«Ներքին դիմադրություն» - Mediamax.am

«Ներքին դիմադրություն»
8485 դիտում

«Ներքին դիմադրություն»


Վերջերս հանդիպել եմ օտարերկրյա մի պաշտոնյայի, ով մեկ օրինակի վրա բացատրում էր, թե ի՞նչ է նշանակում պետական կառավարման համակարգի «ներքին դիմադրությունը»։

Պատկերացնենք, որ երկրի ղեկավարը հայտարարում է, որ հաջորդ ամսվանից երկրի թվով 45.000 առավել աղքատ բնակիչները ստանալու են լրացուցիչ սոցիալական նպաստ։ Ճիշտ ու ողջունելի որոշում, բոլոր քաղաքական ուժերը կողմ են, երկրի բնակչությունը դրսեւորում է դրական վերաբերմունք։ Պետք է շատ արագ իրագործել։
Անցնում է մեկ ամիս։ Որոշումն իրագործված չէ։ Նպաստը տեղ չի հասել։ Պարզվում է, որ երկրի ղեկավարի հայտարարությունից հետո ֆինանսների նախարարությունը չի իրականացրել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը։ Ինչո՞ւ։ Չէ՞, որ դա ֆինանսների նախարարության անմիջական գործառույթն է։ Պարզվում է, որ ֆինանսների նախարարությունը այդ միջոցները հատկացնելու ուղղակի հանձնարարական չի ստացել։

Խնդիրը լուծվում է։ Ֆինանսական միջոցները հատկացվում են։

Անցնում է մեկ ամիս։ Որոշումն իրագործված չէ։ Նպաստը տեղ չի հասել։ Պարզվում է, որ չնայած ֆիանանսական միջոցները հատկացված են, սակայն չի որոշվել, թե ո՞ր գերատեսչությունն է նպաստները հատկացնելու։ Բոլորի համար ակնհայտ է, որ դա սոցալական պաշտպանության նախարարության գործառույթն է, սակայն նախարարությունը պնդում է, որ նման ցուցում չի ստացել։

Խնդիրը լուծվում է, նպաստները «տեղ հասցնելու» պարտականությունը դրվում է սոցալական պաշտպանության նախարարության վրա։

Անցնում է մեկ ամիս։ Որոշումն իրագործված չէ։ Նպաստը տեղ չի հասել։ Պարզվում է, որ նպաստները բաժանում է սոցիալական պաշտպանության նախարարության կազմում գործող վճարման ծառայությունը։ Որպեսզի այն բաժանի լրացուցիչ 45.000 նպաստառուի նպաստը, անհրաժեշտ է ներգրավել 2.000 լրացուցիչ աշխատող։ Այդ գործընթացը կարող է տեւել մինչեւ ութ ամիս։ Ի՞նչ անել։

Որոշվում է վճարումներն իրականացնել պետական փոստի միջոցով, որն ունի բաժանմունքներ երկրի բնակավայրերի մեծ մասում։ Խնդիրը լուծվում է։

Անցնում է մեկ ամիս։ Որոշումն իրագործված չէ։ Նպաստը տեղ չի հասել։ Պարզվում է, որ պետական փոստին սոցիալական պաշտպանության նախարարությունը չի տեղեկացրել այն 45.000 մարդկանց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր եւ այլն), ում պետք է վճարվի նպաստը։ Պատճառը՝այդ ցուցակները մշտապես կազմել է վճարման ծառայությունը։ Սակայն, քանի որ այս պարագայում այդ ծառայությունը չի վճարելու նպաստը, ապա ցուցակները չեն կազմվել։
Խնդիրը լուծվում է, պետական փոստին տրամադրվում են նպաստառուների ցուցակները։

Անցնում է մեկ ամիս։ Որոշումն իրագործված չէ։ Նպաստը տեղ չի հասել։ Պարզվում է, որ պետական փոստը, ստանալով ցուցակները, բացահայտել է, որ նպաստառուների մեծ մասը բնակվում է ծայրահեղ աղքատ հեռավոր բնակավայրերում, որտեղ փոստի բաժանմունքները բացակայում են։ Ի՞նչ անել։

Որոշվում է նպաստի գումարը տրամադրել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (համայնքապետերին), որպեսզի վերջիններս վճարեն այդ նպաստը իրենց բնակիչներին։ Խնդիրը լուծվում է։

Անցնում է երկու ամիս։ Որոշումն իրագործված չէ։ Նպաստը տեղ չի հասել։ Շուտով ընտրություններ են, եւ համայնքի ղեկավարները ուզում են այդ նպաստները բաժանել «հանդիսավոր» պայմաններում` ընտրությունների օրվան ավելի մոտ։

...

Իսկ հիմա պատկերացնենք, որ երկրի ղեկավարը «մի փոքր» ավելի «բարդ» որոշում է կայացրել։ Պատկերացնենք, որ նա որոշել է բարեփոխել, օրինակ, ձեռնարկությունների գրանցման ռեգիստրը՝ ապահովել նոր բիզնեսի գրանցում 15 րոպեում, «մեկ պատուհանի» միջոցով, էապես նվազեցնելով կոռուպցիոն ռիսկը։

Պատկերացրեցի՞ք…

Դավիթ Սարգսյանը ՀՀԿ անդամ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինքը ԼՐԱԳՐՈ՛Ղ է

Միացնելով կետերը

«Ներքին դիմադրություն»

Մենք կասկածում ենք...
Մեր ընտրանին