Մի քանի օր առաջ Մեդիամաքսի գրասենյակում հյուրընկալել էինք FAST հիմնադրամի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանին: Վիվա-ՄՏՍ-ի գործընկերությամբ իրականացնում ենք «Մեկնարկի՛ր» կրթական ծրագիրը ավագ դպրոցների աշակերտների համար, եւ Սյուզաննան նրանց պատմում էր, թե ինչպես կարելի է խուսափել ստարթափ հիմնելու ընթացքում ամենատարածված սխալներից:
Նախքան հանդիպման մեկնարկը դպրոցականներին պատմեցի, որ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ նրանց գործընկերները որոշեցին Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանը նպաստող հիմնադրամ ստեղծել 2016 թվականի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Այն ժամանակ Ռուբենի հետ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել: Այս հարցազրույցը, որը FAST-ի ծնվելու մասին առաջին պաշտոնական հիշատակումն էր, խմբագրել եւ վերախմբագրել ենք մի քանի տասնյակ անգամ: Առավել քան վստահ եմ, որ FAST-ը, որը թեեւ դանդաղ, բայց հաստատակամորեն խաղի կանոններ է փոխում, Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու պատճառներից մեկն է:
9 տարի առաջ այս օրը Նյու Յորքում պաշտոնապես մեկնարկեց 100 LIVES նախագիծը՝ BeArmenian, BeAlive կարգախոսի ներքո: Կարգախոսի հեղինակը Նուբար Աֆեյանն էր, ով իր ընտրությունն այսպես էր բացատրում.
«Տոկունություն, ապրելու կամք ու երախտագիտություն. ահա հայերի հատկանշական գծերը։ Սակայն այդ հատկանիշները բացառիկ չեն հայերի համար, դրանք կան բոլոր մարդկանց մոտ: Մենք մշակել ենք BeArmenian, BeAlive [«հա՛յ եղիր, կենդանի՛ եղիր»] գաղափարը՝ բյուրեղացնելու մարդկային ոգու զորությունը։ Ոչ միայն մեզ՝ հայերիս, այլեւ բոլորի համար»:
Նախաձեռնության մեկնարկից մի քանի օր առաջ Ռուբեն Վարդանյանի հետ մեկ այլ հարցազրույց էի արել, որտեղ նա, մասնավորապես, ասել էր.
«Այսօրվա Հայաստանը միջակ երկիր է միջակ հավակնություններով եւ սփյուռքի շատ հայերի մոտ ոչ հպարտություն է առաջացնում, ոչ էլ անհանգստություն իր ապագայի վերաբերյալ: Այժմ սփյուռքում Հայաստանի հանդեպ հիասթափության զգացում չկա, դա ավելի շատ կարելի է անվանել անտարբերություն, ինչը, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է, քան բացասական վերաբերմունքը, քանի որ որեւէ զգացմունք չի պարունակում»:
Հիշեցնեմ, որ այն ժամանակ մենք չգիտեինք, որ մեկ տարի անց լինելու է Ապրիլյան պատերազմը, իսկ 5 տարի անց՝ 44-օրյա պատերազմը:
Կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է նաեւ BeArmenian, BeAlive գաղափարը առաջ տանելու համար: Այն, ինչը Ռուբենը փորձում էր Արցախում անել 2022-ի սեպտեմբերից մինչեւ 2023-ի սեպտեմբերը, այդ կարգախոսին միս ու արյուն տալն էր: Ինձ թվում է, որ շատ խելացի մարդ լինելով, հոգու խորքում նա հասկանում էր, որ իր պայքարը հաջողությամբ չի պսակվելու: Բայց նա նախընտրեց պայքարը անգամ այն դեպքում, երբ մեծամասնությունը հեգնանքով կամ քմծիծաղով էր վերաբերվում իր ջանքերին: Ու հենց այդ պատճառով է նա այսօր Բաքվի բանտում․ BeArmenian, BeAlive կարգախոսը, որից, վստահ եմ, Ռուբենը չի հրաժարվի երբեք, ավելի վտանգավոր է նրա գլխավոր բանտապետի համար, քան այն պայմանական «ռեւանշիստական տրամադրությունները», որոնց մասին վերջինս հաճախ խոսում է:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: