«100 վայրկյանն» ու մեր իրական բարեկամները - Mediamax.am

«100 վայրկյանն» ու մեր իրական բարեկամները
29476 դիտում

«100 վայրկյանն» ու մեր իրական բարեկամները


2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Մեդիամաքսն իրագործեց «100 վայրկյան» նախագիծը: Հիմնական ուղերձն այն էր, որ 1915-ին տեղի ունեցածը ոչ միայն հսկայական քաղաքական եւ մարդասիրական աղետ էր, այլեւ անձնական ողբերգությունների սարսափելի շղթա:

Վերցրել էինք 2013 թվականին Հայաստանի ազգային արխիվի կողմից հրատարակված Ցեղասպանության վերապրողների վկայությունները, առանձնացրել 100 վայրկյան տեւողության հատվածներ եւ տարբեր ազգությունների հայտնի մարդկանց առաջարկել էինք կարդալ դրանք առաջին դեմքից՝ իրենց «նույնացնելով» վերապրողների հետ: Երբ դա հնարավոր էր, մասնակիցներին խնդրում էինք վկայությունը կարդալ իրենց մայրենի լեզվով:

Նախագծի գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր, ինչի շնորհիվ կարողացանք նկարահանումներ անել տարբեր երկրներում: Մի մասին էլ նկարեցինք Երեւանում. նրանք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հյուրերն էին: Նրանց թվում էին լեհ կինոռեժիսոր Կշիշտոֆ Զանուսին, սուպերմոդել եւ դերասանուհի Ադրիանա Սկլենարիկովա-Կարեմբոն, ֆրանսիացի դերասանուհի Աննա Մուգլալիսը:

Արտասահմանում նկարահանումները սկսեցինք իմ լավ բարեկամ Սալի Դեյից:
Նա Deep Purple-ի երգիչ Իեն Գիլանի օգնականն է, սակայն մասնագիտությամբ դերասանուհի է: Կարծում եմ՝ Սալին բոլորից տպավորիչ է կարդացել «իր» վկայությունը:



Ինձ համար շատ կարեւոր էր, որ նախագծին վրացիներ մասնակցեն: Որեւէ «քաղաքական նպատակ» չէի հետապնդում, պարզապես երեւի ուզում էի ինքս ինձ ապացուցել, որ չնայած Վրաստանի եւ Թուրքիայի սերտ կապերին, կգտնվեն մարդիկ, որոնց համար հայերի ցավը դատարկ բան չէ: Ուրախ եմ, որ չսխալվեցի: Առանց վարանելու վկայություններ կարդալու պատրաստակամություն հայտնեցին լրագրող Զվիադ Քորիձեն եւ Վրաստանի գրականության թանգարանի տնօրեն, պատմաբան եւ գրականագետ Լաշա Բաքրաձեն:



Այն ժամանակ Հայաստանում Լիտվայի դեսպանը Էրիկաս Պետրիկասն էր, նրան ասացի, որ շատ կցանկանայի՝ Լիտվայից մասնակից ունենանք: Էրիկասը խոստացավ մտածել ու որոշ մարդկանց տվյալներ փոխանցել: Մի քանի օր անց ինձ հեռախոսահամար ուղարկեց եւ կից գրություն՝ Ռեգիմանտաս Ադոմայտիսն է, զանգիր, խոսիր հետը: Թող անհամեստ չհնչի, բայց լրագրողական կարիերայիս ընթացքում բազմաթիվ հայտնի մարդկանց եմ հանդիպել: Բայց Ադոմայտիսին զանգելուց առաջ շատ հուզված էի. հավատս չէր գալիս, որ զրուցելու եմ մանկության ֆիլմերից շատերի հերոսի հետ:



Մոսկվայում լրագրող Սերգեյ Պարխոմենկոն եւ բլոգեր Անտոն Նոսիկը միանգամից համաձայնեցին: Նկարահանումները մեզ համար արեց Աննա Ալեշկովսկայան, ում հետ երբեւէ «կենդանի» հանդիպում չենք ունեցել, բայց հեռավար ընկերություն ենք անում: Աննան առաջարկեց նախագծում ներգրավել նաեւ իր եղբորը՝ Միտյային, որը, չնայած երիտասարդ տարիքին, վերջին տարիներին ահռելի հասարակական գործունեություն է ծավալել եւ հիմնել բարեգործական  հիմնադրամներ, որոնց շնորհիվ փրկվել են բազմաթիվ կյանքեր:



Նախագծին միացավ Ամբերին Զամանը՝ այն ժամանակ The Economist ամսագրի թղթակիցը Թուրքիայում: Ամբերինի հետ բոլորովին վերջերս հանդիպեցի Երեւանում եւ շնորհակալություն հայտնեցի «100 վայրկյանին» միանալու համար: Նա առանց այն էլ բարդ հարաբերություններ ուներ Թուրքիայի իշխանությունների հետ, եւ Հայոց ցեղասպանության վերապրողի վկայություն կարդալը հաստատ չէր նպաստելու դրանց բարելավմանը:



Ուկրաինայում պատերազմի սկսվելու առաջին օրերից այդ երկրում է աշխատում եւ Financial Times-ի համար հոդվածներ գրում մեր նախագծի մեկ այլ մասնակից Թիմ Ջուդան: Շատ եմ ցանկանում, որ նա անվնաս տուն վերադառնա:

Վաշինգտոնում նկարահանեցինք Թոմ դե Վաալին: Նկարահանումը կազմակերպեց իմ ընկեր եւ դասընկեր Յուլիա Պետրոսյան Բոյլը՝ National Geographic-ի ավագ փոխնախագահը: Շոտլանդիայում էլ նկարահանեցինք անգլիացի պատմաբան, Journal of Holocaust Education ամսագրի խմբագիր Դոնալդ Բլոքսհեմին:

Նախագծից չէր կարող անմասն մնալ հայերի եւ անձամբ իմ մեծ բարեկամ, Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին:

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաճախ եմ հիշում «100 վայրկյան» նախագիծը: Պատերազմի ժամանակ մենք մեզ աշխարհի կողմից լքված էինք զգում: Բայց այս նախագիծը վկայում է, որ մենք ունենք իրական բարեկամներ, որոնք հասկանում են մեր ցավը: Եվ այսօր մեր խնդիրն է ստեղծել նոր բովանդակություն, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո մեր բարեկամները նաեւ մեզ համար ուրախանալու առիթներ ունենան:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին