Լինկյավիչուսը, Բժեզինսկին, Մանուչարյանն ու վիզաները - Mediamax.am

Լինկյավիչուսը, Բժեզինսկին, Մանուչարյանն ու վիզաները
113 դիտում

Լինկյավիչուսը, Բժեզինսկին, Մանուչարյանն ու վիզաները


Վերջին օրերին Ֆեյսբուքը People whom you may know բաժնի միջոցով ինձ համառորեն առաջարկում է «ընկերանալ» Լիտվայի նախկին արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ: Պատճառն, իհարկե, այն չէ, որ ես ժամանակին նրա հետ երկու հարցազրույց եմ արել, այլ այն, որ մի քանի ընդհանուր ֆեյսբուքյան ընկեր ունենք:

Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկի օրերին նախկին նախարարը այսպիսի գրառում էր արել իր էջում.

«Մեր մեծ ընկեր Զբիգնեւ Բժեզինսկին մի անգամ որսի էր գնացել Լիտվայում եւ երկու վարազ էր խփել: Մեկի անունը դրել էր Մոլոտով, մյուսինը՝ Ռիբենտրոպ: Այս պատմությունը պատմելիս ես միշտ ասում եմ, որ Մոլոտովի ոգին դեռ կենդանի է եւ փնտրում է իր Ռիբենտրոպին: Հույս ունեմ, որ չի գտնի»:

Փետրվարին Ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձն է եւ մենք ընթերցողներին կրկին ներկայացնում էինք մեր Շարժում 1988/25 նախագծի նյութերը:

Դրանցից մեկում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ասում է.

«Իրականում դժոխքն ու դրախտը մարդու ներսում են ու ամեն մարդ ապրում է իր այդ ներքին հատվածներից մեկում: Իսկ մենք մի այնպիսի «ֆոկուս» կատարեցինք, որի հետեւանքով նոր որակի մարդ ստացանք: Իմ գաղափարական հակառակորդ Բժեզինսկին` խոսելով Ամերիկայի ու աշխարհի առջեւ ծառացած խնդիրների մասին, ասում է, որ այսպիսի մի մարդ պիտի «ստանանք»: Բայց այդ «ստացման» ձեւը մենք գիտենք, դա մեր know-how-ն է: Բայց խնդիր այն է, որ դա ինքներս մեզանից գաղտնի ենք պահում ու չգիտենք` ինչպես դա մեզ հաջողվեց 1988 թվականին: Եթե կարողանանք կրկին հայտնաբերել կամ «գաղտնազերծել», դա կլինի խոշորագույն ձեռքբերումը»:

Վերադառնանք Լինաս Լինկյավիչուսին: Նրա հետ առաջին հարցազրույցն արել էի 2014 թվականի դեկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Նախարարն ասում էր, որ «ԵՄ Արեւելյան գործընկերության բոլոր անդամները տարբեր են, անգամ նրանք, ովքեր փորձում են «ակումբի» մաս կազմել»:

Երկրորդ անգամ խոսել էինք 2018 թվականի հոկտեմբերին՝ Եվրոպական միության հետ Հայաստանի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց: Այն ժամանակ նախարարն ասում էր.

«Ըստ իս, առաջնահերթություն պետք է լինի առանց վիզայի ռեժիմի սահմանումը, որովհետեւ մարդկանց համար կարեւոր է տեսնել շոշափելի արդյունքներ, այլ ոչ թե միայն վիճակագրություն: Կարեւոր է, որ մարդիկ զգան, որ կարող են ազատ ճանապարհորդել: Ես դա լավ գիտեմ Լիտվայի փորձից: Երբ մենք բացեցինք սահմանները, երիտասարդ ուսանողները կարողացան ճանապարհորդել եւ սովորել, աշխատանք գտնել. սա մեծ իրադարձություն էր, հեղափոխության պես մի բան»:

Անցել է 7 տարի: Հայաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալն այսօր անհամեմատ ավելի դժվար է, քան 2018-ին, իսկ առանց վիզայի ռեժիմի բանակցությունները գտնվում են սաղմնային փուլում եւ, ամենալավատեսական կանխատեսումներով, 2-3 տարի կտեւեն: Բայց լիտվական կողմին եւ անձմամբ Լինաս Լինկյավիչուսին կշտամբելու պատճառ չունեմ. Լիտվան իսկապես ամենասկզբից Հայաստանի հետ վիզաները չեղարկելու ջատագովն էր՝ ի տարբերություն ԵՄ «հին անդամների»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին