Նիկոլայ Մանուկյան. Սկսում ես մի կտավ, ավարտում ես մի ուրիշը - Mediamax.am

Նիկոլայ Մանուկյան. Սկսում ես մի կտավ, ավարտում ես մի ուրիշը
4084 դիտում

Նիկոլայ Մանուկյան. Սկսում ես մի կտավ, ավարտում ես մի ուրիշը


«Իրատեսում» աշխատելիս խմբագրություն հաճախ չէի գնում, տնից էի նյութերն ուղարկում: Իսկ ամեն գնալիս՝ ինչ գործով էլ գնայի, ամենակարևոր «գործը» խմբագրի՝ Փիրուզա Մելիքսեթյանի, աշխատասենյակի կտավներն ուսումնասիրելն էր: Կտավները հաճախ էին փոխվում, «գործ» միշտ կար: Այնպես չէր, որ ամեն ինչ հասկանում էի այդ կտավներում, բայց կար մի տարօրինակ ձգողականություն՝ հիշվում էին: Երբեմն մտածում էի՝ ես ինչպե՞ս կնկարեի, ես ի՞նչ գույներ կընտրեի, ես ու՞ր կտանեի անկապ ու անվերջ թվացող, բայց հմայիչ ու անբեկանելի գծերը, ես, որ կյանքում չեմ նկարել՝ չհաշված ձանձրալի կոնֆերանսների ժամանակ գրիչով խզմզած գլուխներն ու դեմքերը (թերևս ես «զարգացնում է»՚ ծաղրանկարչությունը):

Նիկոլայ Մանուկյանը, որ նկարչական աշխարհում հայտնի էր իբրև Նիկօ, «Իրատեսի» գեղարվեստական խմբագիրն էր ու խմբագրության պատերը համարյա միշտ նրա կտավների գործող ցուցահանդես էին: Ծնվել էր 1946-ին, Թբիլիսիում, գեղանկարչություն ուսանել էր Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում, ապա՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: 1972-ից որպես նկարիչ-ձևավորող աշխատել է Հայֆիլմի մուլտիպլիկացիոն խմբում, «Պիոներ կանչ», «Հայություն», «Ոզնի», «Սովետական Հայաստան», «Իրավունք», «Զարուհի» և այլ պարբերականների գեղարվեստական խմբագիրն էր եղել: 14 տարի Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի գլխավոր նկարիչն էր:

Ձևավորել է 1000-ից ավելի գրքեր, անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում՝ ՌԴ, Ճապոնիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Հունաստան, Կանադա… Իմ հարցազրույցը նրա հետ 2013-ին էր և հրապարակվեց թերթում «Իմ ամեն կտավի տակ երբեմն երկու-երեք կտավ կա» վերնագրով:

***

-Կենդանակերպի Ձեր նշանը ո՞րն է:

-Այծեղջյուր:

-Ձեր կյանքում որևէ կերպ արտահայտվե՞լ է Այծեղջյուր լինելը:

-Չեմ դժգոհում իմ կյանքից, ուրեմն արտահայտվել է: Ինքս իմ մասին այդքան խոր չեմ մտածել: Գուցե արտահայտվեց այն ժամանակ, երբ թողեցի ճարտարապետությունն ու արվեստը և երրորդ կուրսից հեռացա ինստիտուտից: Դասախոսներս զարմացել էին, Վարազդատ Հարությունյանն առաջարկում էր ակադեմիական արձակուրդ վերցնել, որ նկարչական չընդունվելու դեպքում վերադառնամ: Բայց ընդունվեցի Լենինգրադի ակադեմիայի նախապատրաստական կուրսեր, իսկ ավարտեցի Թբիլիսիում:

-Հետահայաց գնահատականով՝ ճի՞շտ էր այդ որոշումը:

-Որ հաճույքով ես զբաղվում քո գործով, ավելի մեծ երջանկություն չկա:

-Ի՞նչ է Ձեզ համար նկարչությունը, ինքնահաստատման հասե՞լ եք նկարչության մեջ՝ Ձեր գնահատականով:

-Ռուսները լավ խոսք ունեն՝ դար ապրիր, դար սովորիր: Ինձ չի հետաքրքրել մի կետի հասնել ու կանգ առնելը: Կան նկարիչներ, որ գտնում են իրենց հունը ու գնում են, ինձ հետաքրքրում է որոնումը: Տեղում մնալը նման է անթիկնակ աթոռ սարքելուն՝ ընդունվել է վաճառքի, սպառում ունի, արտադրիր որքան կարող ես: Բայց նստելու համար կա թիկնաթոռ, բազկաթոռ, գահավորակ, ի վերջո՝ բազմոց: Պիտի նորություն լինի, որ քեզ իր հետևից տանի: Կհասնես ինչ-որ տեղ, թե չես հասնի՝ հայտնի չէ, բայց պիտի գնաս: Ես չեմ հասկանում այն նկարիչններին, որ ասում են՝ առավոտյան ժամը 8-ին արթնանում եմ, սուրճ եմ խմում, զբոսնում եմ շանս հետ կամ մենակ ու տուն եմ գալիս՝ նկարակալի առաջ կանգնելու, հետո ճաշում եմ, զբոսնում եմ ու վերադառնում եմ նկարակալի առաջ՝ նկարելու: Ես չեմ մոտենում նկարակալին, քանի դեռ նկարելու պահանջ չունեմ: Միշտ կարելի է կտավը քսմսել, բայց հենց այնպես քսմսել չեմ ուզում:

-Այսօր Հայաստանում նկարչության ազգային դպրոց կա՞:

-Հայաստանը այն երկրներից է, որտեղ նկարչությունը ազգային նկարագիր է: Տեսեք՝ ինչքան նկարիչ ունենք այս փոքրիկ հանրապետությունում: Ինչքաններն են դրսում: Եվ՝ լավ նկարիչներ, ճանաչում ունեցող: ԽՍՀՄ-ի ժամանակներում նկարիչների կյանքը բոլորովին այլ կազմակերպում ուներ, դա չպահպանվեց: Ճիշտ է՝ այն ժամանակ 40-50 տարեկանին դեռ ասում էին երիտասարդ նկարիչ և իրենից մեծերն էլ կային, բայց պետությունը կազմակերպում էր նկարիչների կյանքը՝ նրանցից նկարներ էր գնում, պատվերներ էր տալիս (հիմնականում թեմատիկ պլակատներ, բայց դա վճարովի աշխատանք էր), նկարիչներն իրենց տեղն ունեին մամուլում՝ առանց գեղարվեստական խմբագրի թերթ ու ամսագիր չկար, և դա ձևական հաստիք չէր՝ իրենց գործն ունեին ու անում էին՝ մակետի, շարվածքի ու տառատեսակի, շապիկի ու վերնագրերի խնդիրներ կային: Այսօր այդքան թերթ չկա, որ բոլոր նկարիչներն աշխատանք ունենան, իսկ այն ժամանակ որևէ նկարիչ ներկի խնդիր չուներ, որևէ նկարիչ ներկ չէր վաճառում, որ հաց առներ, որովհետև ներկը նկարչի համար իր աշխարհի սկիզբն է: Ինչու՞ պիտի նկարիչը փողոցում կանգնի ու իր կտավը վաճառի, ի՞նչ Վերնիսաժ: Նկարչի տեղը նկարակալի առաջ է, նա ոչ վաճառական է, ոչ մենեջեր:

-Նկարիչների միությունը չի՞ ապահովում այն գործառնությունները, որ առաջ ստանձնել էր պետությունը:

-Մի ժամանակ ինչ-որ գործ արվում էր, երբ պետությունից փող էին ստանում: Կտավներ էին գնում: Լավ է, որ շենքը նորոգեցին, նորմալ ցուցադրման պայմաններ ստեղծվեցին, բայց դա շատ քիչ է:

-Դուք նկարիչների միության անդա՞մ եք:

-Ոչ, Ժուռնալիստների միության անդամ եմ, որովհետև «Պիոներ կանչից» սկսած՝ աշխատել եմ մամուլում, իսկ Նկարիչների միության անդամ չեն ընդունել տեխնիկական պատճառաբանությամբ՝ երբ վերադարձա Թբիլիսիից, դիմեցի, մերժեցին, որովհետև Երևանի գրանցում չունեի: Ես կարող եմ Երևանում ոչ մի օր չապրել, բայց Հայաստանի նկարիչների միության անդամ լինել իբրև հայ նկարիչ: Հազարից ավելի գրքեր եմ ձևավորել, մրցույթների եմ մասնակցել, մրցանակներ եմ ստացել արտասահմանում, իսկ Նկարիչների միությունում դեռ պիտի գործերդ քննեն, քննարկեն, որ որոշում կայացնեն:

-Ինքնարտահայտման համար այսօր Հայաստանում նկարիչն ի՞նչ պրոբլեմ ունի:   

-Ֆինանսական: Ֆինանսական: Ֆինանսական: Պետությունը բացարձակ անտարբեր է իր նկարչի նկատմամբ, նրա կտավնների ցուցադրությանն ու վաճառքին չի աջակցում իր գերատեսչությունների ու կառույցնների միջոցով: Նավթն ու գազը չեն պահել ժողովրդին, ժողովրդին պահել է իր մշակույթը, գաղթի ժամանակ՝ ժողովուրդը իր ունեցվածքը թողած՝ վանքի դուռն է շալակած փախցրել-փրկել, գրքերն է վրան կապած՝ բերել: Ստեղծագործական խնդիրները նկարիչը իր համար կլուծի, ֆինանսականը նրա միայնակ լուծելու հարցը չէ: Պետությունը պետք է մշակույթին տերություն անի: Արտասահմանում ո՞նց է: 3-4 ամիս հրավերով աշխատեցի Գերմանիայում, ապրում էի Ախենում ու տեսա՝ ինչ մանրամասն մտածված է պետությունը կազմակերպում իր արվեստագետի կյանքը: Տարեկան երկու աշխատանք Ռատուշան քեզնից գնում է, դու ունես ներկի փող, քո ընտանիքը կուշտ է ու հագնված, բոլոր հարկերը պետությունը մուծում է: Նվազագույն պայմանները պետությունը քեզ համար ստեղծում է, ստեղծագործիր՝ առանց օրվա հացի, ներկի փողի մասին մտածելու: Նկարը վաճառելն էլ նկարչի գործը չէ: Մշակույթի ինչ-որ կառույց պիտի ունենաս, որ այդ խնդիրները լուծի:

-Դուք այսօր զբաղվում եք թերթի ձևավորմամբ, Ձեզ համար դա նկարչության շարունակությու՞ն է:

-Թերթը պիտի ձևով ու բովանդակությամբ ներդաշնակ լինի, դա նախևառաջ հարգանք է ընթերցողի նկատմամբ: Այսօր թերթերը համարյա թե չեն ձևավորվում, առավելագույնը՝ ամեն նյութի հետ մի նկար է դրվում՝ կապ ունի, թե չունի նյութի բովանդակության հետ: Մատուցման ձևը շատ կարևոր է:

-Նկարչի Ձեր կյանքում «Իրատես դե ֆակտոն» ի՞նչ դեր ունի:

-Ամեն օր շարժման մեջ լինելու: Չճահճանալու: Թերթի կոլաժներն ու ձևավորումը հենց այնպես չեն ստեղծվում, նյութերը կարդում եմ, որ ձևավորման թեման գտնեմ: Իհարկե, բոլոր նյութերը չէ, որ ձևավորում են պահանջում: Հարցազրույցների ձևավորումը, օրինակ, լուսանկարով ավարտվում է:

-Ձանձրալի չէ՞ այդքան նյութ կարդալը:

-Ոչ, եթե սիրով ես անում: Եթե գործն անում ես անելու համար, դաժան է: Սիրով արած գործը անպատմելի հաճույք է պատճառում:

-Հե՞շտ եք նկարում:

-Երբեմն այնքան եմ տարվում, սկսում եմ գույները չտարբերել՝ աշխատում  եմ, աշխատում եմ հավեսով, բայց սկսում եմ ոչինչ չտեսնել՝ լավ եմ անում, վատ եմ անում, թողնում եմ կտավը, գնում եմ այգում աշխատելու, մի երկու ժամ, հանգստացած աչքով վերադառնում եմ՝ կամ ջնջում եմ նկարածս, կամ փոխում եմ: Իմ ամեն կտավի տակ երբեմն երկու-երեք նկար կա, սկսում ես մի կտավ, ավարտում ես մի ուրիշը: Հանքափորի պես պիտի փորես, փորես մինչև հանքի մեջ ոսկեհատիկը գտնես:

-Երբ փողոց եք դուրս գալիս ու նկարչի աչքով նայում եք ի՞նչ Երևան եք տեսնում:

-Երևանն իր տեսքը փոխել է, ինչքան էլ գույնզգույն ներկեն, հին Երևանը չկա: Որևէ քաղաք, եթե չի պահպանել իր հին հատվածը, ինքն իրեն չի հարգում:

-Հին Երևանը կա՞:

-Կար՝ քանդեցին: Այն մարդը, ում համար ճարտարապետական լավագույն կառույցը գոմն է եղել, հիմա փողի համար ինչ տեսնում՝ հերն անիծում է: Ճարտարապետության մեջ կա Քամիների վարդ հասկացությունը, որ նշանակում է քամիների ուղղությունը հաշվարկել: Թամանյանը նախագծելիս նկատի էր ունեցել, թե որտե՞ղ, ի՞նչ բարձրությամբ շենքեր պետք է կառուցել, որ քամին աշխատի: Այսօրվա Երևանում առավոտից սմոգը նստած է: Իսկ քաղաքի ինքնատիպ կոլորիտը ընդհանրապես լուսանկարներում մնաց:

-Թամանյանի Երևանը ուրի՞շ էր:

-Երևանցու Երևանն էր ուրիշ: Անգամ նախկին Նարիմանովի հողածածկ տնակները ավելի շատ դիմագիծ ունեին, քան այսօրվա բարձրակարգ ճարտարապետների նախագծած բարձրահարկերը: Հին քաղաքում ամեն ինչ իր համուհոտն ուներ, այդ պատճառով էլ իր Կարաբալաներն ուներ, հիմա՝ ոչ: Լուսավորված ցուցափեղկերի գեղեցկությունը չի սքողում քաղաքի դատարկությունը: Երևանն այսօր մեկ-երկու օրից ավելի պատմելու բան չունի: Համեմատեք Թբիլիսիի հետ, որ պահպանել է պատմական դեմքը: Ճիշտ է, նրանք էլ նորակոռույցներ ունեն՝ նոր եկեղեցին, նախագահի պալատը, Քուռի վրայի կամուրջը, որ նման է տորթի վրա դրված արդուկի:

-Թամանյանի կառուցած հրապարակը կորցրեց տեսքն ու հեռանկարը, երբ շրջապատվեց անկապ ու անկարգ բարձրահարկերով:

-Ցածրն էլ պետք է այդ ոճի մեջ կառուցվեր: Հրապարակը այսօր խեղդված է: Նարեկ Սարգսյանը Երևանի հերն անիծեց: Հյուսիսային պողոտայի կատակոմբները Ձեզ դու՞ր են գալիս: Քաղաքն ամբողջ լույսերի մեջ է գիշերը, այդ հատվածում կարծես լուսաքողարկում է: Երևանին պակասում է երևանցին, դա հասկանալու համար պետք չէ նկարիչ լինել:  

***  

…Եվ մեզնից ոչ ոք չգիտեր, որ հարցազրույցից ընդամենը հինգ տարի անց՝ 2018-ի դեկտեմբերի 6-ին, Նիկոլայ Մանուկյանը ծանր հիվանդությունից հետո կհեռանա մեզնից ու իր կտավներից: Եվ հինգ ամիս անց՝ 2019-ի մայիսին Երևանում Նկարչի տանը կբացվի նրա մեծ ցուցահանդեսը… Ապրելու կմնան սքանչելի կտավները և հիշողությունը նկարչի, նրա գույների ու գծերի ինքնատիպ պատմության մասին, որ չունի ավարտ: 
 
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին