2025-ը ամենաարդյունավետ տարիներից էր Մեդիամաքսի 26-ամյա պատմության մեջ: Բացի մեր հիմնական գործունեությունից՝ Մեդիամաքս մեդիա-ընկերության կազմի մեջ մտնող Mediamax.am, Banks.am, Bravo.am, Itel.am, Sport.Mediamax.am եւ GastroVino.am կայքերում որակյալ բովանդակություն ստեղծելուց, տարվա ընթացքում ակտիվ էինք նաեւ այլ ուղղություններով:
2025-ին երեք նոր գիրք ենք հրատարակել.
Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»
Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը
Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը
Տարվա ընթացքում շարունակվում էր ակտիվ վաճառվել 2024թ. հոկտեմբերին լույս տեսած «Վանոն ու Վազգենը. երկու ընկերների կյանքն ու ողբերգությունը» գիրքը:
Փետրվարի 21-ին գիրքն արժանացավ Արմենպրեսի «Տարվա փաստավավերագրական բեսթսելեր» մրցանակին: Այդ պահին արդեն վաճառված էր 2 200 օրինակ եւ տպագրվում էր գրքի 4-րդ խմբաքանակը: Այն գրեթե սպառված է. ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 3 100 օրինակ:
Ամենաուրախալին այն է, որ գիրքը ակտիվ կարդում են երիտասարդները: Լուսինե Ղարիբյանի հետ գիրքը գրելիս ցանկանում էինք «հասնել» հենց նրանց, բայց վստահ չէինք, որ հաջողելու ենք: Պարզվեց, որ սխալվում էինք, եւ սա այն դեպքերից է, երբ սխալված լինելը հաճելի է:
Լավ են վաճառվում նաեւ նոր գրքերը: Մարտին լույս տեսած «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գրքի 800 օրինակ արդեն վաճառվել է: «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գրքի վաճառքները մեկնարկել են սեպտեմբերին եւ 500-ն արդեն վաճառվել է: Նշեմ, որ ըստ փորձառու հրատարակիչների, Հայաստանում մեկ տարվա ընթացքում 500 օրինակ վաճառելը համարվում է լավ արդյունք:
2025-ին գործարկեցինք Մեդիամաքսի երեկոյան մեդիա-դպրոցը: Մի քանի տարի մտածում էինք այն մասին, որ արժե պատմել, թե ինչպես են ծնվում մեր մարդկային պատմությունները, եւ ի վերջո կանգ առանք երեկոյան դպրոցի ձեւաչափի վրա: Շնորհակալ եմ IDBank-ին, որը կրթաթոշակներ տրամադրեց դպրոցի առաջին հոսքի 10 ուսանողներին:
Նոյեմբերին անցկացրեցինք երկրորդ Robust Armenia կոնֆերանսը՝ նվիրված կայուն զարգացման թեմաներին:
2026 թվականին անցկացնելու ենք թվով երրորդ Robust Armenia-ն, ինչպես նաեւ այլ կոնֆերանսներ՝ նվիրված տնտեսության տարբեր ճյուղերին:
2025 թվականին էլ ավելի ամրապնդեց շուկայի առաջատարի դիրքը Մեդիամաքսի կազմի մեջ մտնող մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծություն MaxMonitor համակարգը: Այն ապահովում է մեր եկամուտների էական մասը՝ նպաստելով անկախության պահպանմանը: Համակարգի նորությունների եւ զարգացման հեռանկարների մասին վերջերս պատմել է MaxMonitor-ի ղեկավար Օֆելյա Ղազարյանը:
2025 թվականի ընթացքում շարունակել ենք մեր ավանդական Գրքերի տաղավար եւ Հայաստանն ու աշխարհը շարքերը:
Առաջինը մոտ մեկ տասնամյակ ներկայացնում է Հայաստանում հրատարակվող գրքերը: Ընդ որում, շարքի հիմնական հեղինակ Արմինե Սարգսյանը «երկաթե կանոն» ունի՝ գրքի հեղինակի, թարգմանչի կամ հրատարակչի հետ զրուցում է միայն գիրքը կարդալուց հետո: 2025-ին շարքում 44 հրապարակում ենք ունեցել, որոնցից տարեվերջին առանձնացրել ենք 15-ը:
Երկրորդ շարքում, որն արդեն մի քանի տարի իրագործում ենք «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ, ներկայացնում ենք արտասահմանյան մամուլի՝ Հայաստանին ու տարածաշրջանին, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններին վերաբերող հրապարակումները: Վստահ եմ, որ դրանք կարեւոր են մտածող մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեսնել «մեծ պատկերը»: 2025-ին «Հայաստանն ու աշխարհ»-ում թարգմանաբար ներկայացրել ենք 188 հոդված:
Քանի որ 2025-ը անցավ արհեստական բանականության (ԱԲ) «հովանու ներքո», որոշեցինք խոսակցություն սկսել այն մասին, թե ինչ մարտահրավերներ ունի ԱԲ-ն կրթական ոլորտի համար: «Կրթության ապագան» շարքում հետաքրքիր զրույցներ ենք ունեցել Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների պրոֆեսորների հետ:
2025 թվականին, ինչպես միշտ, մեր ուշադրության կենտրոնում մարդիկ էին: Ավանդույթի համաձայն, տարեվերջին կազմել ենք նրանց մասին պատմող նյութերի ընտրանին:
2026 թվականի հունվարից գործարկելու ենք երկու նոր մուլտիմեդիա նախագիծ. «Դրվագներ» եւ «Ֆլեշբեք»: 
Փետրվարին մեր ընթերցողներին առաջարկեցինք բարի գործի մասնակցել եւ արցախցի երեխաներին «Դեդո-Բաբո» տիկնիկներ նվիրել։ Մարտի 15-ին տիկնիկները հանձնեցինք «Արցախ. իմ մանկության փողոցը|101 պատմություն» նախագծի մասնակից 7 եւ 8 տարեկան տասը երեխաներին եւ ինձ համար դա տարվա ամենալուսավոր դրվագներից մեկն էր:
2025 թվականն ամփոփող հոդվածս կարող եք կարդալ այս հղումով: «Կյանք, մարդիկ, փաստեր» վերնագրված նյութերը սկսել եմ 2014-ից, բայց 2020 թվականից հետո դրանք գրելն առավել դժվար է դարձել: Մի կողմից, չես ցանկանում տոներից առաջ մռայլ պատկեր ներկայացնել, մյուս կողմից՝ գիտակցում ես, որ իրականության հետ առերեսվելն այն փոխելու գլխավոր նախապայմանն է:
Իսկ 2025-ի իմ ամենակարեւոր նյութը սա է. Спасибо, Земфира:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: