Մեդիամաքսի 2023 թվականը ամփոփող Դեպի 25-ամյակ. միմյանց ճանաչելու եւ «խմորը» միասին հունցելու մասին սյունակում գրել էի, որ 2024 թվականի համար շատ մտքեր ու ծրագրեր ունենք: Բայց, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ այդքան արդյունավետ տարի կունենանք՝ երեւի լավագույններից մեկը Մեդիամաքսի արդեն քառորդ դար տեւող պատմության մեջ:
Ի սկզբանե որոշել էինք, որ 25-ամյակն ավանդական ձեւերով չենք տոնելու եւ փորձելու ենք հոբելյանական տարին նշանավորել կարեւոր նախագծերով:
Այս տարի երկու գիրք հրատարակեցինք՝ «ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» եւ Խորհրդային Հայաստանի 71 տարիները խճանկարի ձեւաչափով ներկայացնող «Հայկական կարմիր» գիրք-ալբոմը:
Առաջինը բեսթսելեր է դարձել: Առաջին տպաքանակը սպառվեց երկու շաբաթում, երկրորդը՝ երեք շաբաթում: Հիմա վաճառքում երրորդ տպաքանակն է եւ դինամիկան շարունակում է ոգեւորիչ մնալ՝ միայն «Բուկինիստ» գրախանութների ցանցում օրական միջինում 10 գիրք է վաճառվում:
«Հայկական կարմիրի» վաճառքը նոր է մեկնարկել, բայց արդյունքներն արդեն շատ գոհացուցիչ են:
Տարեվերջին գործարկեցինք նաեւ մեր առցանց գրախանութը, որտեղ այս պահին 6 գիրք է ներկայացված:
Այս տարի նոր ոլորտ մուտք գործեցինք եւ Skill Marketing Company-ի հետ համատեղ կազմակերպեցինք առաջին Robust Armenia կոնֆերանսը՝ «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո:
Robust Armenia-ն լինելու է ամենամյա, ցանկանում ենք, որ այն
հարթակ դառնա Հայաստանի կայուն զարգացման հարցերը մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից քննարկելու համար: Այս պահին աշխատում ենք 2025 թվականի կոնֆերանսի ծրագրի վրա:
Չեմ բացառում, որ 2025 թվականին այլ թեմաներով եւս կոնֆերանսներ կկազմակերպենք՝ այդ ուղղությունը հեռանկարային ենք համարում:
Սեպտեմբերից աշխատում ենք Մեդիամաքս մեդիա ընկերության զարգացման ռազմավարության վրա եւ նախատեսում ենք այն ավարտուն տեսքի բերել 2025 թվականի փետրվարին, որից հետո մեկնարկելու է իրականացումը: Ինչպես ասաց մեզ հետ աշխատող փորձառու միջազգային փորձագետը, «25 տարի դուք գրեթե ամեն ինչը ճիշտ եք արել՝ առաջնորդվելով բնազդով, իսկ հիմա ժամանակն է, որ կուտակած ներուժն ավելի լավ օգտագործեք՝ ավելի համակարգային պրակտիկաների միջոցով»:
Անկեղծ ասած, նախկինում թերահավատ եմ վերաբերվել ռազմավարություններին՝ նախընտրելով կիրառական գործը, բայց վերջին ամիսների աշխատանքի ընթացքում համոզվել եմ, որ իսկապես ունենք մեծ ներուժ, որը չիրացնելն անմիտ շռայլություն է:
2024 թվականին, ինչպես միշտ, փորձել ենք ուշադրության կենտրոնում պահել մարդուն՝ մեր մարդակենտրոն նյութերի ընտրանին հասանելի է այս հղումով: Մենք գրում ենք մարդկանց մասին՝ մարդկանց համար: Մեդիամաքսի հաջողության ամենակարեւոր գրավականներից մեկն այն փոխադարձ հարգանքն է, որը կա մեր եւ մեր ընթերցողների միջեւ: Ձեր կողմից գնահատված եւ սիրված լինելը ե՛ւ հաճելի է, ե՛ւ պարտավորեցնող: Վստահ եղեք, որ Մեդիամաքսում շատ լավ են հասկանում ձեր վստահության արժեքը:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: