Սթիվ Քեռի հայկական հետագիծը - Mediamax.am

Սթիվ Քեռի հայկական հետագիծը
209 դիտում

Սթիվ Քեռի հայկական հետագիծը


Վերջերս նայեցի Court of Gold վավերագրական սերիալը՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի բասկետբոլային մրցաշարի եւ ամերիկյան Dream Team-ի մասին: Նկարված է Netflix-ի ֆիրմային ոճով՝ մարզիկներին եւ մարզիչներին հետեւում եք ոչ միայն մարզահրապարակում, այլեւ հանդերձարանում եւ ամեն ինչը տեսնում եք «ներսից»: Դրվագներ կան, որոնք այնքան էմոցիոնալ են, որ քեզնից անկախ հուզվում ես մարզիկների հետ միասին:

Ամերիկյան թիմի մարզիչը լեգենդար Սթիվ Քեռն է՝ NBA-ի հնգակի (մարզիկի կարգավիճակում) եւ քառակի (մարզիչի կարգավիճակում) չեմպիոն: Ֆիլմում նա պատմում է, որ իր հայրը Բեյրութի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է եղել եւ մանուկ հասակում ընտանիքի հետ շատ է ճանապարհորդել, ինչի շնորհիվ ավելի լավ է հասկացել կյանքն ու մարդկանց:



Երբ Քեռը պատմում էր Բեյրութում անցկացված մանկության մասին, մտածում էի, որ հաստատ հայերի հետ առնչություն ունեցած կլինի: Հաջորդ օրը գրասենյակում «փորփրեցի» համացանցը ու պարզեցի, որ զգացողություններս անտեղի չէին՝ Քեռի պապն ու տատը՝ Սթենլին եւ Էլզան, 1920 թվականին Բեյրութում հոգ են տարել տեղահանված հազարավոր հայ երեխաների մասին:

Սթենլի Քեռը նշանակվել էր Մարաշում Միջին Արեւելքի հիմնադրամի (Near East Foundation) տնօրեն եւ ղեկավարում էր 5 որբանոցների աշխատանքը: Նա իր կնոջ հետ Մարաշում մնաց այնքան, մինչեւ բոլոր երեխաները տեղափոխվեցին Լիբանան:

2020 թվականին Լոս Անջելեսում միջոցառում էր կազմակերպվել Սթենլի եւ Էլզա Քեռերի պատվին:

«Մենք բազմաթիվ հայ ընկերներ ունեինք Բեյրութում: Նրանք հաճախ հավաքվում էին մեր տանը, խորոված պատրաստում եւ պատմություններ պատմում տատիկիս եւ պապիկիս մասին», - հավաքվածներին պատմել էր Սթիվը:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Անահիտ Խաչիկյանը: Նրա հայրը՝ Ազատը, մեծացել էր Սթենլիի եւ Էլզայի ղեկավարած որբանոցում: Առաջին անգամ, երբ Անահիտը տեսել էր ամուսիններին, նա հինգ կամ վեց տարեկան էր: Երկրորդ անգամ հանդիպել էր արդեն հասուն տարիքում, երբ գիտակցում էր, թե ինչ են արել իր հոր համար. «Ես նրանց անդադար, անդադար շնորհակալություն էի ասում»:

Անահիտը չափազանց հուզված էր երեկոյի ընթացքում:

«Ես լաց էի լինում: Արցունքներս հոսում ու հոսում էին: Եվ Սթիվը բռնեց ձեռքս եւ օգնեց հանգստանալ: Նա լավ մարդ է, շատ լավ մարդ է», - պատմել էր Անահիտը հետագայում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին