1997 թվականի դեկտեմբերին զինվորական ծառայություն էի անցնում պաշտպանության նախարարության «Հայ Զինվոր» պաշտոնաթերթում: Շաբաթ օր էր, առավոտյան զանգեցին խմբագրությունից եւ ասացին, որ գլխավոր խմբագիր Վրեժ Իսրայելյանը շտապ կանչում է: Հասկացա, որ իրոք ինչ-որ արտառոց բան է պատահել, քանի որ պարոն Իսրայելյանը, ով միշտ կմնա իմ կյանքում հանդիպած ամենաբարի ու ամենատաղանդավոր ղեկավարը, մեզ երբեք հենց այնպես շտապ գործի չէր կանչում:
Խմբագրություն եկա ու մտա իր մոտ:
- Վազգենն (նախարար Վազգեն Սարգսյանը) էր զանգել, հարցնում էր. դու ճարպի՞կ տղա ես:
- Ի՞նչ իմաստով «ճարպիկ», պարոն Իսրայելյան:
- Դե, ասաց, որ մի քանի օրից Մոսկվա է մեկնելու, ուզում է քեզ հետը տանի:
- Ինչի՞ համար:
- Գնա նախարարություն, նախարարը քեզ ամեն բան կասի:
Իհարկե, խառնվեցի իրար: «Հայ Զինվոր»-ում մենք ծառայում էինք «ջերմոցային» պայմաններում, սակայն միեւնույն է՝ ես շարքային Արա Թադեւոսյանն էի, ով պետք է գնար պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մոտ, ում խիստ բնավորության մասին լեգենդներ էին շրջում…
Դուռը ծեծեցի, բացեցի, ասացի. «Թույլ կտա՞ք, պարոն նախարար»:
Վազգեն Սարգսյանը լայն ժպտաց, ձեռքով արեց ու ասաց. «Ներս արի, նստի»:
Նստեցի: Ասաց` ծխո՞ւմ ես: Ամաչելով ասացի` այո (այն ժամանակ ծխում էի): Ծխախոտ հյուրասիրեց ու ինքն էլ իր կրակայրիչով վառեց: Անկեղծ ասաց, շոկի ու պարծանքի խառը զգացում ունեի: Մի կողմից երազում էի, թե ոնց եմ էսօր տղերքին պատմելու, որ նախարարը ինձ սիգարետ հյուրասիրեց: Մյուս կողմից հասկանում էի, որ կարեւոր բան է ասելու ու վստահ չէի` արդյոք կարողանալո՞ւ եմ կատարել նախարարի առաջարկը, իսկ ավելի ստույգ` հրամանը:
Վազգեն Սարգսյանը պատմեց, որ վերջերս Երեւանում հանդիպել էր ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարների պատվիրակությանը ու մի քանի օրից մեկնելու է Մոսկվա եւ ուզում է, որ ես հանդիպեմ այդ մարդկանցից մի քանիսին ու նրանց ամանորյա նվերներ հանձնեմ:
«Պետք է նրանց ասել, որ հիմա մեր երկիրը բավական բարդ ժամանակաշրջան է մտնում, եւ միշտ չէ, որ մեր զինված ուժերում համամիտ են քաղաքական ղեկավարության հետ Լեռնային Ղարաբաղի հարցում»:
Իհարկե, զարմացա: Բայց միաժամանակ շատ մեծ նշանակություն չտվեցի` ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ մոտ մեկ ամիս անց ՀՀ նախագահը հրաժարական է տալու` «հայտնի ուժերի» պահանջով:
- Կարո՞ղ ես այդ գործը անել:
- Կարծում եմ, կարող եմ, պարոն նախարար:
- Դե շատ լավ, ուրեմն դու ու Մոսոն երկու օրից կմեկնեք Մոսկվա, ես էլ հաջորդ օրը կգամ:
Այդտեղ նորից թեթեւ շոկ ապրեցի: Մեսրոպ Գեղագուլյանը` Մոսոն, նախարարի համհարզն էր ու թիկնապահը: Նրանից բանակում ու ոչ միայն բանակում վախենում էին շատ-շատերը: Չէի պատկերացնում, թե ինչպես ես՝ սովորական շարքայինս, պետք է Մոսկվա մեկնեի Մոսոյի հետ: Ասեմ ավելին` պարզվեց, որ Մոսկվայում Մոսոյի հետ պետք է մնայինք հյուրանոցի նույն համարում…
Մոսկվայում աշխատանքս հետեւյալն էր` առավոտյան ինձ հատկացված մեքենայի բեռնախցիկը դնում էինք 3-4 արկղ «Նաիրի» կոնյակ (ամանորյա նվեր նախարարից) ու գնում հանդիպումների: Այդ ժամանակ աշխատում էի որպես «Մոսկովսկիե Նովոստի» թերթի հայաստանյան թղթակից, ու վերջինիս գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակին եւս պետք է նվեր հանձնեի: Երբ մոտեցանք խմբագրությանը, կայանելու տեղ չկար, բայց այդ պահին ավտոմեքենայով խմբագրության բակ էր մտնում իմ բաժնի ղեկավար Միխայիլ Շեւելյովը: Տեսավ ինձ, իջավ մեքենայից, իմացավ, թե ինչն է խնդիրը, ու ասաց. «Հարց չկա, տուր ինձ, ես կփոխանցեմ Վիտյային»: Արկղը տեղափոխեցինք նրա մեքենա, ու նայելով Միշայի դեմքին՝ ես անմիջապես հասկացա, որ Վիկտոր Գրիգորյեվիչ Լոշակի ամանորյա սեղանին «Նաիրի» կոնյակ հաստատ չէր հայտնվելու…
Նախարարը Մոսկվա եկավ մեր ժամանելու հաջորդ օրը, եւ երեկոյան մտա իր մոտ` զեկուցելու հանդիպումների ու դրանց արդյունքների մասին: Հրաժեշտ տալուց առաջ ասացի.
- Պարոն նախարար, ամեն տեղ այնպես լավ են ընդունում:
Ձեռքը դրեց ուսիս, ամուր սեղմեց ու ժպտալով ասաց այս բառերը, որոնք կհիշեմ միշտ.
- Որովհետեւ մենք հաղթած երկիր ենք:
Մոսկվայում մնացինք 2 կամ 3 օր. ամեն երեկո հանդիպում էի Վազգեն Սարգսյանին ու պատմում հանդիպումներիս մասին: Ապրում էինք զինվորական մի հյուրանոցում, որտեղ նախաճաշ նախատեսված չէր: Դրա մասին հոգ էր տանում Մոսոն, ով առավոտյան սառնարանից հանում էր տարբեր ուտելիքներ ու ինձ հրավիրում նախաճաշի: Ու կրկին մտածում էի. «Տղերքը տեսնեին էլի, թե ինչպես է ամենակարող Մոսոն շարքային Թադեւոսյանին նախաճաշ հյուրասիրում»: Մոսոն չէր թաքցնում, որ լրագրողներին չի սիրում, բայց ինձ հետ ստիպված էր շփվել: Ու չնայած Մոսոն «հրեշտակ» չէր, ես ջերմությամբ եմ հիշում մեր օրերը Մոսկվայում ու ցավում եմ, որ նա երիտասարդ տարիքում հրաժեշտ տվեց կյանքին:
Այդ ուղեւորության ամենամեծ արժեքն այն էր, որ ես տեսա իսկական Վազգեն Սարգսյանին: Տեսա, որ նա էլ կարող է մեղմ ժպտալ ու տխրել, որ նա էլ բոլորիս պես մարդ է: Ու հետո, երբ կարդացի Վազգեն Սարգսյանի այս հայտնի խոսքերը, հասկացա, որ ինձ իրոք բախտ է վիճակվել տեսնել նրան հենց այնպիսին, ինչպիսին որ ինքը կար.
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մէկ-մէկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չ'գիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ»:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: