չիրագովների” գործի հետ կապված Հայաստանի հայտարարված դիրքորոշումը այն է, որ տուժածները` բացի ինքնությունն ապացուցելու հետ կապված խնդիրներից, չեն անցել նաեւ այսպես կոչված տեղական մակարդակում առկա ատյանները, այսինքն` չեն դիմել ԼՂՀ իշխանություններին` ԼՂՀ Փախստականների մասին օրենքով ամրագրված իրենց իրավունքների ենթադրյալ խախտման մասին հաղորդմամբ: Այստեղ հարկ է հիշել, որ առաջին լսումների ժամանակ դատավորներից մեկը հարցրել էր դիմումատուին, թե արդյո՞ք նա դիմել է ԼՂՀ իշխանություններին` սեփականության իր իրավունքները վերականգնելու պահանջով…
Հընթացս նշեմ, որ նման հարցադրումը ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը երբեւէ կարող է “ձեռքերը լվանալ” կոնֆլիկտից, բայց փորձ է արվում միջազգային հանրության համար հասկանալի լեզվով ներկայացնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է, որն ունակ է ինքնուրույն մասնակցելու միջազգային կյանքին` առավել եւս, երբ խնդիրը վերաբերվում է իր պոտենցիալ քաղաքացիներին, ովքեր պատրաստ կլինեն ապրելու ԼՂՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:
Պարզ է նաեւ, որ լինելով առաջին միջազգային դատալսումը արցախյան հակամարտության հետեւանքների վերաբերյալ` ՄԻԵԴ ցանկացած որոշում դառնալու է նախադեպ` կոնֆլիկտի արդյունքում տեղահանված եւ փախստական դարձած անձանց իրավունքների վերականգնման հարցում:
Հովհաննես Նիկողոսյանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքական գործընթացների եւ տեխնոլոգիաների ամբիոնի վարիչն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: