Դրամի ծնունդը ու «փրկիչ» Քենեդին - Mediamax.am

Նոյեմբեր 21, 2025
Դրամի ծնունդը ու «փրկիչ» Քենեդին
52 դիտում

Դրամի ծնունդը ու «փրկիչ» Քենեդին


Նոյեմբերի 22-ին երկու պատմական իրադարձություն է տեղի ունեցել: Շրջանառության մեջ է մտել հայկական դրամը (1993 թվականին) եւ սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին (1963 թվականին): 

Թվում է, այս իրադարձությունների միջեւ որեւէ կապ լինել չի կարող, բայց իմ դեպքում այն կա: Երբ դրամը մտավ շրջանառության մեջ, մի քանի օր մեծ խառնաշփոթ էր տիրում: 

Ռուսական ռուբլիներն այլեւս վճարային միջոց չէին համարվում, դրամ դեռեւս ոչ բոլորն ունեին: «Գրանատուսը», «Նապոլեոնը» եւ 90-ականները սյունակում պատմել եմ, որ հրուշակեղենի «Գրանատուս» խանութը մի քանի օր առեւտուր էր անում ԱՄՆ դոլարով:

Դրամը նոր էր շրջանառության մեջ մտել, մեկ-երկու օր էր անցել: Այն ժամանակ մեր «Մաքսիմում» շաբաթաթերթի խմբագրությունը Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում էր գտնվում եւ աշխատանքից հետո ընկերուհուս մետրոյի «Բարեկամություն» կայարանի կանգառից «նստեցնում էի» Հարավ-Արեւմտյան թաղամաս գնացող երթուղային տաքսի: 

Երբ մոտեցանք կանգառին, պարզվեց, որ վճարային որեւէ միջոց չունենք: Արդեն մտածում էինք «Բանգլադեշ» ոտքով գնալու մասին, մեկ էլ հիշեցի, որ գրպանում ունեմ Ջոն Քենեդիի դիմանկարով 50 սենթանոց մետաղադրամը, որը երկար տարիներ որպես թալիսման էի պահում: 



Մոտեցա երթուղայինի վարորդին, մեկնեցի մետաղադրամը, թերահավատորեն նայեց, շոշափեց, բայց ի վերջո համոզվեց, որ իսկական փող է եւ համաձայնեց վերցնել որպես ուղեւորավճար: 

Տեսնես, ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ մետաղադրամը այս 30 տարիների ընթացքում, ինչպես գործածվեց եւ որտեղ է հիմա:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Ներկայում ապրելու» մասին
Մեր ընտրանին