Դեր Զորից Հակարիի կամուրջ՝ «ապրող մեղավորները» - Mediamax.am

Հոկտեմբեր 11, 2025
Դեր Զորից Հակարիի կամուրջ՝ «ապրող մեղավորները»
1022 դիտում

Դեր Զորից Հակարիի կամուրջ՝ «ապրող մեղավորները»



2024-ի սեպտեմբերին՝ Արցախի հայաթափումից ուղիղ մեկ տարի անց Սասունի գյուղերից մեկում էի, ընկերներով տեղի իսլամացված հայ ընտանիքներից մեկի հյուրն էինք։ Ընտանիքը Սասունի մեկ այլ շրջանի լեռնային գյուղերից ժամանակին «իջել» էր Մշո դաշտ, հետո Խութ-Բռնաշենի՝ նախկինում հայերին պատկանած այդ հողը փողով գնել, մեղվաընտանիքներ, այծեր բազմացրել ու «ոտքը պնդացրել» էր այստեղ։   

Թեյի սեղանի հյուրասիրության շուրջ, որն այստեղ սովորաբար վերաճում է ճոխ ընթրիքի, ինչպես միշտ, բոլորը հուզված, երջանիկ ու իրարամերժ զգացմունքների մեջ էին։ Բայց ես երբեք, երբեք ու երբեք չեմ մոռանա Արցախից տիկին Կարինեի դեմքը, որն իր դստեր՝ Ստեփանակերտում ծնված ու Շուշիում ուսանած ճարտարապետ Էլինայի հետ նստած էր իմ դիմացի բազմոցին՝ սկզբից մինչև վերջ ոչ մի վայրկյան չդադարելով լուռ, թաքուն լաց լինել։ 

«Երևի երեխաներին տանեմ այստեղից, ամեն վեճի ժամանակ քանի՞ անգամ պետք է լսեն՝ «Հայի զավակ»։ Կա՛մ պիտի գնանք, կա՛մ նրանց ուզածը դառնանք։ Ես իմ կաշվից դուրս մեկը լինել էդպես էլ չսովորեցի, Սոֆի։ Ստամբուլը, որտեղ համայնք կա, կարող է հարմար տարբերակ լինել», - բոլորից առանձնանալով մի պահ ասաց տան մեծ եղբայրը՝ գլուխը գետնից չբարձրացնելով։

«Երևի ճիշտ ես», - ասացի՝ նրան առաջարկելու այլ տարբերակ չունենալով։ 
Էլինան և տան կրտսեր աղջիկը՝ Մերյեմը, ում համար Հայաստան գալը դեռ մնում է անհաս մի երազանք, առանց մեկ բառ փոխանակելու միանգամից մտերմացան, իսկ մեր մեկնելուց առաջ Էլինան Արցախի դրոշի պատկերով արծաթյա իր մատանին թողեց նոր ընկերուհուն։ 

Այդ հոգեցունց տեսարանն իմ մտքից այդպես էլ չջնջվեց։ Նույն պատմության երկու տարբեր «հանգուցալուծումերն» իմ առաջ էին մարդկային կերպարանքով և ես չգիտեի՝ կյանքը դրանով ինչ է ուզում ինձ ասել։ 

Մեկը հասարակության լայն շերտերի համար «մեղավոր» էր, որ «փախավ», մյուսը, որ «չփախավ»։ Ինչպիսի՛ երկվություն...

Նման իրարամերժ զգացում էի նաև ունեցել դրանից ուղիղ տաս տարի առաջ՝ 2014-ին, երբ Սասունում քուրդ մի ընտանիքի 100 տարեկան մայրը, ում դեմքին վառ նկատելի էին Սասունում տարածում չունեցող, Դեր-Զորից իրեն «ժառանգություն» հասած դաջվածքները, ներս մտավ ու նստեց Անահիտ Տեր-Մինասյանի՝ ֆրանսահայ լուսահոգի պատմաբանի կողքին, ում տատը քուրդ բեկի ձեռքից փախած ու նրա դեմ ամբողջ Օսմանյան կայսրությունը ցնցած դատական գործը հարուցած մշեցի Գյուլիզարն էր, նույն հայտնի «Գուլո Գուլո» երգի հերոսուհին։ 

Երբ արդեն չկար Անահիտ Տեր-Մինասյանը, ում հետ այդքան հետաքրքիր ու լեցուն էին մեր անցյալի խնդրահարույց կետերի մասին զրույցները, և երբ արդեն վաղուց հողին էր խառնվել նաև դաջվածքներով տատիկը՝ իր հետ տանելով իր պես տասնյակ հազարների «շարքային» դերզորյան պատմությունը, Արցախի բլոկադայի ցուրտ ձմռանը՝ Հրանտ Դինքի սպանության օրը, Արցախի հանրային ռադիոյում ռեպորտաժ էի պատրաստում։ Թուրքիայում մնացած հայերի հետ տարիներ շարունակ աշխատած հեղինակի, իմ սիրելի մեծ եղբայր Ավետիս Հաջյանի շատ հուզված ձայնը մոնտաժելու պահին բարդ էի զսպում արցունքներս (գործընկերներիս թվում էր, թե էլեկտրաէներգիայի  խափանումներից ու համակարգիչների անջատվելուց եմ նյարդայնանում), հատկապես երբ Ավոն ասաց․««Գալով իսլամացված հայերին և իրենց պատգամին հայության համար, հետևյալն է պատգամը՝ կարևոր է հողի վրա մնալ»։ 

Ավոն, անշուշտ ու անխոս, ճիշտ էր, և իմ բոլոր «համաբլոկադնիկ» հարազատները վկա՝ մենք սրա համար հնարավոր ամեն ինչ արեցինք։ Թեև ցեղասպանությունների ժամանակ ընտրությունն առանձնապես ճոխ չէ։  

Տարօրինակ զուգադիպությամբ հենց շրջափակման օրերին ընթերցողի դատին հանձնվեց Մեդիամաքսի հետ մեր «Ապրողները» նախագիծը, որն անհավատալի թևեր էր տալիս ինձ այդ ժամանակ՝ վանդակից ներս։ 

Այդ շարքը մենք նվիրեցինք Դինքի հիշատակին, այն շատերին հուզեց, իսկ ոմանց մոտ անկեղծ զարմանք առաջացրեց, թե շրջափակման մեջ լինելով Կիլիկիայի ու Դերսիմի մասին ինչպե՞ս կարող էի գրել։  

Տեղահանումից հետո շատ երկար ժամանակ պահանջվեց, որ սկսեմ գոնե երբեմն խոսել շրջափակման, Արցախի մասին։ Ո՞նց անցա այդ պահին դժոխքի ու դրախտի սահման թվացող կամուրջը, ի՞նչ զգացի, երբ փշալարերով պատված ռուսական բազայից ոտքով քայլում էինք դեպի ադրբեջանցի հատուկջոկատայինները, իսկ վերևում ցուցադրաբար պտտվում էր դիպուկահարը, ի՞նչ էին նրանք խոսում, մենք ո՞վ ու ի՞նչ էինք այդ պահին ու ինչն էր բոլորիս ապրելու ուժ տալիս՝ մի օր անպայման կգրեմ։ Բայց այսօր՝ հերթական սեպտեմբերի 19-ին մեկ բան է մտքովս անցնում, որ շատ կուզեմ փոխանցել ինձ հետ այդ անիծյալ կամուրջն անցածների ու 100 տարի առաջվա «կամուրջներն» այդպես էլ չանցածների հետ. ես իսկապես ուրախ եմ, որ արցախցի տիկին Կարինեն, իր աղջիկը և մենք բոլորս ոչ միայն կարողացել ենք դուրս պրծնել շրջափակման ճիրաններից, ոչ միայն ողջ ենք, այլև շատ ընտրություններից զուրկ լինելով հանդերձ, առիթ ենք ունեցել մեզ հետ «դուրս բերելու» Շարժման առանցքում ընկած մի շատ կարևոր «էլեմենտ», եթե ոչ ամենակարևորը՝ ինքնությունը։ Ավելի հստակ՝ էթնիկ և կրոնական ինքնությունը, քանի որ պարզ է՝ մշակութային առանձնահատկությունները տվյալ տարածքից դուրս երկար գոյատևել չեն կարող, որքան էլ դա ցավոտ հնչի։ 

Այո, մենք «տարանք» մեր ինքնությունը այն հողերից, որտեղ տանուլ ենք տվել պատերազմը, բայց բերեցինք մեզ հետ Շարժման սկզբից ի վեր մեր «կաշվից» դուրս չեկող ամենակարևորը բանը՝ ապրելու ու հենց այս ինքնությամբ ապրելու որոշումը։ 

Եվ չգիտեմ՝ ինչու այս մասին գրեթե չի խոսվում, բայց արցախահայությունը 1988-ից ի վեր մինչև վերջին վայրկյանը չի՞ ունեցել իր հողում մնալու հնարավորությունը։ Իհարկե, «ունեցել է»։ Ադրբեջանական անձնագրով, ինքնության տիպիկ ադրբեջանական խեղաթյուրմամբ, բռնի ուծացման բոլոր հնարավոր ու անհնար երանգներով՝ որքան ուզես։ Փաստորեն՝ Շարժումն աշխատել է։ Այնքան, որքան մենք ունակ եղանք որոշելու։ Եվ մենք, ինչպես Սասունի լեռներում չորս երեխաների հայր Մուրադն ասաց՝ «մեր կաշվից դուրս մեկը լինել» չկարողացանք։

Նման ճոխությունների շուրջ մտորելու, էլ չասած՝ որոշելու առիթ երբեք չեն ունեցել 1915-ին Դեր Զորի ճանապարհին միայնակ մնացած որբերը, Մարաղայի, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի ժամանակ ադրբեջանական մանկատներում հայտնված ու մեզ համար այդպես էլ անհայտ մնացածները։ Եվ ես չեմ հոգնի կրկնել՝ յուրաքանչյուր ոք, ով կնպաստի գոնե մեկ արցախցի ընտանիքի՝ Հայաստանում մնալուն, ասել է թե՝ երկու սերունդ անց մշակութային ուծացման հսկա ձուլարանի մեջ չկորչելուն, Շարժման գաղափարի մեջ իր կենդանի ներդրումն է բերում։ Սա քննադատություն չէ մարդկանց հանդեպ, ովքեր արդեն իսկ մեկնել են, սա շնորհակալություն է բոլոր նրանց, ովքեր իսկապես ամեն ինչ արել ու անում են՝ չկորցնելու այս մարդկանց։ Շնորհակալություն նրանց, ովքեր դիմացան ու առաջին իսկ հնարավորության դեպքում չգնացին։ Եվ խոնարհումը ծնողներին, ում զավակներն ընկան, որ մենք որոշելու իրավունք, գնալու տեղ ունենանք։ 

Որովհետև, արի ու տես, ցեղասպանությունների ժամանակ դա մեծ, շատ մեծ ճոխություն է։ 

Սոֆիա Հակոբյանը արեւելագետ է, Մեդիամաքսի մշտական հեղինակը: 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին