«100 վայրկյանն» ու մեր իրական բարեկամները սյունակում պատմել եմ, թե ինչպես էինք կապ հաստատում հայտնի մարդկանց հետ՝ առաջարկելով մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեր նախագծին:
Գրել էի նաեւ Ադոմայտիսի հետ շփման մասին, բայց այսօր ավելի մանրամասն կպատմեմ: Երբ Լիտվայի դեսպան եւ իմ լավ բարեկամ Էրիկաս Պետրիկասն ուղարկեց Ադոմայտիսի հեռախոսահամարը, մի քանի ժամ չէի կարողանում ինձ ստիպել զանգել:
Թվում էր, Իեն Գիլանի եւ Թոնի Այոմիի պես գերաստղերի հետ այդքան շփվելուց հետո այլեւս չպիտի «քաշվեի» հայտնի մարդկանց հետ խոսելուց, բայց միեւնույն է չէի կարող պատկերացնել, որ պիտի զանգեմ ու խոսեմ մի մարդու հետ, ում մանկուց տեսել եմ ֆիլմերում:
Ի վերջո, հավաքվեցի, զանգեցի: Կարճ, բայց շատ ջերմ խոսեցինք: Միանգամից համաձայնվեց կարդալ Ցեղասպանության վերապրողներից մեկի վկայությունը եւ ճշտեց՝ արդյո՞ք իսկապես ուզում ենք, որ կարդա մայրենի լեզվով: Հաստատեցի՝ մեզ համար կարեւոր էր, որ վկայությունները հնչեն որքան հնարավոր է շատ լեզուներով:
Թարգմանության եւ նկարահանումը կազմակերպելու հարցում օգնեց իմ լիտվացի ընկեր Լինաս Կատիլիուսը: Տեքստն ինքը թարգմանեց, Ադոմայտիսին նկարահանելու համար էր գտավ օպերատորի, որն աշխատանքն արեց բավական համեստ հոնորարի դիմաց:
2014 թվականին, երբ խոսում էի Ադոմայտիսի հետ, չգիտեի, որ նա երկու հայկական ֆիլմում է նկարվել: 1993-ին՝ Ալեքսանդր Քաջվորյանի «Հին աստվածներ», իսկ 2002-ին՝ Լյուդմիլա Սահակյանցի «Նախաշեմին» կինոնկարներում:
1993-ի փորձառության մասին նա այսպես էր պատմել «Ավանգարդ» թերթին տված հարցազրույցում.
«Նկարահանումներից հետո մի կերպ հասնում էինք հյուրանոց, որտեղ նույնպես ցուրտ էր, սակայն հայ բարեկամներս այնքան ջերմ էին իմ հանդեպ, որ մոռանում էի ցրտի մասին: Իմ այդ հարազատների հետ ես հիմա ինձ շատ լավ եմ զգում: Ջուր չկար, լույս չկար, գազ չկար, կողքի խանութում պեպսի-կոլայի նման մի հեղուկ կար, մեկ էլ կարծեմ` աղ: Հայաստան ասելիս` առաջինը մարմնովս ցուրտ է անցնում: Իսկ երբ տուն հասա, դուռը թակեցի, բացեցին, ու ես տեսա լույս, ջուր, այն էլ` տաք… Չէի հավատում… Ա´յ դա երջանկություն էր: Չեք պատկերացնի, չնայած ո՞նց չեք պատկերացնի, դուք քանի տարի եք այդպես ապրել: Սրանից հետո ես սկսեցի կյանքին լրիվ այլ կերպ նայել, և դա` շնորհիվ Հայաստանի ու հայերի: Ես սա անվանում եմ հայկական դաս»:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: