Իշխանության անձնավորում - Mediamax.am

Իշխանության անձնավորում
7425 դիտում

Իշխանության անձնավորում


Կարեն Կարապետյանի հրաժարականը Երեւանի քաղաքապետի պաշտոնից հասարակության մեջ առաջացրել է ափսոսանքի աննախադեպ ալիք: Համոզվելու համար  բավական է այցելել նախկին քաղաքապետի Facebook-ի էջը, որտեղ սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներ իրենց հիասթափությունն են հայտնում քաղաքապետի հեռանալու կապակցությամբ: Անկասկած, Կարեն Կարապետյանի կարճատեւ պաշտոնավարումը իր զգալի հետքն է թողել եւ փոխել Երեւանի դիմագիծը դեպի լավը: Սակայն, կարծում եմ, որ ժամանակն է մտորել այնպիսի համակարգի մասին, որի դեպքում առանձին պաշտոնյաների հեռացումը չի դառնա մեզ համար այսպիսի ծավալի “ողբերգություն”, նույնիսկ եթե այդ մարդն իր պաշտոնավարման ընթացքում առանձնացել է բացարձակ “դրական” գործունեությամբ:

Հայ իրականության խնդիրներից մեկն իշխանության չափից դուրս անձնավորումն է: Շատ հաճախ, խոսելով հայաստանյան քաղաքականության մասին, մենք հիշատակում ենք ոչ թե քաղաքական ուժը, այլ առաջնորդներին: Նույնիսկ ենթագիտակցությամբ մենք անձնավորում ենք մեր քաղաքական կյանքը` նույնացնելով այն առանձին անհատների հետ: Դա է պատճառը, որ երբ Կարեն Կարապետյանը հայտարարեց քաղաքապետի պաշտոնից հեռանալու մասին, մեզանից շատերի մոտ, եւ դա տրամաբանական է ու բացատրելի, ափսոսանքի զգացում առաջացավ:

Ժամանակն է ստեղծել այնպիսի համակարգ, որը կախված չի լինի անհատի կամ անձանց նեղ շրջանակի կամքից, ցանկություններից, անհատական հատկանիշներից, խարիզմայից, ունակություններից (ցուցակը դեռ կարելի է շարունակել): 21-րդ դարում այս երեւույթն իրենից ներկայացնում է “մնացորդ”, որից պետք է աստիճանաբար հրաժարվել` առաջ շարժվելու համար: Իհարկե, չի կարելի ասել, որ իշխանության անձնավորման երեւույթը զուտ հայկական է: Ռուսաստանում պատմության եւ ազգային մտածելակերպի հետեւանքով («царь-батюшка», «царь-спаситель») այս երեւույթը շատ ավելի խոր արմատներ ունի: Այնուհանդերձ, տվյալ պարագայում, վկայակոչելով այլ երկներ, կնշանակի խոստովանել սեփական թուլությունն ու անունակությունը:
 
Հարկավոր է ձգտել ստեղծել այնպիսի համակարգ, որը կլինի փոխլրացնող եւ փոխարինելի կառույց: Համակարգ, որտեղ մեկ մարդու գալը չի նշանակի ձեւավորված կարգի արմատական փոփոխություն, սկզբունքային նոր կանոնների հաստատում, հին թիմի ցրում եւ “յուրայինների” նշանակում: Եվ ճիշտ հակառակը` ղեկավարի հեռացումը չի նշանակի գործող կառավարման ձեւի փլուզում կամ խափանում:

Մենք, իհարկե, ոչ Դանիա ենք, ոչ Շվեյցարիա, որտեղ քաղաքացիներից շատերը նույնիսկ չգիտեն իրենց վարչապետի կամ քաղաքապետի անունը: Մենք Բելգիա չենք, որը կարողացավ մեկ տարուց ավել հանգիստ ապրել առանց կառավարության: Սակայն իշխանության դեպերսոնալիզացիան շատ բնական երեւույթ է կայուն քաղաքական եւ սոցիալ-տնտեսական համակարգ ունեցող զարգացած ժողովրդավարական պետությունների համար: Պատմությունը սովորեցնում է, որ մեկ մարդու հեղինակության վրա հիմնված իշխանությունը շատ դեպքերում անկայուն է, քանի որ այդ շրջանը վաղ թե ուշ կավարտվի, եւ հարց կառաջանա` հետագայում ինչպե ՞ս ապրել եւ զարգանալ:

Ուրիշ հարց է, թե որքանո՞վ ենք մենք  այսօր պատրաստ դրան: Դեռ պատրաստ չենք: Սակայն իշխանության դեպերսոնալիզացման ուղղությամբ աշխատանքը հարկավոր է սկսել արդեն այսօր, քանի որ կառավարման նման մոդելի կառուցումը պահանջում է շատ ժամանակ եւ աշխարհահայացքի փոփոխություն: Դա հենց այն համակարգն ու մոդելն է, որին արժե ձգտել: Մոդել, որը բնութագրում է ժամանակակից ժողովրդավարական պետությունը` միաժամանակ չբացառելով ուժեղ, խարիզմատիկ քաղաքական գործիչների գալը, որոնցից պետությունը, այնուհանդերձ, ամբողջական կախում չի ունենա:

Արամ Արարատյան` Մեդիամաքսի լրագրող

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Զավեշտից դեպի ֆարս

Generation Y

Ռոքը երբեք չի մահանա
Մեր ընտրանին