Հայաստանի զիջումները Ադրբեջանին՝ ռացիոնալ դերակատարի մոդելի տեսանկյունից - Mediamax.am

Հայաստանի զիջումները Ադրբեջանին՝ ռացիոնալ դերակատարի մոդելի տեսանկյունից
3424 դիտում

Հայաստանի զիջումները Ադրբեջանին՝ ռացիոնալ դերակատարի մոդելի տեսանկյունից


 «Որոշումների կայացմանը զուգընթաց՝ ռացիոնալ անհատը ուշադրությամբ գնահատում է խնդրո առարկա իրավիճակը. այդ գործընթացը ներառում է հասանելի փաստերի հավաքագրումը եւ վերլուծությունը։ Ավելին՝ որոշում կայացնելուց հետո նման առաջնորդները դեռ շարունակում են բաց մնալ իրենց տեսակետները վերատեսության ենթարկելու հարցում՝ եթե եւ երբ հասանելի է դառնում նոր տեղեկատվություն»։

Ջոն Մերշայմեր, «Ինչպես են պետությունները մտածում» (2023)

Նախաբան

Միջազգային հարաբերությունների գիտաճյուղը բացատրում է համաշխարհային քաղաքականությունը գլխավորապես պետությունների միջեւ փոխազդեցությունների դաշտում, իսկ պետությունը ներկայացվում է իբրեւ անդեմ եւ ունիտար դերակատար։ Պետությունը նման «սեւ արկղի» մեջ տեղավորելու շնորհիվ մենք կարողանում ենք բացահայտել դրանց վարքագծային օրինաչափությունները պատմության ընթացքում, բայց բացարձակ անուշադրության ենք մատնում առաջնորդների դերը, ինչպես նաեւ քաղաքականությունների մշակման եւ որոշում կայացնելու բուն գործընթացներն առհասարակ։ «Արտաքին քաղաքականության վերլուծություն» միջգիտաճյուղային առարկան թույլ է տալիս խորապես ուսումնասիրել պետությունների գործողությունները՝ կենտրոնանալով որոշում կայացնողների ու այդ որոշումների կայացման գործընթացների վրա։ «Ռացիոնալ դերակատարի մոդելը» (Rational Actor Model) արտաքին քաղաքականության վերլուծության հիմնական մոդելներից է։ Սրա հիմնարար ենթադրությունն այն է, որ պետությունները եւ դրանց առաջնորդները իրենց դրսեւորում են իբրեւ ռացիոնալ որոշում կայացնողներ՝ ազգային շահերի պաշտպանության հարցում հենվելով անհրաժեշտ ռեսուրսների ու դրանից բխող օգուտների հստակ հաշվարկի վրա։

45-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանը շարունակաբար ստիպված է դիմագրավել Ադրբեջանի ռազմական ճնշումներին, ենթարկվել տարածքային ներխուժումների, դիվանագիտական վերջնագրերի, կատարել սահմանային շերտերի զիջումներ։ Հայաստանի կառավարությունը, գործող ղեկավարի առաջնորդությամբ, շարունակվող զիջումները հիմնավորում է նոր պատերազմի կանխարգելման հրամայականով՝ ներառյալ սահմանային ռազմավարական տարածքների զիջումը, իսկ փետրվարի 19-ի ուղերձով նաեւ համաձայնեց նոր սահմանադրության ընդունման մասին վերջնագրին։

Կառավարության անդամներն իրենց ճեպազրույցներում նշում են, որ «նոր Սահմանադրության» ընդունումը ներքաղաքական բնույթի գործընթաց է, թեեւ չեն բացառում, որ Անկախության հռչակագրի վրա հղումը տեղ չի գտնի նոր փաստաթղթում, ինչը Ադրբեջանի հիմնական կռվանն է։ Մեկ տարի առաջ, 2024թ փետրվարին, Հանրային ռադիոյի եթերում արվել էր «կարմիր հագուստի եւ ճանապարհին երկայնքով կանգնած ցլերի» այլաբանությունը՝ առաջարկելով «շրջանառությունից հանել կարմիր զգեստը»՝ Անկախության հռչակագրում ազգային օրակարգի վերաբերյալ հիշատակումները։

Սույն հոդվածը փորձ է դիտարկել Հայաստանի ղեկավարության որոշումները ռացիոնալ դերակատարի մոդելի տեսանկյունից։ Քանի որ հայկական քաղաքագիտական մտքին եւ հանրային-մասնագիտական դիսկուրսին օտար է արտաքին քաղաքականության վերլուծության մոդելներով մտածողությունը, մենք նախ կսահմանենք «ռացիոնալ դերակատարի մոդելի» հիմնական սկզբունքները, հետո կթվարկենք Հայաստանի օբյեկտիվ ազգային շահերը, ապա կանդրադառնանք իշխանության քաղաքական այլընտրանքներին։

«Ռացիոնալ դերակատարի մոդելը» արտաքին քաղաքականության վերլուծության մեջ

Այս մոդելը հիմնված է այն ենթադրության վրա, որ պետությունները գործում են որպես ունիտար, ռացիոնալ որոշումներ կայացնող դերակատարներ, որոնք հասանելի տարբերակների հստակ հաշվարկված գնահատման միջոցով հետապնդում են հստակ սահմանված ազգային շահեր։ Այս մոդելը խարսխված է մի քանի հիմնարար սկզբունքների վրա.

-    Պետությունները ունեն հստակ սահմանված ազգային շահեր (անվտանգություն, տարածքային ամբողջականություն եւ այլն)
-    Որոշում կայացնողները կատարում են ծախսվելիք ռեսուրսների ու դրանից բխող օգուտների հստակ հաշվարկներ՝ որեւէ ընթացք որդեգրելուց առաջ;
-    Ռացիոնալ դերակատարները մշակում են առկա ամբողջական տեղեկատվությունը եւ վերանայում են իրենց ռազմավարությունները, ըստ անհրաժեշտության։

Ինչպես Մերշայմերն է ընդգծում, ռացիոնալ որոշումների կայացումը փոփոխվող իրողությունների պայմաններում պահանջում է քաղաքականությունների շարունակական վերագնահատում։ Պետությունը, որն ի զորու չէ իր ռազմավարությունը վերանայել ըստ ստացվող նոր տեղեկատվության, ստանում է ոչ օպտիմալ արդյունքներ՝ զոհաբերելով իր երկարաժամկետ անվտանգությունը եւ բանակցային պոտենցիալը։

Ռացիոնալ դերակատարի մոդելի լույսի ներքո 2020թ հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վերլուծության նպատակն է հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանի կառավարության կողմից Ադրբեջանին արվող շարունակական զիջումները ռացիոնալ ընտրություն են, թե՞ պաշտոնական Երեւանը համակարգային կերպով ձախողել է սեփական ռազմավարական այլընտրանքների վերագնահատումը։

Հայաստանի ազգային շահերը՝ ռացիոնալ ընտրության տեսանկյունից

Ռացիոնալ ընտրության տեսանկյունից Հայաստանի ազգային շահերի ցանկում առաջնահերթ են տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը, տնտեսական կայունությունը եւ դիվանագիտական լծակների զարգացումը։ Երկրի ինքնիշխանության ապահովումը եւ հետագա տարածքային կորուստների կանխումը հիմնարար նպատակներ են։ Ռացիոնալ մոտեցումը պահանջում է նաեւ վերականգնել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՝ կա՛մ ռազմական արդիականացման, կա՛մ ավելի կայուն դաշինքների, կամ դիվանագիտական աշխատանքի միջոցով՝ Հայաստանի դիրքերը բարելավելու համար։

Այստեղ երկու այլընտրանք անհրաժեշտ է միանգամից բացառել.

-    Ֆորմալ առումով պետության անձնասպան լինելու սցենարներ կարելի է մտածել, ինչպես օրինակ սեփական ինքնիշխանությունը լուծարելը կամ օտար պետության ռազմաքաղաքական վասալը դառնալը, բայց դա ռացիոնալ ընտրության մեջ տեղավորելը անհնար է։
-    Նախկին թշնամուն անձնատուր լինելը էությամբ հավասարազոր է առաջին տարբերակին, բայց առաջին հայացքից եթե դա արվի դանդաղ ու քայլ առ քայլ՝ տաք ջրում գորտին եփելու այլաբանության օրինակով պետությունը դա կնկատի անդառնալիության կետը անցնելուց հետո, եւ սա նույնպես ռացիոնալ ընտրություն համարել չի կարելի։

2020-ից հետո Հայաստանի ընթացքը ցույց է տալիս ռազմավարական շահերի ու իրականում ձեռնարկվող քայլերի միջեւ բազմակի անհամաչափություններ։ Սեփական դիրքերը ուժեղացնելուն միտված գործողությունների փոխարեն Հայաստանը շարունակաբար ընդունում է Ադրբեջանի թելադրանքները ու պահանջները՝  յուրաքանչյուր զիջմամբ հայտնվելով բոլորովին նոր՝ ավելի վատ տեղապտույտում։ 

Արտաքին քաղաքականության խոցելիությունները մեղմելուն միտված հետեւողական գործողությունների փոխարեն թվում է, թե Հայաստանը ընդունել է ռազմավարական թուլությունը որպես անխուսափելի իրողություն՝ շեղվելով ռացիոնալ որոշումներ կայացնելու գործընթացից։ Որդեգրվել է մի մոտեցում, որտեղ արտաքին քաղաքական քայլերը (ԱՄՆ հետ փաստաթուղթ, «եվրաքվեի» նախաձեռնություն) միայն ներքաղաքական դիվիդենտներ քաղելու, այլ ոչ թե հետեւողականությամբ որոշակի արդյունքների հասնելու նպատակ են հետապնդում։

Հայաստանի քաղաքական այլընտրանքները ադրբեջանական սպառնալիքների ներքո

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ռազմական ու դիվանագիտական շարունակական ճնշումները՝ Հայաստանն ունի առնվազն չորս հնարավոր այլընտրանք. շարունակական զիջումներ, նոր դաշինքների ձեւավորում, բանակցություններ ավելի լավ այլընտրանքներով, կամ ակտիվ ռազմական դիմադրություն։ Այս շարքը կարելի է շարունակել, բայց դրա համար ավելի ծավալուն վերլուծություն կպահանջվեր։ Սույն հոդվածի նպատակը ընդամենը այս դատողությունները հանրային ու մասնագիտական քննության հանձնելն է։

(1) Շարունակական զիջումներ. Այս այլընտրանքն է եղել Հայաստանի հիմնական ընտրությունը 2020-ից ի վեր։ Այս ռազմավարությունը ենթադրում է, որ միակողմանի զիջումները կկանխարգելեն պատերազմը եւ կկայունացնեն տարածաշրջանը։ Կարճաժամկետ հեռանկարում այս տարբերակը թույլ է տալիս իշխանությանը խուսափել պատերազմից (բայց ոչ միշտ՝ օրինակ 2022 թ. Ջերմուկում) եւ ապահովել ներքին քաղաքական գերակայությունը։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում, ինչպես արդեն երեւում է, ամեն զիջում ավելի է գրգռում Ադրբեջանին՝ ավելի մեծ պահանջների տեսքով։

Այս մոտեցման մոդիֆիկացիաներից մեկը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող տարբերակն է, որն առաջարկում է Հայաստանի տարածքի ու ռեսուրսների օգտագործումը տարածաշրջանային բոլոր խաղացողներին միաժամանակ։ 2023թ. հոկտեմբերից ի վեր այս մոտեցումը դեռ չի իրագործվել՝ հիմնական դերակատարների՝ Հայաստանի հետ կապված միմյանց բացառող ռազմավարությունների եւ այլ պատճառներով։

Խաղաղություն ապահովելու այս մոտեցումը բերում է հակառակին՝ ի դեմս հարկադրանքի եւ ռազմավարական նահանջի փակ ցիկլի՝ հանգեցնելով բանակցային սեղանին սակարկումների կարողության (bargaining power) նվազման։

(2) Նոր դաշինքների ձեւավորում. Իբրեւ նախաբան՝ այս այլընտրանքը ենթադրում է ինչպես նոր դաշինքների ձեւավորում, այնպես էլ ավանդական դաշինքների վերականգնում կամ ամրապնդում, որոնք խաթարվել են 2020-ից հետո։

Նոր դաշինքների ձեւավորումը թույլ կտա Հայաստանին ուժեղացնել բանակցային դիրքերը՝ տարածաշրջանում ուժերի հարաբերական բալանս ձեւավորելու օրակարգով, ինչը կարող է զսպել Ադրբեջանի շարունակական ագրեսիան։ Այսպիսի ռացիոնալ ռազմավարությունը (ոչ թե հայտարարությունները, այլ հետեւողական աշխատանքը եւ բոլոր խաղացողների դերի ու ռեսուրսների օբյեկտիվ գնահատումը) ենթադրում է դիվանագիտական ջանքերի առաջնահերթություն ավանդական ու նոր դաշնակիցների հետ հարաբերություններ կառուցելու համար՝ տարածաշրջանում ուժերի բալանսը վերականգնելու օրակարգով։ Նմանատիպ ջանքեր կարելի է տեսնել ռազմական ոլորտում 2021-ից ի վեր. Հնդկաստանի եւ Ֆրանսիայի հետ ռազմամթերքի գնումների օրինակով։ Այդուամենայնիվ, պետական այրերի հայտարարություններից պարզ չէ, թե ինչպես են այս գնումները ազդում Հայաստանի բանակցային սեղանի վրա, քանի որ դրանց հիմնական օրակարգը կարծես չի փոփոխվում։ Չկան նաեւ ուղղակի կամ անուղղակի նշաններ, թե ինչպես են այս գնումները ազդել բուն Ադրբեջանի վրա՝ զսպելով նրան կամ ստիպելով փոփոխել ռազմավարական հաշվարկները։ 2022թ սեպտեմբերին Ջերմուկի դեպքերից մեկ ամիս հետո, Հայաստանի հրավերով, սկսվեց ԵՄ սահմանային դիտորդական առաքելության գործունեությունը, ինչը ՀՀ հարավային ու հարավարեւելյան՝ նոր միջազգային սահմանի երկայնքով կայունացրեց իրավիճակը, թեեւ վերջիններս իրենց տեղաշարժի մասին նախապես տեղեկացնում են նաեւ ադրբեջանական կողմին։

Միով բանիվ՝ հետեւողական ու կոորդինացված արտաքին քաղաքական գործունեության պակասը թույլ չի տալիս պնդել, որ նույնիսկ ռազմական գնումների դիվերսիֆիկացիան նպատակ ունի նոր դաշինքներ ձեւավորել, այլ ոչ թե ռեակտիվ արձագանքներ են արտաքին ազդակներին՝ առանց երկարատեւ ռազմավարական պլանավորման։

(3) Ավելի ուժեղ այլընտրանքի ձեւավորում. Ի՞նչ կարելի է անել, եթե «խաղաղության խաչմերուկը» կամ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները արդյունք չեն տալիս։ Ռացիոնալ դերակատարի համար պարտադիր է նախապես բոլոր իրական այլընտրանքների գնահատումը եւ դրա հիման վրա քաղաքականության որոշումը, որը անհրաժեշտ է վերատեսության ենթադրել, եթե հընթացս առաջ են գալիս նոր «ներմուծականներ»։

Այս ստանդարտից շեղումը որոշումներ կայացնող փոքր խմբերում, որտեղ խմբին պատկանելությունը ավելի է կարեւորվում ի պաշտոնե գործառույթներ իրականացնելուց, հաճախ ստեղծվում է «ընտրանքի կողմնակալություն» հանուն ի սկզբանե գերադասելի տարբերակի (օրինակ՝ «խաղաղության խաչմերուկ»), եւ երբ այդ այլընտրանքը ձախողվում է, պարզվում է, որ խումբը այնքան էր հավատացել դրա իրականանալիությանը, որ չէր մշակել որեւէ ռազմավարություն դրա տապալման սցենարի համար։ Արտաքին քաղաքականության վերլուծության մեջ սա կոչվում է «խմբակային մտածողություն» (Groupthink), որը հիմնականում ղեկավարի առաջնորդական որոշակի հակումների հետեւանք է եւ գրեթե միշտ բերում է ծանր հետեւանքների։

Եվ այսպես, երրորդ տարբերակը կնշանակեր վարել այնպիսի գործընթաց Ադրբեջանի հետ, որը թույլ կտար զուգահեռ վարվող դիվանագիտության շնորհիվ ստեղծել կամ պահպանել իրական այլընտրանքներ՝ ընթացիկ պրոցեսի տապալման դեպքում արդեն իսկ ջլատված ռեսուրսներով պետությանը լիարժեք կապիտուլյացիայի չտանելու համար։

Այս տարբերակը բանակցությունների մասնագետները կարող են անվանել BATNA (լավագույն այլընտրանք բանակցված համաձայնագրին)՝ պահեստային այլընտրանքներ՝ օրինակ՝ տնտեսական դիվերսիֆիկացիայի, ռազմական զսպման կամ միջազգային ինստիտուտների միջոցով Ադրբեջանին դիվանագիտական ճնշման ենթարկելու հեռանկարով։ Այս ռազմավարությունը կներառեր բոլոր հասանելի դիվանագիտական եւ տնտեսական գործիքների հետեւողական օգտագործումը՝ իրական այլընտրանքներ ձեւավորելու համար։ Փոխարենը, կառավարությունը հետևողականորեն թուլացնում է իր սեփական սակարկումների կարողությունը (bargaining power)՝ օրինակ առանց վստահելի փոխադարձության (կամ միգուցե սպառնալիքի ներքո) պատրաստակամորեն համաձայնելով չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը կամ հրաժարվել միջազգային իրավական վեճերը հետապնդելուց։

(4) Ռազմական դիմադրություն. Չորրորդ հնարավոր այլընտրանքը թերեւս ամենածանրն է կարճաժամկետ հեռանկարում, բայց կարող է զսպող դեր ունենալ Ադրբեջանի համար (օրինակ՝ հաշվի առնելով Արցախի դեմ 2023թ. սեպտեմբերյան գործողության ընթացքում Ադրբեջանի զինված ուծերի, պաշտոնական վիճակագրությամբ, մոտ հինգ անգամ գերազանցող մարդկային կորուստները)։ Թեեւ բուն ռազմական առճակատումը միշտ հղի է անկանխատեսելի վտանգներով, ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության համար զինուժի կիրառման պատրաստակամության ցուցադրումը  որոշակի զսպող դեր կարող է ունենալ։ Պատմությունը ցույց է տալիս, որ զսպման, այլ ոչ խաղաղեցման (appeasement) քաղաքականություններն են առավել կենսունակ երկարաժամկետ կտրվածքով խաղաղություն հաստատելու համար։ Ինչեւէ, Հայաստանը որեւէ կերպ որեւէ ռազմավարություն ի ցույց չի դրել սեփական ռազմական կարողությունները զարգացնելու հարցում։ Փոխարենը շարունակաբար, այդ թվում ամենաբարձր մակարդակով, ցուցադրում է սեփական խոցելիությունը, որը Ադրբեջանը եւ Թուրքիան բազմիցս օգտագործում են։

Եզրակացություն

Ինչպես Մերշայմերն է ընդգծում, ռացիոնալ որոշումների կայացումը պահանջում է, որ առաջնորդները շարունակաբար վերագնահատեն իրենց քաղաքականությունները նոր երեւան եկած հանգամանքների լույսի ներքո։ 2020-ից ի վեր ՀՀ իշխանությունը չի ցուցաբերել նման որակի կարողություն։ Ադրբեջանի կողմից շարունակական ճնշումներին ի պատասխան իշխանությունը ոչ թե սեփական քաղաքականության վերանայման, այլ նույն՝ զիջումների պատրաստակամությունն է դարձրել ռազմավարություն։ Հայտնի չէ որեւէ փաստ, որ այս մոտեցման արդյունքում տեւական խաղաղությունը կամ գոնե կայունությունը հասանելի է։ Դժվար է մատնանշել հետեւողական ջանքեր, որ զսպման մեխանիզմներ ստեղծելու երկարատեւ կարողությունների զարգացման (առանց նույնիսկ հաշվի առնելու ԵՄ առաքելության սահմանափակ մանդատը՝ նույնիսկ դրա շարունակականությունը Երեւանից շատ կախված չէ), դաշինքների զորացման կամ բանակցային լծակների ստեղծման քայլեր են արվել կամ արվում՝ մեդիա աղմուկից անդին։

Անհայտ է նաեւ, արդյո՞ք իշխանությունն ունի այն թեզի հաստատումը, որ շարունակվող զիջումները կանխարգելելու են պատերազմը։ Պարզ չէ նաեւ այդ զիջումների «կարմիր գիծը»։ Ռազմավարական վերանայման գործընթացի փոխարեն կառավարությունը թերեւս մնացել է պարտության, հոգեբանական տկարության եւ ընդամենը ռեակտիվ արտաքին քաղաքականության մանեւրների թակարդում։ Կարճաժամկետ ներքին կայունության այս գինը երկարաժամկետ ազգային շահերի զոհաբերությունն է։ Ռացիոնալ որոշումների կայացման ռեժիմից նման կարգի շեղումը թուլացնում է Հայաստանի ռազմավարական դիրքերը եւ ստեղծում նախադեպ, որ արտաքին սպառնալիքները կարող են թելադրել երկրի քաղաքական ու սահմանադրական ուղեծիրը։

Առանց այս մոտեցման հիմնարար վերանայման՝ Հայաստանին սպառնում են նոր տարածքային կորուստներ ու երկարատեւ աշխարհաքաղաքական մարգինալացում։ Իրապես ռացիոնալ քաղաքականությունների որդեգրումը Հայաստանից կպահանջի կոտրել այս փակ շղթան, հետեւողականորեն վերականգնել ուժերի հավասարակշռությունը եւ, նոր ու հին դաշնակիցներին նժարի վրա ավելացնելով, բանակցել ոչ թե ենթարկվելու, այլ ուժերի բալանսը վերականգնելու դիրքերից: Ի վերջո, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից՝ դա բխում է բոլոր մյուս խաղացողների շահերից։

Հովհաննես Նիկողոսյանը քաղաքագիտության թեկնածու է, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին