Սուրկովը, վարորդական իրավունքս, Փաշինյանն ու «ՊԱԿ-ի սպա Պուտինը» - Mediamax.am

Սուրկովը, վարորդական իրավունքս, Փաշինյանն ու «ՊԱԿ-ի սպա Պուտինը»
1428 դիտում

Սուրկովը, վարորդական իրավունքս, Փաշինյանն ու «ՊԱԿ-ի սպա Պուտինը»


Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովի ֆրանսիական L'Express պարբերականին տված ծավալուն հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացրել ենք հայերեն եւ ռուսերեն, առիթ հանդիսացավ, որ ավելի քան 20 տարի առաջ տեղի ունեցած երկու դրվագի մասին հիշեմ:

2002 թվականի հոկտեմբերի 24-ին Երեւանում էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը: Առավոտյան նրան ընդունել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ ցերեկը Սուրկովը «Երեւան» հյուրանոցում off-the-record ձեւաչափով հանդիպել էր լրատվամիջոցների ղեկավարների հետ, որոնց թվում նաեւ ես էի:

Հանդիպման մանրամասները չեմ հիշում, բայց Սուրկովն ինձ մոտ ասոցացվում է ճանապարհային ոստիկանների հետ առաջին շփմանս հետ:

Վարորդական իրավունքս ստացել էի այդ հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ եւ, ինչպես ժողովուրդն է ասում, «խամ» (անփորձ) վարորդ էի: Մեքենան կայանել էի հյուրանոցի մուտքի մոտ՝ չնկատելով արգելող նշանը: Ու երբ Սուրկովի հետ հանդիպումից իջա, տեսա, որ ոստիկաններն արդեն ակտ են կազմում: Դա հերիք չէր, պարզվեց, որ հանդիպմանը շտապելիս գրասենյակում եմ թողել դրամապանակս՝ վարորդական իրավունք էլ մեջը: Փորձեցի ոստիկաններին բացատրել, որ շատ կարեւոր մարդու հետ հանդիպումից եմ գալիս, բայց նրանք անդրդվելի էին եւ մեքենան տարան տուգանային հրապարակ:

Սուրկովի՝ Երեւան ժամանելուց մեկ օր առաջ, 2002թ. հոկտեմբերի 23-ի երեկոյան չեչեն ահաբեկիչները Մոսկվայում գրավել էին Դուբրովկայի համերգասրահը, որտեղ ընթանում էր «Նորդ Օստի» մյուզիքլը: 900-ից ավել հանդիսատես պատանդ էր վերցվել: Երեք օր անց իրավապահները գրոհեցին դահլիճը՝ հատուկ գազ կիրառելով: Զոհվեցին պատանդներից 130-ը, իսկ «Նորդ Օստ» անունը դարձավ Ռուսաստանի նորագույն պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի խորհրդանիշը:

«Նորդ Օստ»-ի գրոհից հետո Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» խմբագրական հրապարակեց, որում խիստ քննադատության ենթարկեց Վլադիմիր Պուտինին:

«Դուբրովկայում տեղի ունեցածը եւս մեկ անգամ ցույց է տալիս ՊԱԿ-ի սպա Պուտինի վերաբերմունքը մարդկային կյանքերին։ Այս դեպքում Ռուսաստանի նախագահը որոշեց ազատվել գլխացավից՝ տանջալի մահվան դատապարտելով իր երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց ու երեխաներին», - գրում էր Փաշինյանը:

Նա, իհարկե, ամենահամարձակ երազներում չէր կարող տեսնել, որ 16 տարի անց Հայաստանի ղեկավարի կարգավիճակում առաջին անգամ հանդիպելու է «ՊԱԿ-ի սպա Պուտինին»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին