ԽՍՀՄ փլուզումը, Ալիեւ-ավագը եւ Քոչարյանի պատմած անեկդոտը - Mediamax.am

ԽՍՀՄ փլուզումը, Ալիեւ-ավագը եւ Քոչարյանի պատմած անեկդոտը
590 դիտում

ԽՍՀՄ փլուզումը, Ալիեւ-ավագը եւ Քոչարյանի պատմած անեկդոտը


Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի կապակցությամբ ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը գրել էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված անկախ պետությունների ղեկավարների առաջին կոհորտից ողջ են մնացել միայն Հայաստանի առաջին նախագահը, Ղազախստանի եւ Ղրղզստանի առաջին նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւն ու Ասկար Ակաեւը:

2022 թվականի գարնանը մեկ շաբաթվա տարբերությամբ կյանքից հեռացան Բելառուսի եւ Ուկրաինայի նախկին նախագահներ Ստանիսլավ Շուշկեւիչը  եւ Լեոնիդ Կրավչուկը: Նրանք եւ Ռուսաստանի նախագահ Բորից Ելցինը (որը մահացել է 2007 թվականին) 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրեցին ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը, որում փաստեցին, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ որպես «միջազգային իրավունքի եւ աշխարհաքաղաքական իրականության սուբյեկտ»: Զբիգնեւ Բժեզինսկին հետո գրելու էր, որ հենց Ուկրաինան խանգարեց, որպեսզի «ԱՊՀ-ն դառնա ավելի համադաշնային ԽՍՀՄ-ի նոր անվանումը»:

Անկախ նրանից, թե ինչ էին մտածում Կրավչուկը, Շուշկեւիչը եւ Ելցինը 1991 թվականի դեկտեմբերին, դժվար թե նրանք ենթադրեին, որ 32 տարի անց Ռուսաստանը պատերազմ կսկսի Ուկրաինայի դեմ:

Մեկ ամիս առաջ դեկտեմբերին Ադրբեջանում նշեցին Հեյդար Ալիեւի մահվան (2003 թվական) հերթական տարելիցը:

1991 թվականի դեկտեմբերին նա զբաղեցնում էր Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահի պաշտոնը, որում ընտրվել էր նույն թվականի սեպտեմբերին: 1991 թվականին Ալիեւն «Կոմերսանտ-Վլաստ» ամսագրին ասել էր, որ միակ արտասահմանցի պաշտոնյան, ով շնորհավորել էր իրեն ընտրվելու կապակցությամբ, Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր:


Լուսանկարը՝ Ֆոտոլուր

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի մի քանի հանդիպում եմ լուսաբանել, որոնցից յուրաքանչյուրի հետ կապված ինչ-որ հիշողություններ կան: Բայց մի դրվագ առանձնանում է:

Մինսկում կայացած ԱՊՀ հերթական գագաթնաժողովներից մեկի կուլիսներում ավարտվել էր Քոչարյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումերից մեկը:

Քոչարյանը սովորաբար հարգալից էր խոսում Ալիեւի մասին, ուստի այն, ինչ տեղի ունեցավ նրանց հրաժեշտից հետո, ինձ համար շատ զարմանալի էր: Ճանապարհելով Ալիեւին, Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ մեզ՝ մի քանի լրագրողներիս, եւ ասաց.

- Շատ է մեծացել, չէ՞:

Հաստատեցինք, որ այո, իսկապես այդպես է:

Թվում էր, որ պատրաստվում է ափսոսանքի խոսքեր ասել:

Մեկ էլ.

- Մի անեկդոտ կա էդ թեմայով, պատմե՞մ:

Եվ պատմեց:

- Մի տարեց մարդ գալիս է բժշկի մոտ, ասում է, որ միզելու հետ խնդիրներ ունի: Բժիշկը հարցնում է՝ քանի տարեկա՞ն եք: Ասում է՝ 85: Բժիշկն էլ պատասխանում է.

«Ну а что Вы хотите, голубчик, моча кончилась».

Պատմեց ու գնաց, մենք էլ մնացինք շվարած:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին