Ջերեջյանն ու Միկոյանը - Mediamax.am

Ջերեջյանն ու Միկոյանը
3158 դիտում

Ջերեջյանն ու Միկոյանը


Մի քանի ամիս առաջ «Նորագույն պատմություն» նախագծի հեթական գլուխներից մեկը նվիրել էինք պաշտոնաթող դիվանագետներ Պիտեր Ռոզենբլատի եւ Էդվարդ Ջերեջյանի «խորհրդավոր այցին» տարածաշրջան, որը տեղի էր ունեցել 1999 թվականի սկզբին՝ քառորդ դար առաջ:

Այն ժամանակ չէի կարող ենթադրել, որ այս տարի հնարավորություն կունենամ եւս մեկ անգամ հանդիպել դեսպան Ջերեջյանի հետ եւ նրա հետ հարցազրույց վարել:

Նախկինում նրա հետ զրուցել էի 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո եւ 2017-ին:

2017 թվականին Ջերեջյանը Հայաստան էր եկել Խորհրդային Միությունում ԱՄՆ վերջին դեսպանի՝ մեկ այլ լեգենդար դիվանագետ Ջեք Մեթլոքի հետ: Այդ այցի ժամանակ նա պատմել էր, որ 1963 թվականին, երբ դեռ սկսնակ դիվանագետ էր, հերթական անգամ ԱՄՆ էր ժամանել Անաստաս Միկոյանը եւ պետք է հանդիպեր նաեւ պետքարտուղարի հետ:

«Հայրս ինձ պատմեց Միկոյանի մասին եւ ասաց, որ լավ կլիներ ես էլ հանդիպեի նրան: Սպասեցի մինչեւ Միկոյանի հանդիպումը պետքարտուղարի հետ ավարտվի, նրան մոտեցա նեղ միջանցքում ու հայերեն ասացի. «Պարոն Միկոյան, ինչպե՞ս եք»: Միկոյանը կանգ առավ, զարմացած նայեց ինձ եւ հարցրեց. «Իսկ դո՞ւ ով ես»: Ներկայացա: Միկոյանը հարցրեց. «Փաստորեն հա՞յ ես»: Լսելով իմ դրական պատասխանը՝ նա ձեռքը դրեց ուսիս եւ ասաց, որ ուրախ է, որ Ամերիկայում հայերի գործերը լավ են»,- պատմել էր Էդվարդ Ջերեջյանը:

2017 թվականին Անաստաս Միկոյանի՝ ԱՄՆ կատարած այցերի մասին հրապարակումների շարք էինք ունեցել: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել էր մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ:

Նյութերն ուսումնասիրելիս՝ գտանք Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեցինք «Միկոյանը ԿՀՎ աչքերով» շարք պատրաստել: Եթե չեք կարդացել, խորհուրդ եմ տալիս, շատ հետաքրքիր վկայություններ կան:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին