Շատերս 2020 թվականը «տեսանք» Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների միջոցով:
2022 թվականի օգոստոսին Դավիթը մեր լրագրող Գայանե Ենոքյանին պատմել էր, որ պատերազմը սկսվելուց հետո ընկերների հետ նստած էր ավտոբուսում, որը պետք է նրանց մարտական դիրք տաներ, երբ զանգ ստացավ Արցախի կառավարությունից:
Ասացին, որ պետք է մնա ու վավերագրի պատերազմը, այդ թվում՝ միջազգային մամուլի համար:
«Այդ օրերին ինձ մարդիկ էին հանդիպում ու ասում՝ ինչ լավ ֆոտոներ ես արել: Չգիտեի, թե ինչպես արձագանքել դրան, որովհետեւ ես այդ լուսանկարներում լավ բան չէի տեսնում՝ ավերված շենքեր, լացող մարդիկ: Թե ինչն է դրա լավը, ես չէի հասկանում: Ասում էի, որ երանի թե դրանց փոխարեն ծաղիկ կամ արեւ նկարած լինեի», - ասում էր Դավիթը:
2023 թվականին մեր մի քանի շարքերի հեղինակ Սոֆիա Հակոբյանը առաջարկեց հոդվածներ պատրաստել պաշարված Արցախից: Սոֆիային ծանոթացրեցինք Դավիթի հետ եւ նրանք մեզ համար այս նյութերը պատրաստեցին.
Սուրբ ծնունդը՝ շրջափակման մեջ
«Սա էլ կանցնի». աշխարհում իրարից բացի ոչ ոք չունեցողների երկիր Արցախը
«Մտածեցինք, որ ուզում են գերի վերցնել մեզ». երեխաների վերադարձը Արցախ
Լուսառատից Մոխրաթաղ. պաթետիկից դեպի իրական սերը տանող ճանապարհը
Մոսկվայից Արցախ տեղափոխված Մերին. «Պատերազմը իմ փոխարեն որոշեց»
Շրջափակված Արցախի «հմայիչ» մակարոնները
Անճանաչելի դարձած Սարսանգն ու ձմեռը, որն Արցախում երբեք չեն մոռանա
«Մեր զոհվածները չեն ասել՝ մեզանից հետո տանջանքով ապրեք»
2023 թվականի սեպտեմբերի վերջին Դավիթը, ինչպես եւ բոլոր հայերը, ստիպված եղավ թողնել Արցախը:
Այս կադրը նա արել է գաղթի ճանապարհին եւ այն կարծես ոչ թե սոսկ լուսանկար լինի, այլ վավերագրական ֆիլմ.
Մոտ մեկ ամիս առաջ մեր երկու լուսանկարիչներից մեկը առողջական խնդիրների պատճառով ստիպված եղավ հեռանալ աշխատանքից: Երբ քննարկում եինք, թե ով կարող է փոխարինել նրան, Գայանե Ենոքյանն առաջարկեց դիտարկել Դավիթ Ղահրամանյանին:
Նոյեմբերի 1-ից Դավիթը մեր թիմի անդամ է, ինչի համար շատ ուրախ եմ: Բացի նրանից, որ նա լավ մարդ ու լավ լուսանկարիչ է, ինձ համար կարեւոր է, որ նրա միջոցով մեր թիմում կապրի Արցախը:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: