«Ալիսա»-ի հետ կապված բացահայտումներս շարունակվում են - Mediamax.am

«Ալիսա»-ի հետ կապված բացահայտումներս շարունակվում են
557 դիտում

«Ալիսա»-ի հետ կապված բացահայտումներս շարունակվում են


Մոտ երկու տարի առաջ գրել էի այն անսպասելի բացահայտումների մասին, որոնք արել էի մանկությանս ամենասիրելի ֆիլմերից մեկի՝ «Гостья из будущего» կինոնկարի դերասանների եւ ռեժիսորի մասին: Չէի մտածում, որ այդ թեմային նորից անդրադառնալու առիթ կունենամ, բայց լրագրությունն այն մասնագիտություններից է, որը ժամանակ առ ժամանակ անակնկալներ է մատուցում դրանով զբաղվողներին:

Մայիսին իմ վաղեմի բարեկամ, ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովի տելեգրամյան ալիքից տեղեկացա, որ Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը ընդունելություն է հայտարարել  բակալավրիական ծրագրով՝ հայագիտության խորացված ուսումնասիրությամբ։ Այդ մասին լուր հրապարակեցինք, հետո էլ Ֆյոդորին խնդրեցի օգնել կապվել ծրագրի պատասխանատուների հետ: Նա էլ ասաց, որ ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ալեքսեյ Մուրավյովն իր համակուրսեցին է եւ ծանոթացրեց մեզ: 

Ալեքսեյի հետ զրուցեցինք, հարցազրույցը հրապարակեցինք

Կհարցնե՞ք՝ ինչ կապ ունի այս ամենը «Гостья из будущего» ֆիլմի հետ: Երբ համացանցում փնտրում էի Ալեքսեյ Մուրավյովի լուսանկարը, անընդհատ մի երեխայի նկար էր հանդիպում, որի դեմքը ծանոթ էր: Չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Պարզվեց, որ Ալեքսեյը «Гостья из будущего» ֆիլմում խաղացել է Բորյա Մեսերերի դերը: Դա նրա առաջին ու վերջին դերն էր կինոյում:



Ֆիլմի վերջում կադրից դուրս ձայնը պատմում է, թե ինչպես է դասավորվելու հերոսների կյանքը: Բորյաի մասին ասում է, որ նա հայտնի նկարիչ կդառնա եւ կցուցադրվի ոչ միայն Երկիր մոլորակում, այլեւ Մարսում եւ Վեներայում անցկացվող ցուցահանդեսներում: Կիռ Բուլիչովի «Сто лет тому вперёд» վեպում, որի հիման վրա ստեղծվել է ֆիլմը, այդ հատվածը այլ կերպ է ձեւակերպված.

Боря Мессерер станет знаменитым художником. Он будет работать в Большом театре и делать декорации. Только он не вырастет и останется небольшого роста.

-  Я к этому готов, - сказал Борис. - Пускай. Я буду лестницу подставлять.

Կիռ Բուլիչովը հաստատ պատահական չէր ընտրել հերոսի անունը՝ Բորիս Մեսերերը հայտնի թատերական նկարիչ է եւ բանաստեղծ Բելլա Ախմադուլինայի ամուսինը: Հիմա նա 92 տարեկան է:

Երբ Ֆյոդոր Լուկյանովին ասացի, որ երբեք չէի մտածի, որ իր օգնությամբ կխոսեմ մանկությանս սիրած ֆիլմերից մեկի «հերոսի» հետ: Ֆյոդորն էլ պատմեց, որ Ալեքսեյի հայրը Տոլկիենի առաջին թարգմանիչն է ռուսերեն, իսկ պապիկը՝ հայտնի փիլիսոփա Գեորգի Պոմերանցը: Ես էլ կավելացնեմ, որ Ալեքսեյը խոսում է հայերեն ու գրաբար է ուսանել:

Այնպես որ, մեր տհաճ ժամանակներում լինում են նաեւ հաճելի բացահայտումներ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին