Չարագույժ «ջան»-ը, օրենքը և մշակույթը - Mediamax.am

Չարագույժ «ջան»-ը, օրենքը և մշակույթը
5278 դիտում

Չարագույժ «ջան»-ը, օրենքը և մշակույթը


Հայերենում «ջան» բառը յուրահատուկ ճկուն է: Շեշտի, տոնի փոփոխությամբ մեր «ջանը» կարող է մեծ սիրո, մոտալուտ խնդրանքի, խիստ նկատողության, կամ չարագույժ լուրի նախերգանք դառնալ: Այդպիսի մի չարագույժ «ջան» ստացա աշնան մի անձրևոտ օր՝ գործընկերներիս հետ ճաշի ժամանակ, երբ ինձ զանգահարեց ապահովագրական ընկերությունում աշխատող նախկին կուրսեցիս.

- Անժ ջա՜ան, ո՞նց ես,- երկարացման նշանը որևէ լավ բան չէր հուշում.

- Ի՞նչ է պատահել,- միանգամից հարցրեցի ես։

Պատահել էր այն, որ ընտանիքիս անդամներից մեկի մեքենան վթարի էր ենթարկվել, վարորդին տեղափոխել էին հիվանդանոց:

Թվում է, թե արդեն սովորական է դարձել վթարների մասին լուրեր կարդալը, իսկ եթե մի բան սովորական է դառնում, դադարում ենք դրան մեծ ուշադրություն դարձնել, մինչդեռ ամեն վթարը մի քանի մարդու խեղված ճակատագիր է։

Հայաստանում 2023թ․ գրանցվել է 4613 ճանապարհային պատահար, որի արդյունքում 6537 մարդ վիրավորվել է, 378-ը՝ զոհվել։

Իսկ ինչո՞ւ է այդպես։

«Իմ մեքենան՝ իմ կանոնները»

Չգիտեմ՝ նկատել եք, թե ոչ, բայց մեքենայով երթևեկելիս՝ վարորդն ակամա լիդերի և կանոններ թելադրողի դերում է հայտնվում․ մեքենայի ուղևորները, գիտակցված, թե ոչ, ընդունում են այդ առաջնորդությունը։

«Էդ ամրագոտին ինչի՞ ես գցում․ նեղացնում ես», «Հանգիստ եղիր, ես հանգիստ եմ քշում», «Իյա, չե՞ս վստահում»․ եթե վարորդների կողմից կյանքում գոնե մի անգամ այս արտահայտությունները չեք լսել, համարեք՝ բախտավոր եք։

Իրականում սեփական համոզմունքներում բավական ինքնավստահ պետք է լինել, որպեսզի տեղի չտալ վարորդի կամ մյուս ուղևորների ապշած հայացքներին, երբ, օրինակ, ետևում նստելով՝ ամրակապվում եք, բայց, քանի որ մենք ավելի շատ կոլեկտիվ մտածողությամբ հասարակություն ենք, որպես կանոն, գնում ենք հոսանքի ուղղությամբ։

«Ինչպես կարողանում եմ, այսպես էլ ինքնահաստատվում եմ»

Մեքենան արդեն վաղուց դադարել է միայն տեղափոխման միջոց լինելուց։ Մեքենա արտադրող ընկերություններն իրենց ապրանքը հաճախ փաթեթավորում են որպես ինքնավստահության, կայացվածության, բրուտալության, շքեղության խորհրդանշաններ, ինչը դատապարտելի չէ այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության շրջանում բրուտալության և ինքնավստահության ցուցիչներն աղավաղված չեն։ Ցավոք, մեր հասարակության մի ստվար հատվածում դեռևս հաղթահարված չէ օրենքից դուրս լինելու հաշվին կայացած երևալու քայքայիչ մշակույթը։ Որքան էլ անակնկալ լինի, նույնիսկ իրականում կայացած մարդիկ չեն կարողանում իրենց մեջ հաղթահարել հասարակության, պոպուլյար մշակույթի կողմից պարտադրվող ճնշումը։

«Մեքենայիս մեջ՝ ինչպես ամրոցում»

Հետաքրքիր է հետևել, թե մեքենան ինչպես է մարդկանց դեմքից զրկում՝ նրանց մոտ ստեղծելով իրենց ամրոցում թաքնված լինելու զգացողություն, ինչը կարող է անպատժելիության պատրանք ստեղծել։ Սա կարելի է համեմատել սոցիալական մեդիայում մարդկանց վարքագծի հետ․ երբ դեմ առ դեմ կանգնած չեն, միմյանց չեն տեսնում՝ նրանց վարքագիծը կարող է ավելի ագրեսիվ լինել։

Երբ հետիոտները քայլելիս խանգարում են միմյանց, դժվար թե մեկը մյուսի ուղղությամբ վիրավորական արտահայտություն նետի։ Ամենայն հավանականությամբ՝ ներողություն կխնդրեն, ճանապարհը կզիջեն և կանցնեն առաջ։ Իսկ ի՞նչ պատկեր է լինում, երբ միևնույն մարդիկ մեքենաների մեջ են սկսում միմյանց խանգարել։ Կրկին՝ եթե չեք բախվել վարորդների միջև հայհոյանքների հրաձգությանը, համարեք՝ բախտավոր եք։

«Ընդամենը սովորություն չունեմ կամ հարմար չէ»

Շատ դեպքերում ամեն ինչ ավելի պարզ է․ ուղղակի ամրակապվելու ձևավորված սովորություն չկա։ Այնպես, ինչպես տուն մտնելիս՝ ավտոմատաբար ձգվում ենք դեպի լվացարանը, այնպես էլ մեքենա նստելիս ամրակապվելը պետք է սովորություն դառնա։ Հավատացեք, մեկ շաբաթ ամեն օր ամրակապվելուց հետո կսկսեք զգալ, որ առանց դրա արդեն ապահով չեք զգում։ Ինչ վերաբերում է հարմարությանը, այո՛, երբեմն կարող է նեղություն տալ, իսկ էսթետների կյանքը կարող է մի փոքր բարդացնել, քանի որ հագուստի ձևից կախված՝ ամրակապվելու արդյունքում շորը գուցե ևս մեկ անգամ արդուկելու կարիք ունենա։ Բայց, հաշվի առնելով, որ ամրակապվելը նվազեցնում է ճանապարհային պատահարից մահանալու հավանակությունը շուրջ 50%-ով (ԱՀԿ-ի տվյալներով), կարծում եմ, դա ընդունելի զոհողություն է։

«Վատ բաները միայն ուրիշների հետ են լինում»

Գուցե չհավատաք, բայց նույնիսկ ամենավատատես մարդիկ իրականում լավատես են, այն պարզ պատճառով, որ դա մարդու գոյատևման ռազմավարություններից է։ Մի պահ պատկերացրեք՝ եթե մենք ամբողջ օրը մեզ մոտ զգայինք աշխարհում եղած տարբեր վտանգներին, երևի կխելագարվեինք։ Ինչպես ճանաչողական կանխակալությունների մեծ մասը, լավատեսության կանխակալությունը ևս պաշտպանում է մարդու օրգանիզմը տարատեսակ հոգեբանական սթրեսներից, բայց ինչ-որ պահի այն սկսում է արջի ծառայություն մատուցել։ Մեզ թվում է, թե վատ բաները միայն ուրիշներին են պատահում, և մենք ապահովագրված ենք դրանցից։ Ժողովուրդն ասում է՝ «փորձանքը մի անգամ է գալիս», բայց այդ մի անգամը կարող է ճակատագրական դառնալ։  

...Կուրսեցուս զանգից հետո չեմ էլ հիշում, թե ինչ արագությամբ եմ սրճարանից դուրս թռել՝ զուգահեռաբար զանգահարելով հարազատիս։ Բարեբախտաբար, ոչ մի լուրջ վնասվածք չկար․ հարազատս ամրակապված էր:

Հ․Գ․ Ճանապարհային անվտանգությունը բարդ ոլորտ է․ այստեղ բացի մարդկային վարքագծից կարևոր են նաև ենթակառուցվածքները, օրենքի պարտադրումը և մի շարք այլ գործոններ, որոնք այս սյունակի քննարկման նյութ չեն դարձել։

Անժելա Կժդրյանը ԵՊՀ դասախոս է, ռազմավարական հաղորդակցության մասնագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին